ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

Սոցիալական ցանցերը վեբ կայքերի տեսակ են, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել համացանցային համայնքներ, որտեղ կարող են հավաքվել համանման հետաքրքրություններ ունեցող կամ միևնույն բնագավառը ներկայացնող մարդիկ: Գրանցվելով այսպիսի համակարգում, օգտագործողներն ունենում են իրենց սեփական էջը: Հիմնականում, սոցիալական ցանցերում մարդիկ հանդես են գալիս սեփական անուն ազգանունով, ի տարբերություն նախորդ գլուխներում քննարկված բլոգների և ֆորումների, որոնցում հանդես գալիս, մարդիկ սովորաբար իրենց համար մականուն են ընտրում: Սեփական էջում օգտագործողները հնարավորություն են ստանում լրացնել իրենց մասին տեղեկատվություն, ինչպես, օրինակ, կրթական համալիրը, որտեղ սովորել են, աշխատավայրը, նախասիրությունները, ծննդյան տվյալները, իրենց մասին համառոտ նկարագրություն և այլն:

Որպես կանոն, սոցիալական ցանցերը տալիս են ալբոմներ պահելու հնարավորություն, որոնցում օգտագործողները կարող են տեղադրել իրենց նկարները, դրանք հասանելի դարձնելով ցանցի մյուս օգտագործողներին:

Սոցիալական ցանցերի հիմնական առանձնահատկությունը ընկերների և խմբերի հնարավորություններն են: Օգտագործողներից մեկը ցանցում գտնելով իր հին ծանոթին կամ էլ հետաքրքրությունների համընկնմամբ՝ նորին, նրան կարող է ընկերանալու հրավեր ուղարկել: Ընկերների համակարգը շատ ճկուն է ու տալիս է բազում հնարավորություններ, ինչպես, օրինակ, կարելի է սեփական անձի մասին տվյալները, կամ ալբոմները տեսնել թույլատրել միայն ընկերներին: Սոցիալական համակարգերի մեծ մասում օգտագործողն իր էջում տեսնում է իր ընկերների էջերում եղած շարժը, ինչպես, օրինակ, նոր նկարներ ավելացնելու կամ նոր ընկեր ձեռք բերելու մասին տեղեկատվությունը:

Սեփական էջերում սովորաբար լինում է հաղորդագրությունների հարթակ, որտեղ ձեր էջ այցելած մյուս մասնակիցները կարող են ձեզ հաղորդագրություն ուղարկել, շնորհավորել ծնունդը, քառատող նվիրել և այլն, ու այդ հաղորդագրությունները տեսանելի կլինեն ձեր էջ այցելած բոլոր օգտագործողներին:

Սրանից բացի, սոցիալական ցանցերը տալիս են նաև անձնական հաղորդագրությունների հնարավորություն, որով կարելի է կապ հաստատել այլ օգտագործողների հետ, զրուցել, քննարկել որոշակի հարցեր, և այդ ամենը տեսանելի կլինի միայն ձեզ և ձեր զրուցակցին: Սա նամակագրական համակարգ է, որը գործում է միայն տվյալ սոցիալական ցանցի սահմաններում:

Սոցիալական ցանցերի մեծ մասում կա որոշակի ուղղվածությամբ խմբակներ ստեղծելու հնարավորություն, որոնց անդամակցելով՝ կարող եք մասնակցել այդ խմբակի ներքին կյանքին, քննարկումներին: Քննարկումներն անցկացվում են ներկցված ֆորումային համակարգում, որն իր հնարավորություններով ու ճկունությամբ, որպես կանոն, զիջում է առանձին ֆորումային համակարգերին: Այսպիսի խմբակները կարող են լինել բաց և փակ: Փակ խմբակներում տեղի ունեցածը կարող են տեսնել միայն խմբակին անդամակցողները, իսկ բացերում եղածը կարող են տեսնել բոլորը, բայց, որպես կանոն, ներքին կյանքին մասնակցել չեն կարող:

Հաճախ սոցիալական ցանցերն, ի թիվս այլ հնարավորությունների, օգտագործողներին տալիս են նաև բլոգների հնարավորություն, որոնք, սակայն, իրենց հնարավորություններով ու ճկունությամբ զիջում են առանձին բլոգային համակարգերին:

Օգտագործողի սեփական էջերում, ի թիվս մյուս տվյալների, սովորաբար, երևում են նաև օգտագործողների ընկերների, ինչպես նաև ընկերների ընկերների ցանկերը: Սա հնարավորություն է տալիս հեշտորեն գտնել ծանոթներին, ընդլայնել սեփական ընկերների ցանկը, կապերը, գտնել նույն նախասիրություններն ունեցող նորանոր մարդկանց:

Սոցիալական ցանցերի բազում հնարավորություններից մեկն էլ տեղադրած նկարներում ընկերներին նշելն է: Նկարների վրա ոչ միայն կարելի է մեկնաբանություններ գրել, այլև սլաքով նշել ձեր ընկերների ցանկում գտնվող ընկերոջը, ու այդ նկարն անմիջապես կհայտնվի նաև ձեր ընկերոջ սեփական էջում: Նկարների համար հաճախ կիրառվում են գնահատման համակարգեր, որոնցում, որպես կանոն, նկարների մասին մեկնաբանություններ թողնելու հնարավորություն է լինում:

Աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերից է Facebook կայքը (http://www.facebook.com, նկ.26): Ձեռնարկի պատրաստման ընթացքում այս սոցիալական ցանցի ակտիվ օգտագործողները 300 միլիոնից ավելի էին, ու թեև կայքն ամերիկյան է, բայց օգտագործողների շուրջ 70%-ն այլ երկրներից է: Այս սոցիալական ցանցն ունի նաև լրացուցիչ ծրագրերի հնարավորություն, որոնք կարող է ստեղծել ու համակարգին կցել ցանկացած ծրագրավորող: Այս ծրագրերը կարող են լինել խաղեր, վիկտորինաներ, տրամաբանական թեստեր, գիտելիքները ստուգող թեստեր և այլն:

Նկ.26. Facebook սոցիալական ցանցի առաջին էջթ

Facebook-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն օգտագործողներին հասանելի է տարբեր լեզուներով: Հենց սոցիալական ցանցի մասնակիցները կարող են ներառվել թարգմանիչների խմբում ու համակարգը թարգմանել իրենց լեզվով: Ձեռնարկի պատրաստման պահին հայ թարգմանիչների ավելի քան 40 հոգանոց, տեղում ձևավորված խումբն արդեն իսկ հայերեն էր թարգմանել համակարգի շուրջ 70%-ը (ավելի քան 13000 բառ և արտահայտություն), և առաջիկայում հայերեն տարբերակը հասանելի կլինի համակարգի բոլոր օգտագործողներին:

Ռուսաստանում, ինչպես նաև հայաստանցի հայերի շրջանում առավել տարածված են Odnoklassniki (http://www.odnoklassniki.ru) և Vkontakte (http://www.vkontakte.ru) սոցիալական ցանցերը: Vkontakte կայքն իր հնարավորություններով ու արտաքին տեսքով հիշեցնում է facebook-ը: Ձեռնարկի պատրաստման պահին այն օգտագործողներն ավելի քան 50 միլիոն էին: Այս համակարգը հիմնականում տարածված է Ռուսաստանում և Ուկրաինայում, բայց facebook-ի նման սա էլ ունի տարբեր լեզուներով թարգմանվելու հնարավորություն: Արդեն իսկ գործում է դրա հայերեն տարբերակը, որը կարող եք ընտրել կայքի ստորին մասից:

Odnoklassniki կայքը, որը ներկայումս մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում, ձեռնարկի պատրաստման պահին ուներ ավելի քան 30 միլիոն օգտագործող, իսկ հատկապես վերջին շրջանում աչքի ընկավ իր մատուցած ծառայություններից շատերը վճարովի դարձնելով: Ի տարբերություն քննարկված նախորդ երկու կայքի, այս մեկն առայժմ հասանելի է միայն երկու լեզվով՝ ռուսերեն և ուկրաիներեն:

Կան նաև միայն հայերի համար նախատեսված, այսպես կոչված՝ ազգային սոցիալական ցանցեր: Այդպիսի սոցիալական ցանցեր են «Հայլենդը» (http://www.hayland.am) և «Հայությունը» (http://www.hayutyun.am, նկ.27):

Նկ.27. «Հայություն» սոցիալական ցանցի առաջին էջը