ԿԱՅՔԵՐ

Վեբ կայքը փոխկապակցված վեբ էջերի, պատկերների, տեսանյութերի կամ այլ թվային միջոցների հավաքածու է: Համացանցային հաղորդակարգի վրա հիմնված ցանցում կայքին կարելի է դիմել սովորական դոմենի անվան կամ IP հասցեի միջոցով: Կայքը պահվում է առնվազն մեկ վեբ սպասարկուում, որը մատչելի է որևէ ցանցի, օրինակ՝ համացանցի կամ վիրտուալ մասնավոր ցանցի միջոցով: Վեբ-սպասարկուն այն համակարգիչն է, որում տեղակայվում է կայքը, սակայն սպասարկու ընդունված է անվանել նաև այդ համակարգիչում տեղակայված ծրագրային ապահովումը, որն իրականացնում է հարցումների մշակումը: Ամենահայտնի սպասարկային համակարգերն են Apache-ը և Microsoft IIS-ը (Internet Information Service):

Վեբ էջերը հիպերտեքստային փաստաթղթեր են: Սրանք կառուցվում են հատուկ նշման լեզուներով: Համաշխարհային սարդոստայնի էջերը հիմնականում ստեղծվում են HTML լեզվով, որը մշակվել է հենց համաշխարհային սարդոստայնի ստեղծման ժամանակ: Այս լեզուն ժամանակի ընթացքում բազում փոփոխությունների է ենթարկվել, հարստացվել, ներկայումս էլ իր տեղը զիջում է իր հաջորդ սերնդի՝ XHTML նշման լեզվին: Նշման լեզուները որոշակի հրամանների հավաքածու են, որոնք զննարկիչները վերարտադրում ու պատկերում են էկրանին: Ժամանակակից վեբ կայքերը հարստացվում են բազում թվային միջոցներով, ինչպիսիք են երաժշտությունը, տեսաձայնային նյութերը: Հաճախ են հանդիպում Adobe Flash տեխնոլոգիայով պատրաստված կայքերը: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կայքում ներառել շարժվող և ինտերակտիվ տարրեր, որոնք սովորաբար հիշողության մեջ փոքր տեղ են զբաղեցնում և հետաքրքիր դարձնում կայքը: Հաճախ հենց այս տեխնոլոգիայով են պատրաստվում համացանցային խաղերը: Այս տեխնոլոգիայով պատրաստված կայքերը դիտելու համար համակարգչի մեջ պետք է տեղադրված լինի Adobe Flash Player անվճար տարածվող ծրագիրը: Վերջինս ներառված է նաև զննարկիչներում, ինչը թույլ է տալիս համապատասխան ֆայլերի ցուցադրումն անմիջապես զննարկիչի մեջ: Որպես կանոն, այս տեխնոլոգիայով պատրաստված կայքերը ստուգում են ձեր համակարգչում ծրագրի առկայությունը և, այն չլինելու դեպքում, առաջարկում դրանք ներբեռնել համացանցից՝ տալով համապատասխան հղումները: Սակայն դուք կարող եք ինքներդ տեղադրել ծրագիրը, դրա վերջին տարբերակը ներբեռնելով հետևյալ հասցեից՝ http://www.adobe.com/support/flashplayer/downloads.html: Ծրագրի՝ ձեռնարկի պատրաստման ժամանակ առկա վերջին տարբերակը կարող եք գտնել «Ծրագրեր» բաժնում:

Հանդիպում են նաև այլ տեխնոլոգիաներով պատրաստված կայքեր կամ դրանց տարրեր, որոնցից մի մասի համար անհրաժեշտ է արտաքին այլ ծրագրերի տեղադրում: Որպես կանոն, նման կայքերը ձեզ առաջարկում են ներբեռնել համապատասխան ծրագրերն ու տեղադրել:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Կայքերից շատերն իրենց բովանդակությունն ամբողջովին ցուցադրելու համար բաժանորդագրություն են պահանջում: Այդպիսիք են բազմաթիվ գործարար կայքերը, լրատվական կայքերի մի մասը, գիտական ամսագրերի կայքերը, խաղերի կայքերը և այլն: Համոզվեք նման կայքերի լրջության մեջ և նոր միայն գրանցվեք: Հիշեք, որ դրանցից շատերը կարող են ձեր էլ-փոստի հասցեն գրանցել փոստաղբ ուղարկելու համար: Որոշ կայքեր կարող են բացահայտ կամ թաքնված կերպով գումար պահանջել բաժանորդագրվելու համար. մի շտապեք ներմուծել ձեր կամ ձեր ծնողների բանկային հաշվի տվյալներն անգամ այն դեպքում, եթե գումարը չնչին է. հիշե՛ք, որ պատահական կայքերից խաբվելու հավանականությունը մեծ է:

    Դերակատարումից կախված՝ կայքերը կարող են դասակարգվել հետևյալ կերպ.
  • անձնական կայքեր,
  • կոմերցիոն կամ առևտրային կայքեր,
  • վարչական կայքեր,
  • շահույթ չհետապնդող կազմակերպության կայքեր:

Կայքերը կարելի է դիտել համացանցին կապված տարբեր սարքերի օգնությամբ, որոնցից են համակարգիչները, բջջային հեռախոսները և այլն:

Կայքերը լինում են ստատիկ և դինամիկ:

Ստատիկ են համարվում այն կայքերը, որոնց էջերը սպասարկող համակարգչում պահվում են այն նույն տեսքով, որով երևում են կայքից օգտվողին: Այսպիսի կայքերը կարող են պարունակել տեղեկություններ որևէ ընկերության, նրա արտադրանքի և ծառայությունների մասին՝ տեքստեր, լուսանկարներ, շարժվող պատկերներ, տեսա- և ձայնային նյութեր, նավարկման (navigation) միջոցներ:

Ստատիկ կայքերի բովանդակությունը, սովորաբար, կամ չի թարմացվում կամ սակավ է թարմացվում: Նման կայքերում որևէ բան ավելացնելու, պակասեցնելու կամ փոփոխելու համար անհրաժեշտ է այդ փոփոխությունները իրականացնել ձեռքով, խմբագրելով համապատասխան HTML և այլ ֆայլերը:

Այսպիսով՝ ստատիկ կայքի այցելուներն ի վիճակի չեն կառավարել ստացվող տեղեկատվությունը և ստիպված են բավարարվել կայքի սեփականատիրոջ հայեցողությամբ այդ պահին տրամադրված բովանդակությամբ:

Դինամիկ են համարվում այն կայքերը, որոնց բովանդակությունը հաճախակի և ինքնաբերաբար փոխվում է՝ հիմնվելով որոշակի չափանիշների վրա:

Նման կայքերում զննարկիչում երևացող HTML կոդը ստեղծվում է վեբ-սպասարկուում՝ ակտիվ ծրագրավորման լեզվի կողմից: Վեբ ծրագրավորողները հատուկ լեզուներով գրում են ծրագրեր, որոնք, կախված բազում հանգամանքներից, ստեղծում են այդ HTML կոդը: Այսպես, օրինակ, ծրագիրը կարող է ստուգել մտնողի IP հասցեն ու ըստ այդ հասցեի պարզելով այցելուի բնակության վայրը՝ երկիրը, կայքը մատուցել համապատասխան լեզվով: Կամ օգտագործողը կարող է ինքն ընտրել, թե ինչն է ուզում տեսնել կայքում, ինչը ոչ, կարող է որոնման արդյունքները դասավորել իր նախընտրած տարբերակով, կարող է սեփական լուման ներդնել կայքում՝ բերված նյութին մեկնաբանություն թողնելով, կամ որոշ կայքերում սեփական նյութերը տեղադրելով: Օրինակ՝ կայքը կարող է լինել լուսանկարների ցուցահանդես, իսկ օգտագործողը հնարավորություն ունենա ներբեռնել ու այդ կայքում տեղադրել սեփական լուսանկարները և այլն:

Ինչպես ասվեց, այս ամենը կառավարում են վեբ-սպասարկուներում տեղակայված հատուկ ակտիվ ծրագրավորման լեզուներով գրված ծրագրերը: Այդ ծրագրավորման լեզուներից ամենահայտնիներն են PHP-ն (հապավումը բացվում է փոքր ինչ տարօրինակ ձևով, առաջին բառը նորից նույն հապավումն է՝ PHP: Hypertext Preprocessor-PHP. հիպերտեքստային պրեպրոցեսոր) ու ASP-ն (Active Server Pages-ակտիվ սպասարկային էջեր): Իսկ կայքերի բուն պարունակությունը հաճախ պահվում է ոչ թե ֆայլերի տեսքով, այլ՝ հատուկ տվյալների շտեմարաններում, որոնց միջից դրանք կարդում են ակտիվ ծրագրավորման լեզուները, մշակում, փոխակերպում, ստեղծում HTML փաստաթղթերն ու ուղարկում օգտագործողի զննարկիչին:

Կառուցվածքային առումով կայքերը կազմված են երկու մասից՝ գլուխ (head) և մարմին (body): Գլխի մասում պահվող տեղեկատվությունը, հիմնականում, օգտագործողին չի երևում: Այստեղ պահվում են կայքին վերաբերվող տեղեկություններ, բազում սպասառու հրահանգներ և այլն: Այդպիսի տեղեկատվությունից են կայքի պարունակության հեղինակային իրավունքի մասին նշումները, կայքի հեղինակի կամ հեղինակային խմբի մասին տվյալները, կայքի կիրառած ստանդարտները, կայքի նկարագրությունը, կայքը բնորոշող արտահայտություններն ու բառերը, որոնք որպես կանոն օգտագործվում են որոնման համակարգերի կողմից, կայքի վերնագիրը և այլն:

Մարմնի մասում տեղակայվում է կայքի բովանդակությունը: Սա արդեն կայքի այն մասն է, որը զննարկիչի մեջ տեսնում է կիրառողը: Պետք է հիշել ու չշփոթել կայքի բովանդակության մեջ եղած վերնագրերը կայքի բուն վերնագրի հետ, որը սահմանվում է գլխի մասում:

Ընդհանրապես, զննարկիչում կայքը նայելիս, զննարկիչի հասցեի տողում երևում է կայքի URL հասցեն, վերնագրային տողում երևում է կայքի գլխի մասում սահմանված կայքի վերնագիրը, ինչպես նաև հիմնական պատուհանում երևում է կայքի մարմնի մասում սահմանված, նկարագրված կայքի բուն բովանդակությունը, պարունակությունը (նկ. 14):

Նկ.14. Կայքի պատկերումը զննարկիչում: 1. Կայքի URL հասցեն, 2. կայքի վերնագիրը, 3. կայքի պարունակությունը (սև շրջանակում)

Սովորաբար կայքերն ունենում են որոշակի ուղղվածություն, թեմա, իսկ հիպերհղումներով կարող են կապված լինել այլ կայքերի հետ: Սակայն կայքերից շատերը կարող են առնչվել միաժամանակ մի քանի թեմաների, մատուցել տարբեր ծառայություններ: Հաջորդ բաժիններում կդիտարկվեն առավել հաճախ հանդիպող կայքերի տեսակները:

2009թ. փետրվարին համացանցային մոնիթորինգ իրականացնող Netcraft ընկերությունը, որը 1995 թվականից հետևում է ցանցի աճին, հայտնել էր, որ 2009 թվականին կար 215675903 կայք՝ իրենց դոմենների անուններով և բովանդակությամբ՝ 1995թ. օգոստոսի ընդամենը 18 000-ի դիմաց: