ՎԻՔԻՆԵՐ

Վիքին վեբ կայքի տեսակ է, որի կառուցվածքն ու բովանդակությունը օգտագործողները կարող են միասին փոփոխել: Փոփոխումը և լրացումը կատարվում են վիքի կայքերի տրամադրած հարմարավետ գործիքների օգնությամբ:

Վիքիների առանձնահատկություններից մեկն այն է, որ գրված նյութերը իրար հետ սերտորեն կապվում են հղումների միջոցով, ստեղծելով մի կուռ ցանց: Հղումները, որպես կանոն, ինքնուրույն են գեներացվում: Այսպես, եթե ունենք Վարդան Մամիկոնյանի մասին նյութ, ապա ստեղծում ենք «Վարդանանքի» մասին նյութ, որտեղ հիշատակվում է Վարդան Մամիկոնյանի անունը, ապա մեքենայորեն այդ անունը դառնում է հղում դեպի Մամիկոնյանի մասին նյութը:

Վիքի տիպի կայքերի ամենահայտնի օրինակը վիքիպեդիան է (http://wikipedia.org): Այս կայքը ազատ բազմալեզու հանրագիտարան է, որը լրացվում է հենց կայքի այցելուների կողմից: Վիքիպեդիա անվանումը գալիս է վիքի (wiki) տեխնոլոգիայի անվան և էնցիկլոպեդիա (հանրագիտարան) բառերի միացությունից: Այսօր արդեն վիքիպեդիան աշխարհի ամենամեծ հանրագիտարանն է, նրանում կա ավելի քան 13 միլիոն հոդված, այդ թվում՝ ավելի քան 5500 հայերեն հոդված: Ցավոք, հայերեն հոդվածների, նյութերի թիվը դեռևս խիստ զիջում է այլ լեզուներին, բայց հայ օգտագործողները աստիճանաբար այն լրացնում են: Հայերեն վիքիպեդիան հասանելի է http://hy.wikipedia.org հասցեով:

Հանրագիտարանի բաց լինելը և բոլորի կողմից լրացվելու ու խմբագրվելու հնարավորությունը, թվում է, թե հակասում է հավաստի նյութի մատուցմանը, քանի-որ ամեն ոք կարող է մտնել ու գրել ինչ պատահի: Եվ իսկապես, գրանցվել են նաև բազում դեպքեր, երբ ոչ միայն պատահական, այլև դիտավորյալ լրացվել են կեղծ տեղեկություններ, ոչ հավաստի տվյալներ: Այս երևույթը վիքիպեդիայում ստացել է վանդալիզմ (մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացում, վնասում) անունը, վիքիպեդիայում կա դրան նվիրված առանձին հոդված: Սակայն ինչպես ցույց է տվել փորձը, նման հոդվածները կարճ կյանք են ունենում: Այցելուների թիվն այնքան մեծ է, որ միշտ նման հոդվածները հայտնաբերում ու շտկում են ոլորտի մասնագետ այցելուները, և ստացվում է, որ վիքիպեդիան միշտ մատուցում է արժանահավատ տեղեկատվություն:

Հարկավոր է նշել, որ վիքիպեդիայում գրված հոդվածները հեղինակային իրավունքից ազատված են, դրանք տեղադրողները չունեն հոդվածների նկատմամբ հեղինակային իրավունք, և նյութը կարող է ազատ օգտագործվել:

Վիքիների մեկ այլ հայտնի օրինակ է http://www.wiktionary.org/ կայքը (հայերեն՝ վիքիբառարան): Այս կայքն իր կառուցվածքով նման է վիքիպեդիային, բայց, ի տարբերություն վերջինիս, ոչ թե հանրագիտարան է, այլ՝ բառարան:

Բառարանն ընդգրկում է ավելի քան 170 լեզու: Միայն ֆրանսերեն բառարանում առկա է ավելի քան 1.5 միլիոն գրառում: Ֆրանսերենը այսօրվա դրությամբ վիքիբառարանում ընդգրկված ամենամեծ բառարանն է: Հայերեն վիքիբառարանում (http://hy.wiktionary.org) ձեռնարկի պատրաստման ընթացքում ներառված էր մոտ 7000 բառ, և այդ թիվը գնալով ավելանում է:

Հարկ է նշել, որ վիքիբառարանում առկա է թե՛ բացատրական բառարան, թե՛ մի լեզվից մյուսին թարգմանող:

Վիքիների ևս մեկ հայտնի օրինակ է http://www.wikisource.org կայքը (հայերեն՝ վիքիդարան): Այս կայքի նպատակը առցանց գրադարան ստեղծելն է, որտեղ տեղադրվում են հեղինակային իրավունքից ազատ գրական, պատմական գրքեր, վեպեր, պատմվածքներ, հեղինակների կենսագրություններ և այլն: Հայերեն վիքիդարանում (http://hy.wikisource.org) այսօր արդեն առկա է ավելի քան 1200 տեքստ:

Եվս մեկ հարմար նախագիծ է http://www.wikibooks.org-ը, որը նախատեսված է տարբեր, այդ թվում գիտական, հեղինակային իրավունքից ազատ գրքերի հրապարակման համար: Հայերեն վիքիգրքերում (http://hy.wikibooks.org) ձեռնարկի պատրաստման պահին առկա էր մոտ 40 գիրք:

Վիքին դպրոցական խմբային գրավոր աշխատանքների համար Վեբ 2.0-ի հրաշալի մի գործիք է:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Եթե համացանցում հայերենով որևէ նյութ եք փնտրում և այն չեք գտնում վիքիպեդիայում, իսկ հետո այլ աղբյուրներից գտնելով, ինքներդ եք կազմում այդ նյութը, ավելացրեք այն վիքիպեդիայում, եթե, իհարկե, ձեր օգտագործած նյութերը պաշտպանված չեն հեղինակային իրավունքով: Դրանով դուք կօժանդակեք վիքիպեդիայի հայկական տիրույթի ընդլայնմանը, ինչպես նաև կվարժվեք հոդվածներ կազմելու գործում:

Ազատ ժամանակ լրացրեք նաև այլ վիքի նախագծերի հայկական տիրույթները: