ՎԵԲ 2.0

Համացանցի զարգացումն ընթանում է արագ տեմպերով և մեր աչքի առջև: Նախկինում համացանցը կարող էինք համեմատել թվային թերթի հետ: Մենք կարող էինք բացել այդ թերթն ու նայել դրա էջերի բովանդակությունը, սակայն բովանդակության փոփոխության կամ փոխազդեցության հնարավորություն չունեինք: Բովանդակության հեղինակների հետ էլ, սովորաբար, լուրջ կապ հաստատել չէր լինում, լավագույն դեպքում պետք է սահմանափակվեինք էլ-փոստի միջոցով խմբագրի կամ այն ստեղծողի հետ կապվելով: Այսօր համացանցն էապես տարբերվում է ինչպես իր կառուցվածքով, այնպես էլ կիրառական բազմազան հնարավորություններով: Այսօրվա համացանցը կարող ենք համեմատել մի կտավի հետ, որտեղ յուրաքանչյուր օգտագործող իր երանգն ավելացնելով հարստացնում է այն: Ժամանակակից կայքերի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այցելուն ոչ թե լոկ դիտորդի դերում է, այլ՝ մասնակցի:

Թեև «վեբ 2.0» (web 2.0) տերմինն առաջին անգամ ներմուծվել է 1999թ.-ին, բայց դրա լայն կիրառումն ու տարածումը սկսվել է 2004թ.-ից, Թիմ Օ Ռեյլիի (Tim O’Reilly) Օ Ռեյլի մեդիա (O’Reilly Media) ընկերության կազմակերպած «Վեբ 2.0» կոնֆերանսում այդ տերմինը կիրառելուց հետո:

Թիմ Օ Ռեյլին «վեբ 2.0» հասկացությունը սահմանում է այսպես. «Սա այնպիսի համակարգերի նախագծման ձև է, որոնցից որքան շատ մարդ է օգտվում, այնքան դրանք ավելի լավն են դառնում»: Իրականում որակի գնահատականը միշտ չէ, որ համապատասխանում է վեբ 2.0-ի նախագծերին, և ավելի ճիշտ է ասել, թե որքան շատ մարդ է մասնակցում, նախագիծն այնքան ավելի հագեցած է դառնում տվյալներով:

«Վեբ 2.0» հասկացությունը հստակ սահմանում չունի, և չի կարելի հստակ ասել, որ այն համաշխարհային սարդոստայնի նոր տարբերակն է: «Վեբ 2.0»-ի շատ հնարքներ ու գաղափարներ ծնվել ու իրականացվել են մինչև այդ տերմինի ներմուծումը: Ըստ որոշ գնահատականների, «վեբ 2.0»-ը համաշխարհային սարդոստայնի բնականոն զարգացումն է, և, օրինակ, Թիմ Բյորներս-Լին «վեբ 2.0» տերմինն անվանում է ժարգոնային արտահայտություն, ասելով, որ ոչ մեկը չգիտի, թե դա ինչ է նշանակում:

Ու չնայած սրան, «վեբ 2.0» տերմինն արդեն լայնորեն կիրառվում է, և շատ մասնագետներ այն համարում են համաշխարհային սարդոստայնի նոր տարբերակը, սերունդը: Ավելին, այն հաճախ անվանում են համացանցային հեղափոխություն:

Ստորև ներկայացնում ենք Վեբ 2.0-ի ևս մի քանի հատկանիշներ:

Որոնում. Վեբ 2.0-ի կայքերն ունեն տեղեկությունների որոնման հեշտացված, հարմարավետ ու ճկուն տարբերակ:

Հղումներ. Վեբ 2.0-ի կայքերում գոյություն ունեն դեպի տեղեկությունների կարևոր կտորները տանող հարուստ հղումներ, որոնք հեշտացնում են դիտվող նյութից նմանատիպ բովանդակությամբ այլ նյութեր գտնելը: Լավագույն էջեր են համարվում այն էջերը, որոնք ավելի շատ հղումներ են պարունակում:

Հեղինակում. Սա Վեբ 2.0-ի կայքերի բովանդակության անդադար թարմացվելու ունակությունն է: Այստեղ բովանդակությունն արդեն մեկ կամ մի քանի անհատի ստեղծածը չէ. կայքի այցելուն ինքն է դառնում համահեղինակ:

Պիտակներ. Վեբ 2.0-ի կայքերում կատարվում է բովանդակության պիտակներով (tag) դասակարգում: Պիտակները մեկ բառից կամ արտահայտությունից կազմված ու տվյալ նյութը նկարագրող բնորոշումներ են: Այսպես, եթե բերված է նյութ, որտեղ խոսվում է հանրակրթական դպրոցի ավարտական քննությունների մասին, ապա պիտակները կարող են լինել «քննություն», «ավարտական», «գնահատում» բառերը: Պիտակները հեշտացնում ու հարմարավետ են դարձնում անհրաժեշտ նյութի որոնումը: Հաճախ կայքերում հանդիպում են «պիտակների ամպեր», որտեղ երևում են կայքի նյութերում ամենահաճախ հանդիպող պիտակները՝ ամենաշատ կիրառվողները՝ ավելի մեծ չափերով: Այս «պիտակների ամպում» բառերը հղումներ են, որոնց օգնությամբ կարելի է գտնել այդ պիտակներով նշված նյութերը (նկ.15):

Նկ.15. «Վեբ 2.0»-ը բնորոշող պիտակների ամպ


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Վեբ 2.0-ի գործիքների շնորհիվ այժմ ցանկացած մարդ համացանցում նյութ տեղադրելու կամ այն փոփոխելու հնարավորություն ունի: Սակայն միշտ չէ, որ տեղադրվող տեղեկատվությունը կարող է ճշմարտացի և փաստերով հիմնավորված լինել: Անվերապահորեն մի վստահեք ցանկացած նյութի: Ստուգեք դրանք այլ աղբյուրներով և ըստ արդյունքների առանձնացրեք ձեզ համար վստահելի կայքերն ու հեղինակներին: Վեբ 2.0-ի գործիքները օգտագործողներին այլ օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման մեծ հնարավորություններ են ընձեռում: Այնուամենայնիվ, օգտագործողները պետք է զգոն լինեն և գիտակցեն անձնական տեղեկատվության տրամադրման հետ կապված բոլոր վտանգները: Պարզապես հիշեք. մի հրապարակեք այն, ինչ չեք ուզում հայտնել ողջ աշխարհին:

Գոյություն ունեն մի շարք Վեբ 2.0 գործիքներ, սակայն ամենատարածվածներն այժմ համարվում են բլոգները, սոցիալական ցանցերը և վիքիները: Կրթության բնագավառում բավականին կարևոր գործիք են դպրոցական և համալսարանական դասընթացների պատրաստման համար նախատեսված հատուկ ծրագրակազմերը: Վեբ 2.0-ը նաև հնարավորություն է տալիս հետաքրքիր ու արդյունավետ աշխատանք կազմակերպել նկարների, տեսահոլովակների, երաժշտության հետ, մշակել, փոխանակել համացանցի այլ օգտագործողների հետ, դնել հրապարակային դիտման և այլն: Սրանց մանրամասն կանդրադառնանք առանձին բաժիններում:

Վեբ 2.0-ի լավ գործիքներից է նաև սոցիալական էջանշումը (social bookmarking): Ըստ էության, սա զննարկիչների էջանշումների հնարավորության զարգացումն է: Ի տարբերություն զննարկիչների էջանշումների, այժմ հատուկ կայքերի միջոցով կարող եք ձեզ հետաքրքրող կայքերը պահել ոչ թե տեղային համակարգչի մեջ, այլ՝ հեռակա սպասարկուում: Սրա շնորհիվ ձեր էջանշումները և ձեր ընտրած կայքերի հավաքածուի ցանկը չեն կորում համակարգչի վնասվելու դեպքում, դրանք հասանելի են լինում նաև այլ, ոչ սեփական համակարգչից օգտվելիս, հնարավոր է լինում ձեր ընտրած կայքերի հավաքածուն հասանելի դարձնել համացանցի այլ օգտագործողներին:

Այս համակարգերը տալիս են կայքերի ցանկը հարմարավետ դասակարգելու հնարավորություն, այդ թվում՝ կիրառելով հատուկ պիտակներ և դրանք տեղաբաշխելով ըստ կատեգորիաների:

http://del.icio.us/-ը Yahoo-ի կողմից ստեղծված սոցիալական էջանշման բավականին լավ օրինակ է: Այստեղ օգտագործողները կարող են տեսնել, թե այս կամ այն կայքը քանի այլ անձանց կողմից է պահպանվել: