ՓՈՍՏԱՂԲ

Փոստաղբը (անգլերեն՝ spam) բազմաթիվ հասցեատերերին զանգվածաբար առաքված այնպիսի նամակներն են, որոնք հասցեատերերը չեն ուզում ստանալ: Սովորաբար դրանք ստացվում են էլ-փոստով, սակայն փոստաղբի աղբյուր կարող են լինել նաև նորությունների խմբերը, ակնթարթային հաղորդագրությունները և նման այլ ծառայությունները:

Տարբեր երկրներում տարբեր է թե փոստաղբի իրավաբանական սահմանումը, թե դրա նկատմամբ ցուցաբերվող մոտեցումը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) մի աշխատանքային խումբ է ստեղծել՝ այդ մոտեցումները համապատասխանեցնելու նպատակով:

Ֆիշինգը փոստաղբի զարգացումն է, որ վերջերս է երևան եկել և գնալով ավելի է անհանգստացնում համացանցից և, մասնավորապես, էլ-փոստից օգտվողներին. այս դեպքում էլ-փոստի հասցեատերը հայտնի կազմակերպությունների, անձանց անունով քողարկված նամակներ է ստանում: Նման նամակները հաճախ կեղծ կայքերի հղումներ են պարունակում, որոնց միակ նպատակը անձնական կամ գաղտնի բնույթի տեղեկություններ հավաքելն է:

Կոմերցիոն նպատակներով ուղարկվող փոստաղբի տարածված լինելը բացատրվում է վերջինիս ծայր աստիճան էժանությամբ ու մեծաքանակ հասցեների մատչելիությամբ: Զանգվածային նամակներ ուղարկելու նպատակով էլ-փոստի հասցեների հավաքումը սովորաբար իրականացվում է այսպես կոչված ցանցային բոտերի (ռոբոտ բառից) միջոցով, որոնք համացանցում որոնում են կատարում և տարբեր կայքերից հավաքում բերքը՝ էլ-փոստի հասցեները:

Փոսաղբը հաճախ պարունակում է կեղծ կամ խաբուսիկ տեղեկություններ: Քանի որ ուղարկողն անանուն է՝ ներկայումս անհնար է նրան պատասխանատվության կանչել կեղծ պնդումների համար:

Փոստաղբ տարածողները հաճախ հույսը դնում են հասցեատերերի բարի կամքի վրա՝ վերջիններիս հասցեները հայթայթելու և իրենց տվյալների շտեմարանները համալրելու նպատակով: Օրինակ՝ ուղարկում են նամակներ, որտեղ հասցեատերերին խնդրում են նշել անձնական տվյալները որևէ ստորագրահավաքի ցուցակում:

Առցանց կեղծիքի մի այլ տեսակ է 419-ը, որն այդպես է կոչվում Նիգերիայի քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի համարով. 419 հոդվածը պատիժ է սահմանում այն անձանց համար, ովքեր խաբեությամբ տիրացել են ուրիշի ունեցվածքին: Փոստաղբի այս տեսակը կոչվում է նաև «նիգերիական», քանի որ նման նամակներ ավելի շատ ուղարկվել են Նիգերիայից: Նման նամակները ստացողին հավաստիացնում են, թե իբր ինքը, չնչին գումարներ մուծելով, հետո կարող է մեծ գումար ստանալ: Հասցեատերը նշված հասցեով ուղարկում է այդ չնչին գումարը՝ փոխարենը ոչինչ չստանալով:

Փոստաղբը կարող է օգտագործվել նաև սաբոտաժի՝ տեղեկատվական համակարգի կաթված առաջացնելու նպատակով:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Տարբեր նպատակների համար էլ-փոստի տարբեր հասցեներ օգտագործեք՝ խուսափելով ձեր անձնական տվյալները անծանոթներին տալուց (օրինակ՝ ֆորումներում գրանցվելիս, ձևանմուշներ լրացնելիս և այլն):

Ստացվող նամակների նկատմամբ առողջ կասկածամտություն ցուցաբերեք: Մի բացեք այն նամակները, որոնց ծագմանը չեք վստահում:

Հատուկ ուշադրություն դարձրեք հավելվածներին: Եթե դուք ինչ-որ կասկածելի կամ չսպասված բան եք ստացել՝ առանց բացելու այն անմիջապես ջնջեք:

Էլ-փոստում հանդիպող բոլոր հղումները բացելուց առաջ հարկավոր է ստուգել: Դա կարելի է անել, մկնիկի սլաքը պահելով հղման վրա. նրա հասցեն պետք է հայտնվի զննարկիչի կարգավիճակի տողում: Եթե կասկածում եք, որ հղումն իրականում չի տանում դեպի հայտարարված հասցեն, ապա մկնիկի կոճակը սեղմելու փոխարեն պարզապես տպեք այդ հասցեն ձեր զննիչ ծրագրի հասցեների տողում: Օրինակ, ձեզ առաջարկում են ինչ-որ հրամանի ծանոթանալու համար մտնել կառավարության կայք՝ http://www.gov.am հասցեով: http://www.gov.am-ը հղում է, բայց երբ մկնիկի սլաքը պահում եք դրա վրա, տեսնում եք, որ հղումը gov.am-ի փոխարեն տանում է ինչ-որ անհայտ կայք: Նման դեպքերում եթե ուզում եք կառավարության կայք մտնել, տեքստի միջից հղումը կարող եք պատճենել զննարկիչի հասցեի տողում և այն բացել:

Օգտվեք փոստաղբը զտող միջոցներից՝ անցանկալի նամակները հեռացնելու վրա ավելորդ ժամանակ վատնելուց խուսափելու համար (http://spam-filter-review.toptenreviews.com/):

Խուսափե՛ք ձեր էլ-փոստի հասցեն զանգվածաբար տարածելուց: Հիշե՛ք, որ ձեր էլ-փոստի հասցեն վեբ կայքում հրապարկելը թույլ է տալիս crawler (տառացիորեն՝ սողուն) տիպի ծրագրերի միջոցով թռցնել այն և ընդգրկել ցրման ցուցակներում՝ փոստաղբի տարածման նպատակով:

Եթե ձեզ անհրաժեշտ է հրապարակել ձեր էլ-փոստի հասցեն, կարող եք քողարկել այն՝ մոլորության մեջ գցելով վեբ բոտերին: Եթե ինչ-որ կայքում անպայման ուրիշին պետք է տաք ձեր հասցեն, այն կարող եք գրել, օրինակ, այսպես՝ anun[ըթ]site[կետ]com (@ և . նշանների փոխարեն գրում եք դրանց անվանումները):

Փոստաղբն անտեսե՛ք, մի՛ պատասխանեք այդպիսի նամակների: Պատասխանելը միայն կհաստատի, որ ձեր հասցեն ակտիվ է և միայն կքաջալերի փոստաղբ տարածողներին, որ շարունակեն ձեզ նման նամակներ հասցեագրել: Իմացեք, որ ձեր հասցեն նրանց ցուցակից հեռացնելու խոստումները կարող են սուտ լինել: