ՁԵՐ ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Կարող է թվալ, թե այս բաժինը վերաբերվում է միայն այն 644 դպրոցներին, որոնք արդեն միացած են համացանցին: Իրականում, թե՛ համացանցին միանալը և թե՛ կապի արագությունը ընդամենը ժամանակի և դրամական միջոցների խնդիր են: Հավանաբար մոտ ապագայում Հայաստանի բոլոր դպրոցները համակարգիչներով հագեցած և համացանցին միացված կլինեն:

Բայց սա չի նշանակում, որ կրթության որակը կտրուկ կբարձրանա: Դրա հիմնական խոչընդոտներից է թվայնացված հայալեզու ուսումնական նյութերի սակավությունը, ինչպես նաև՝ առկա նյութերի օգտագործման փորձի բացակայությունը:

Խնդրի լուծումը հնարավոր կդառնա բոլոր շահագրգիռ կողմերի՝ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների, կառավարական և ոչ կառավարական կառույցների, տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցության շնորհիվ:

Անշուշտ, բոլոր դպրոցներում կգտնվեն թե՛ հմուտ ուսուցիչներ, և թե՛ անհամբեր աշակերտներ, որոնք կուզենային հրապարակել և տարածել իրենց ստեղծագործությունը՝ լինի դա հեղինակային դասընթաց կամ, պարզապես, հաջողված մի լուսանկար: Թվային տեխնոլոգիաների կիրառության և մարդկային համագործակցության շնորհիվ, նման խնդիրները հեշտորեն լուծվում են:

Փաստ է, որ այսօրվա աշակերտները հաճախ ուսուցիչներից արագ են կողմնորոշվում թվային աշխարհում՝ լինի դա սարքավորում, թե որևէ նոր կիրառական ծրագիր: Այդ հատկությունը պետք է ի սպաս դնել խոշոր խնդիրների լուծմանը, օրինակ՝ դպրոցական կայքի կամ հեռավար դասընթացի ստեղծմանը:

Ուսուցիչը մարզիչ է դառնում՝ ցույց տալով, թե ո՞ր է հարկավոր վազել, իսկ աշակերտը՝ մարզիկ, որ մարզչից արագ է վազում, սակայն միշտ չէ, որ՝ ճիշտ ուղղությամբ: Փոխըմբռնման դեպքում շահում են երկուսն էլ:

Համատեղ աշխատանքի արդյունքն ավելի է արժևորվում, եթե հրապարակվում է որևէ հանրահայտ կայքում, օրինակ՝ ՀԴԻՑ-ում կամ Վիքիպեդիայում:

Հայաստանի դպրոցներում համակարգչային տեխնոլոգիաների ներդրման գործում մեծ փորձ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման «Հարմոնիա» հիմնադրամը (http://www.hf.am): Վերջին տարիներին հիմնադրամը ԿՏԱԿ-ի պատվերով հաջողությամբ իրականացնում է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի տեխնիկական սպասարկումը, կազմակերպում է ինֆորմատիկայի ուսուցիչների և ցանցային մասնագետների վերապատրաստումը, սպասարկում շարժական ինտերնետային կայանը: 2008թ. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պատվերով «Հարմոնիան» կատարեց դպրոցների ցանցի ընդլայնման՝ 300 դպրոց ընդգրկող նոր հատվածի կառուցման աշխատանքները: «Հարմոնիա» հիմնադրամը աշխատակիցներ ունի Հայաստանի բոլոր մարզերում: Նրանք մարզում կոորդինացնում և վարում են համակարգչային հիմնական հմտությունների դասընթացները, հետևում ցանցի տեխնիկական վիճակին, վերլուծում են դպրոցներից ստացված ահազանգերը ցանցի խափանումների մասին և անհրաժեշտության դեպքում այցելում կրթօջախներ անսարքությունները վերացնելու նպատակով: