ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

Համացանցի ստեղծման հիմքում ընկած էր էլեկտրոնային գրադարանի մշակման գաղափարը՝ տեղեկատվությունը դյուրամատչելի դարձնելու և այն հեշտությամբ տարածելու նպատակով: Շատ առումներով այդ խնդիրն արդեն լուծված է՝ համացանցն այսօր գործում է իբրև մի հսկայական գրադարան: Ներկայումս համացանցում առկա են 18 հազարից ավելի գրադարաններ, որոնք ներկայացված են http://www.libdex.com կայքում (նկ.35):

Նկ.35. Libdex կայքը

Հարկավոր է տարբերել համացանցում ներկայացված գրադարանները թվային (էլեկտրոնային) գրադարաններից:

Առցանց գրադարանները սպասարկում են մի պարզ վեբ էջ, որն օգտվողներին տրամադրում է հիմնական տեղեկություններ ծրագրերի, իրադարձությունների, հավաքածուների և կոնտակտների մանրամասների վերաբերյալ: Առցանց գրադարանները կարող են առաջարկել կատալոգներում թվարկված ֆիզիկական գրքերի վարձույթը, այդ գրքերը կարելի է պատվիրել համացանցով: Նման ծառայություններ հիմնականում տրամադրում են համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների գրադարանները, թեև շատ հանրային գրադարաններ նույնպես առաջարկում են նման ծառայություններ համացանցում:

Մինչդեռ թվային գրադարաններն առաջարկում են գրքերից առցանց օգտվելու հնարավորություն: Գրքերը սովորաբար թվայնացված են կամ որպես html ֆայլեր, այսինքն՝ որպես վեբ էջ, կամ որպես պարզ տեքստ, կամ էլ որպես MS Word կամ Adobe PDF փաստաթղթեր:

Ավանդական և առցանց գրադարաններում որոնում կատարելու համար անհրաժեշտ հմտությունները քիչ են տարբերվում: Այս հմտությունների կատարելագործումը կենսական կարևորություն ունի բոլոր ուսումնական ծրագրերի համար:

Համացանցում կարելի է գտնել հազարավոր առարկայական գրադարաններ, որոնք վերաբերում են ուսումնական ծրագրերի տարբեր թեմաների (http://dir.yahoo.com/Reference/Libraries/): Ցանցային որոնումը «հարցապնդում-վարժություն է, որը կատարելու համար աշակերտները նյութերն ամբողջությամբ կամ մասամբ գտնում են համացանցում»: http://webquest.org կայքում նկարագրված մոդելը կարող է շատ օգտակար լինել, երբ աշակերտներին հանձնարարվում է զարգացնել հետազոտման, արխիվացման, գրագիտության, վերլուծման և գնահատման հմտություններ՝ օգտագործելով առցանց գրադարանների հնարավորությունները:

Որոշ գրադարաններ կարող են բաժանորդավարձ կամ գրանցում պահանջել իրենց ծառայությունների դիմաց: Բաժանորդային գրադարանները սովորաբար տարեկան բաժանորդավարձ, գուցե և համալսարանի կամ հաստատության անդամություն են պահանջում:

Անվճար գրադարանները հրապարակում են միայն այնպիսի նյութեր, որոնք հեղինակային իրավունքի սահմանափակումներ չունեն: Գուտենբերգ նախագիծը (http://www.promo.net/pg) այդպիսի մոտեցման հիմնադիրն է ու գլխավորողը:

Գրանցում պահանջող գրադարանների նյութերից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր անձնական տվյալները: Նման դեպքերում ուշադիր կարդացեք ձեր անձնական տվյալների գրանցման և գրադարանի նյութերի օգտագործման պայմանները:

Գրադարանների մեծ մասը նյութերը տրամադրում է որոշ կանոնների համաձայն: Այդ պայմանները պահանջում են, որ օգտվողն առնվազն հարգի հեղինակային իրավունքը: Հիշե՛ք. եթե հրատարակված նյութերը հանրային սեփականություն չեն, ապա դուք չեք կարող տարածել կամ հրապարակել դրանք առանց հրատարակչի թույլտվության:

Հեղինակային իրավունքը նաև անձնական պատասխանատվության հարց է: Ամենատարածված գայթակղությունը գրագողությունն է, այսինքն՝ մեկ ուրիշի աշխատանքի արդյունքից օգտվելը առանց սկզբնաղբյուրի հիշատակման:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Գտեք դասարանում ուսումնասիրվող թեմային համապատասխանող գրադարան http://www.vlib.org կայքում: Մտածեք այդ գրադարանի նյութերի շուրջ ցանցային որոնում ստեղծելու մասին կամ պատրաստի ցանցորոնում գտեք http://www.spiritsd.ca/teacherresources/default.asp կայքում: Դուք կարող եք նաև պատրաստի ցանցորոնումներ գտնել որոնող համակարգերի օգնությամբ:

Նույն թեման օգտագործելով՝ գտեք հանրային սեփականություն (http://promo.net/pg/) հանդիսացող որևէ տեքստ, առցանց նախագծի շրջանակներում սրբագրեք կամ թարգմանեք այն՝ հետագայում առցանց հրապարակելու նպատակով:

Քննարկեք դպրոցում էլեկտրոնային գրադարան ստեղծելու հարցը: Այն կարող է սկսվել մի գրքից, որը փոխակերպված է վեբ էջի կամ պարզապես տեքստային ֆայլի տեսքով և պահվում է դպրոցի սպասարկուում: Դպրոցական գրադարանավարության միջազգային ասոցիացիան (IASL) համապատասխան քաղաքականության տեղեկություններ և ուղեցույցներ է տրամադրում (http://www.iasl-online.org):

Քաջալերեք աշակերտներին օգտվել առցանց գրադարաններից, երբ համոզվեք, որ նրանք տիրապետում են սովորական գրադարաններից օգտվելու ձևերին և ծանոթ են որոնման և հետազոտման հիմնական եղանակներին (http://www.acts.twu.ca/lbr/preface.htm):

Նախքան աշակերտներից ֆայլերի ներբեռնում պահանջելը՝ խորհրդակցեք ձեր դպրոցի ցանցի ադմինիստրատորի հետ: Դուք պետք է վստահ լինեք, որ դպրոցի սպասարկուն բավականաչափ ազատ տեղ ունի ներբեռնվելիք ֆայլերը պահելու և պատշաճ կերպով արխիվացնելու համար:

Համոզվեք, որ առցանց գրադարանից օգտվելու համար աշակերտներին հանձնարարվող առաջադրանքները հնարավոր է կատարել: Ստուգեք, արդյո՞ք պաշարներն իսկապես գոյություն ունեն, արդյո՞ք բոլոր համացանցային հասցեներն իրոք աշխատում են:

Ներբեռնվելիք ֆայլերի զգալի մասը ստեղծված է Adobe PDF ֆորմատով՝ հեղինակային իրավունքի պաշտպանության նպատակով: Ստուգեք, արդյո՞ք ներբեռնել և տեղադրել եք Acrobat reader ծրագիրը: Առանց այդ ծրագրի աշակերտներն ի վիճակի չեն լինի բացել pdf ընդարձակումով ֆայլերը: Acrobat Reader ծրագիրն անվճար կարող եք ներբեռնել այստեղից՝ http://get.adobe.com/reader:

Անվտանգության հիմնական սկզբունքները, որ դուք կիրառում եք համացանցից օգտվելիս, պետք է կիրառվեն նաև առցանց գրադարաններից օգտվելիս: Ծանոթացեք օգտագործման պայմաններին, համոզվեք, որ ֆայլերը վիրուսներից զերծ են: