ՊՈՐՏԱԼՆԵՐ

Պորտալը վեբ կայքի տեսակ է, որն այցելուին առաջարկում է ոչ թե կոնկրետ ուղղվածության, այլ՝ բազմաբնույթ ծառայություններ: Անգլերենից պորտալ (portal) բառը թարգմանվում է «գլխավոր մուտք», «դարպաս»: Այսինքն, պատկերավոր ասած, պորտալը մի կայք է, որից մուտք է բացվում դեպի ամենատարբեր ուղղվածությամբ ծառայություններ, ամենաբազմազան բովանդակություն: Առաջարկված ծառայություններից կարող են լինել կայքերի շտեմարանները, որոնման համակարգերը, էլեկտրոնային փոստի ծառայությունը, եղանակի տեսությունը, նորությունները, աճուրդները, խաղերը, ֆորումները և այլն: Պորտալ չհանդիսացող կայքերը, որպես կանոն, ընտրում են այս բազում ծառայություններից միայն մեկն ու մասնագիտանում այդ ուղղությամբ:

Հստակ չափանիշներ, ոլորտ, ծառայությունների ցանկ, որոնց պետք է հետևի պորտալը, գոյություն չունի: Պորտալները կարող են կառուցված լինել ըստ հետաքրքրությունների ոլորտի, թեմատիկայի, նախատեսված լինել համացանցի այցելուների որոշակի շրջանակի համար:

Գոյություն ունեն պորտալների բազում տեսակներ, որոնք դասակարգվում են ըստ զանազան հատկանիշների:

Ըստ թեմատիկ ընդգրկման, պորտալները լինում են հորիզոնական և ուղղաձիգ: Հորիզոնական ընդունված է համարել թեմաների լայն ընտրանի ընդգրկող, իսկ ուղղաձիգ որոշակի նեղ ուղղվածության թեմատիկա ունեցող պորտալները:

Ըստ աշխարհագրական տարածվածության, պորտալները լինում են միջազգային և տարածաշրջանային:

Լայնորեն տարածված են Yahoo! ( http://www.yahoo.com) (նկ.22) և Яндекс (http://www.yandex.ru) պորտալները, որոնք երկուսն էլ այցելուներին ծառայությունների շատ մեծ ընտրանի են առաջարկում, այդ թվում՝ որոնման համակարգ, ծանոթությունների համակարգ, խաղեր, եղանակի տեսություն, էլեկտրոնային փոստ և այլն, սակայն սրանցից առաջինը՝ Yahoo!-ն, միջազգային է, մինչդեռ երկրորդը՝ Яндекс-ը, տարածաշրջանային:

Նկ.22. Yahoo! պորտալը

Տարածաշրջանային պորտալները հաճախ, ի լրումն մյուս ծառայությունների, մատուցում են տվյալ տարածաշրջանի համար օգտակար այլ ծառայություններ, ինչպիսիք են ճանապարհային քարտեզները, եղանակի տեսությունը, դրամի փոխարժեքը և այլն:

Ուղղաձիգ պորտալների օրինակներ են հայկական banks.am պորտալը, որն ուղղված է ֆինանսական աշխարհին, բայց տարածաշրջանային է, http://armedu.am պորտալը, որն ուղղված է կրթական ոլորտին և նորից տարածաշրջանային է («armedu.am» պորտալի մասին մանրամասն տե՛ս «ՀԴԻՑ և «Կրթական համալիր էջ» պորտալ» բաժնում):

Տարածաշրջանային, բայց արդեն հորիզոնական պորտալի օրինակ է http://hayastan.com կայքը, որն ուղղված է հայ հասարակությանը (բայց հայերեն չէ) և իր մեջ ներառում է ֆորում, բլոգ, զրուցարան, եղանակի տեսություն, էլեկտրոնային փոստ, դրամի փոխարժեք, անգլերեն-հայերեն (և հակառակը) բառարան և այլն (նկ.23):

Նկ.23. Hayastan.com պորտալը

Պորտալների արդյունավետությունը հասկանալու համար դրանք կարելի է համեմատել գրադարանների հետ. ինչպես որոշակի թեմատիկայով նյութ գտնելու համար գնում ենք գրադարան ու փնտրում համապատասխան գրականություն, նույն կերպ պորտալները հնարավորություն են տալիս համացանցում գտնելու մեր որոնած տեղեկությունը: Պորտալները նաև օժտված են «առաջին հայացք» օգտակար ֆունկցիայով, որը հնարավորություն է տալիս մի թեմայի սահմաններում միանգամից մի շարք ենթաթեմաներ գտնել: Օրինակ, եթե թեման գիտությունն է, ապա կարող եք հետազոտել կենսաբանության տարբեր բաժիններ, ինչպիսիք են օվկիանոսագիտությունը կամ բուսաբանությունը:

Պորտալների գոյությունն ու զարգացումը հաճախ կախված է լինում հովանավորներից ու գովազդից, ինչի հետևանքով պորտալները հաճախ տարբեր ապրանքներ ու ծառայություններ են գովազդում: Այս գովազդները կարող են բնորոշ լինել որոշակի խմբի արժեքային համակարգին, այնպես որ, համապատասխան գովազդով հղված կայքերն այցելելուց առաջ համոզվեք, որ այդ արժեքային համակարգը ձեզ համար ընդունելի է:

Որոշ դեպքերում պորտալները անդամակցություն են պահանջում կամ առաջարկում, երբեմն՝ նաև վճարովի են: Գրանցվելուց առաջ ծանոթացեք պայմաններին, համոզվեք, որ հասկացել եք պահանջները, և որ դրանք ընդունելի են ձեզ համար:

Պորտալները հաճախ ձեզ կարող են տանել վատ բովանդակությամբ կայքեր, անել անպատշաճ առաջարկներ: Այդպիսի հղումները կարող եք սահմանափակել՝ օգտվելով զտիչ ծրագրերից, ինչպիսին է DansGuardian ծրագիրը (http://www.dansguardian.org):

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Ստեղծեք տարբեր պորտալներ օգտագործող թիմեր, ինչպես նաև մի թիմ, որն օգտագործելու է «Տեղեկատվության որոնում» բաժնում նկարագրված որոնման այլ եղանակներ: Ապա թիմերին առաջարկեք համեմատել արդյունքները, տեղեկատվության դյուրամատչելիությունն ու որակը:

Առաջարկեք հետազոտման թեմա, օրինակ՝ մանուկների պատկերումը 18-րդ դարի արվեստում, կամ՝ օվկիանոսային կենդանիների որոշակի տեսակներից բաղկացած էկոլոգիական համակարգի զարգացումը: Աշակերտներին տվեք այն պորտալի հասցեն, որը պարունակում է դասի թեմային համապատասխանող հղումներ: Մի աշակերտին հասնող հղումների քանակն, ամենայն հավանականությամբ, մեծաթիվ կլինի: Թիմեր կազմեք և հղումները բաժանեք նրանց միջև: Նպատակ դրեք հնարավորինս շատ հղումների օգտագործումը: Այնուհետև թող թիմերը ներկայացնեն արդյունքները: Թիմերի արդյունքները, հավանաբար, կտարբերվեն: Հաջորդ դասին նեղացրեք որոնման տիրույթը:

Ստեղծեք մի պորտալ վերոհիշյալ երկու նախագծերից որևէ մեկի համար: Սա ընդգրկելու է վեբ էջի ստեղծում, նախագծերում հայտնված կատեգորիաների սահմանում, այդ կատեգորիաների հղումների ստեղծում և, վերջապես, փորձարկում՝ մեկ այլ դասարանի կողմից:

Դպրոցական միջավայրում պորտալներից օգտվելուց առաջ անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել: Աշխատակազմից մի թիմ կազմեք, որը մշակելու է հատկապես ձեր դպրոցի պահանջներին համապատասխանող պորտալների նյութերի ցանկը:

Ճշտեք այն առարկաների ցանկը, որը կուզենայիք, որ ձեր աշակերտներն ուսումնասիրեն պորտալների օգնությամբ: Այնուհետև՝ որոնման համակարգերի օգնությամբ ճշտեք յուրաքանչյուր առարկայի հետազոտման համար անհրաժեշտ պորտալների ցանկը: Յուրաքանչյուր պորտալը գնահատեք ձեր դպրոցում ընդունված չափանիշների համաձայն կամ օգտվեք «Որոնման համակարգեր և կայքերի շտեմարաններ» բաժնում նկարագրված կանոններից:

Տեղեկատվության գնահատումից բացի, դուք կարող եք նաև պարզել՝ ծառայությունն անվճա՞ր է, թե ոչ, ի՞նչ արժեքների համակարգ է սատարում ծառայությունը, արդյո՞ք մշակութային կամ լեզվական խնդիրներ կարող են ծագել, արդյո՞ք այդտեղ որևէ ապրանք է վաճառվում, էլ-փոստի կամ չատի ծառայություններ առաջարկվու՞մ են, և, առհասարակ, ուզու՞մ եք, որ ձեր աշակերտներն օգտվեն նման ծառայություններից:

Լավագույն պորտալների ընտրանի կազմեք: Այնուհետև մանրամասն զննեք այդ պորտալները՝ ստուգելով ու գնահատելով առաջարկվող հղումները: Ստեղծեք կասկածելի տիրույթների ցուցակը, զտեք անցանկալի հղումները: Կիրառեք «Տեղեկատվության որոնում» բաժնի շնորհիվ ձեռք բերված հմտությունները: Աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ընթացքում գրանցեք միջանկյալ քայլերը, արձանագրեք բոլոր հղումները, կատալոգներ կազմեք: