ՄԻԿՐՈԲԼՈԳՆԵՐ

Միկրոբլոգը համակարգ է, որը հնարավորություն է տալիս գրել ու հրապարակել կարճ հաղորդագրություններ, որոնք հասանելի են դառնում այլ օգտագործողներին: Միկրոբլոգների ամենատարածված համակարգը Twitter-ն է (անգլերեն twit՝ շատախոսել բառից)՝ http://www.twitter.com:

Twitter-ը վեբ կայք է, որն իր օգտագործողին հնարավորություն է տալիս մինչև 140 գրանշան պարունակող կարճ հաղորդագրություններ ուղարկել: Մասնակցի թողած հաղորդագրությունն անմիջապես երևում է օգտագործողի էջում և վայրկենական կարող է հասնել մյուս օգտագործողներին, ովքեր բաժանորդագրված են տվյալ էջին: Ընդ որում, հաղորդագրության փոխանցումը կատարվում է ամենատարբեր միջոցներով, այդ թվում՝ կայքի ներքին հնարավորություններով, SMS հաղորդագրությունների տեսքով, RSS-ների միջոցով, էլ-փոստով և այլն:

Համակարգում գրանցվելով, դուք ստանում եք ձեր սեփական էջը և կարող եք գրել ձեր հաղորդագրությունները: Այս իմաստով, համակարգը նմանվում է բլոգային համակարգին. դուք ստանում եք ձեր սեփական էջը (օրինակ՝ twitter.com/username), որտեղ երևում են ձեր բոլոր հաղորդագրությունները: Համակարգը նաև նմանություն ունի սոցիալական ցանցերին. մտնելով այլ օգտագործողի էջը, նրա նկարի տակ կարող եք տեսնել «Follow» (Հետևել) կոճակը: Սրա վրա սեղմելով, դուք դառնում եք այդ օգտագործողի հետևողը, ինչը նշանակում է, որ ձեր էջում կերևան նրա բոլոր նոր հաղորդագրությունները. դրանք կարող են ուղարկվել ձեր էլ-փոստի հասցեին, բջջային հեռախոսին՝ SMS հաղորդագրությունների միջոցով: Դուք կարող եք հետևել մեկից ավելի օգտագործողների, բոլոր նրանց, ում հաղորդագրությունները ձեզ հետաքրքրում են:

Համակարգում կան որոնման ճկուն միջոցներ, որոնք ձեզ կօգնեն գտնել այնտեղ գրանցված ձեր ընկերներին, բարեկամներին, կամ որոնումը կազմակերպելով ըստ հետաքրքրող թեմայի, գտնել նույն հետաքրքրություններով այլ օգտագործողի:

Թեև համակարգը ստեղծվել է ոչ վաղ անցյալում՝ 2006թ., բայց արդեն իսկ մեծ ճանաչում է ձեռք բերել: Ըստ http://complete.com կայքի վերլուծությունների, 2009թ. հոկտեմբերին համակարգի անհատ այցելուների թիվն անցել է 23 միլիոնից:

Նկ.28. Twitter.com կայքը

Համակարգն օգտագործվում է բազում նպատակներով, սկսած նորությունների արագ փոխանցումից, մինչև ընկերների խմբում սպասվող իրադարձությունների մասին իրազեկում: Եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ twitter-ի կոնկրետ մասնակցի հաղորդագրությունները կարելի է կցել այլ կայքերի, և արված թարմացումներն անմիջապես երևում են նաև այդ կայքում, կնկատենք, որ այս համակարգը տեղեկատվության արագ տարածման հրաշալի մեթոդ է: Համակարգը արդյունավետ կարելի է օգտագործել նաև ուսումնական գործընթացում՝ ստեղծելով, օրինակ, բոլոր դպրոցների ուսուցիչների ցանց, կամ տվյալ դպրոցի աշակերտների ցանց և ուսումնական պրոցեսին վերաբերող նորությունները, սպասվող իրադարձությունները, խորհուրդները, հրահանգները և այլնը վայրկենական փոխանցել ցանցի բոլոր մասնակիցներին:

Հայաստանում այս համակարգը դեռևս լայն տարածում չունի, բայց արդեն դրա նկատմամբ հետաքրքրություն կա: Մասնավորապես, համակարգն արդեն հաջողությամբ կիրառում են որոշ լրատվական միջոցներ:

Այսօր Twitter համակարգի ամենալուրջ մրցակիցը jaiku-ն է (http://www.jaiku.com): Միկրոբլոգային հնարավորություններ կան ներդրված նաև որոշ սոցիալական ցանցերում: