ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐ

Նորությունների խումբը (newsgroup) որևէ թեմայի վերաբերյալ հատուկ ուղղվածություն ունեցող քննարկումների խումբ է: Նորությունների խմբի գաղափարը նոր չէ և սկիզբ է առել դեռևս համացանցի ստեղծման առաջին տարիներին:

Յուրաքանչյուր նորությունների խումբ իրենից ներկայացնում է էլեկտրոնային հաղորդագրությունների մի հավաքածու: Աշխարհում գոյություն ունեն հարյուր հազարավոր նորությունների խմբեր: Դրանցից ամենաակտիվները օրական հարյուրավոր հաղորդագրություններ են ստանում: Հաղորդագրություններն այնուհետև բաժանվում են շղթաների, որտեղ գրանցվում և ցուցադրվում են ուղարկող անձի անունը և հաղորդագրությունն ուղարկելու ամսաթիվն ու ժամը: Նորությունների խմբերը մինչ այսօր բավականին շատ են օգտագործվում, հետևաբար բազմաթիվ սպասարկուներ ու զննարկիչներ ընձեռում են դրանց օգտագործման հնարավորությունը:

Նորությունների խմբերը կարող են տեղեկատվություն գտնելու համար բավականին լավ աղբյուր հանդիսանալ: Դրանք կարող են նաև քննարկումներ կազմակերպելու և դրանց միջոցով աշակերտների բանավիճելու հմտությունները զարգացնելու համար օգտակար գործիք լինել:

Նորությունների խմբերից կարող են օգտվել նաև ուսուցիչները՝ դրանց միջոցով իրենց կողմից ուսուցանվող առարկայի կամ ուսուցման մեթոդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և փորձի փոխանակում կազմակերպելու համար:

Գոյություն ունեցող նորությունների խմբերից շատ քչերն ունեն պատշաճ վերահսկման մեխանիզմներ: Այս հանգամանքը կարող է ապօրինի գործողությունների պատճառ դառնալ, ինչպես, օրինակ, հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ապօրինի տարածումը:

Նորությունների խմբերի որոշ մասնակիցներ հանդես են գալիս կեղծանվամբ: Շահագործելով այս փաստը, նրանք իրենց թույլ են տալիս հակասոցիալական վարք, որը հաճախ վեճերի ու վիրավորանքների է բերում:

Համացանցում գոյություն ունեն տարբեր թեմաների շուրջ ստեղծված նորությունների խմբեր, սակայն դուք միշտ հնարավորություն ունեք ստեղծելու ձեր սեփական նորությունների խումբը:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Զգոն եղեք նորությունների որևէ խմբի միանալիս: Ձեր էլեկտրոնային հասցեն հաճախ կարող է խմբի այլ մասնակիցների կողմից օրական ուղարկվող բազմաթիվ նամակներով լցվել, որոնց բովանդակությունը միգուցե ձեզ այնքան չհետաքրքրի: Եթե ձեր հաղորդագրությունն ուղղված է նորությունների խմբի միայն մեկ մասնակցի, ապա ուշադիր եղեք հղել այդ հաղորդագրությունը միայն իր հասցեատիրոջը (կատարելով Reply to Sender – Պատասխանել ուղարկողին հրամանը): Սակայն՝ եթե ձեր հաղորդագրության բովանդակությունը վերաբերում է ամբողջ խմբին, հիշեք, որ խմբի բոլոր մասնակիցները կստանան ձեր հաղորդագրությունը միայն այն դեպքում, եթե կատարեք Reply to All – Պատասխանել բոլորին հրամանը:

Նորությունների զանազան խմբերի միանալով՝ զգուշացեք ձեր էլեկտրոնային հասցեն աղբանամակների թիրախ դարձնելու վտանգից: Պարզապես միացեք այն խմբերին, որոնք ձեզ վստահելի և օգտակար են թվում:

Որևէ խմբի միանալիս՝ կարևոր է նաև ծանոթանալ դրա օգտագործման ներքին կանոններին: Տարբեր խմբեր օգտագործման տարբեր պայմաններ ու կանոններ ունեն: Հիշեք նաև նման պայմանների և կանոնների սահմանման մասին՝ ձեր սեփական նորությունների խումբը ստեղծելիս: