ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Հեռավար ուսուցումը Վիքիպեդիայում սահմանվում է որպես «դասավանդման այնպիսի մի եղանակ, երբ չի պահանջվում, որ ուսանողները ֆիզիկապես ներկա լինեն որոշակի վայրում դասընթացին մասնակցելիս»: Այս եղանակը բոլոր երկրների և բոլոր տարիքի մարդկանց հնարավորություն է ընձեռում ուսանել ողջ կյանքի ընթացքում՝ ձեռք բերելով դիպլոմներ, վկայագրեր և աստիճաններ աշխարհի համարյա բոլոր առցանց համալսարաններից:

Հեռավար ուսուցման գաղափարը նոր չէ. մեծահասակների արդեն մի քանի սերունդ հենց այդ եղանակով է կատարելագործվել՝ գտնվելով տանը, կամ բանակում ծառայելիս, կամ զուգակցելով աշխատանքն ու ուսումը: Նախկինում ուսուցման ընթացքում հիմնականում օգտվում էին սովորական փոստից՝ պարբերաբար ստանալով դասընթացի ուսումնական նյութերն ու հանձնարարությունները, ապա հետ էին ուղարկում կատարված աշխատանքը՝ ստուգման և գնահատման համար: Մեր օրերում հեռավար ուսուցման մակարդակն էապես բարձրացել է ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ: Այն իրականացվում է համացանցի միջոցով, և ուսանողները հաճախ պատկերացում չունեն, թե որտեղ է գտնվում իրենց համալսարանը, ինչը, սակայն, բոլորովին չի խոչընդոտում լավագույն համալսարաններում սովորելուն: Հեռավար ուսուցման տպավորիչ առաջընթացը հիրավի հեղափոխել է շարունակական ուսուցման ամբողջ ոլորտը: Ահա մի քանի օրինակ.

Դասախոսությունների նյութերը հնարավոր է ուսանողներին հասցնել ոչ միայն տպագիր՝ պահելով դրանք դասախոսի սպասարկուում, այլև օգտագործելով streaming media տեխնոլոգիան, այն է՝ տեսաֆիլմերի կամ ուղիղ հեռարձակման միջոցով:

Ուսանողները և աշակերտները ուսուցչի և միմյանց հետ շփվում են տարբեր հաղորդակցման համակարգերով, այդ թվում՝ ֆորումներ, էլ-փոստ և այլն:

Հանձնարարությունները վերբեռնվում և տեղադրվում են ուսուցչի դարակում՝ հետագա ստուգման և գնահատման համար: Նույնիսկ հարցումներն ու քննությունները կարող են լիովին ավտոմատացվել և առաջարկվել առցանց:

Դասընթացի նյութերը միշտ հասանելի են և հեշտությամբ կարող են համալրվել ու թարմացվել:

Դասընթացների ներկայացման առցանց եղանակը սեփական ժամանակը հարմար բաշխելու հնարավորություն է տալիս ուսանողներին՝ նրանք իրենք են որոշում, թե օրվա ո՞ր ժամերը կամ շաբաթվա ո՞ր օրերը նվիրեն ուսմանը: Ուսանողներին դասընթացի ամբողջ նյութ հասանելի դարձնելը հնարավորություն է տալիս ավելի ինքնուրույն և անկախ լինել ուսումնառության ողջ գործընթացում: Ուսանողները դառնում են իրենց ուսումնառության տերն ու տիրակալը, ուսուցիչն աստիճանաբար ձևափոխվում է մարզչի:

Դասընթացները՝ սահմանափակված չլինելով դպրոցի կամ համալսարանի աշխատանքային «նորմալ» ժամերով, ամենքի առջև շարունակական կրթության լայն հնարավորություններ են բացում:

Հեռավար ուսուցումը փոխում է ինչպես աշակերտի, այնպես էլ ուսուցչի վարքագիծը: Հաջողակ աշակերտները դառնում են ավելի կազմակերպված ու փութաջան, իսկ ուսուցիչներն ավելի են խորացնում իրենց գիտելիքները տեխնոլոգիաների բնագավառում:

Հեռավար ուսուցման միջոցներ

Հեռավար ուսուցում իրականացնելու համար ստեղծված են մի շարք միջոցներ, որոնք կոչվում են դասընթացների կառավարման համակարգեր, անգերեն՝ Course Management System (CMS): Դրանք բաժանվում են երկու խմբի՝ կոմերցիոն և ազատ տարածվող:

Կոմերցիոն համակարգերը բավական թանկ համակարգեր են և օգտագործվում են այն համալսարաններում, որոնք հեռավար ուսուցման բազմաթիվ դասընթացներ են առաջարկում: Կոմերցիոն համակարգերի օրինակներից է Blackboard-ը (http://www.blackboard.com):

Ազատ տարածվող համակարգերից է Moodle-ը, որը կարելի է ներբեռնել http://www.moodle.org կայքից (նկ.39)՝ հետագայում ձեր համակարգում տեղադրելու նպատակով: Գոյություն ունի նաև http://www.moodle.com կայքը, որտեղից կարելի է վճարովի տեխնիկական աջակցություն ստանալ: Moodle համակարգում երեք մակարդակի դերեր են սահմանված՝ ադմինիստրատոր, ուսուցիչ և ուսանող:

Նկ.39. Moodle.org կայքը

Ուսանողն, ընգրկվելով որևէ դասընթացում, ուսումնասիրում է առաջարկված նյութերը, ստանում և կատարում է հանձնարարություններ, մասնակցում է քննարկումներին, հանձնում է քննություններ: Ավարտական վկայականը տրվում է մեկ կամ մի քանի դասընթաց հաջողությամբ անցնելուց հետո:

Ուսուցիչը ոչ միայն վարում է դասընթացը, այլև կարող է հեղինակել այն: Դասընթաց կառուցելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները, բացատրություններով հանդերձ, տրամադրվում են Moodle համակարգի կողմից:

Ադմինիստրատորը բացում է դասարաններ, տեղադրում է դասընթացներ, ապահովում է ամբողջ համակարգի անխափան աշխատանքը և տվյալների հուսալի պահպանումը:

Moodle-ի հրապուրիչ կողմերից մեկը տեղայնացումն է՝ միջերեսի թարգմանությունը: Հայերեն թարգմանությունը կատարվել է Երևանի պետական համալսարանում և հրապարակված է:

Հայալեզու հեռավար ուսուցման համակարգի մի վառ օրինակ է վերջերս մեկնարկած Հայկական վիրտուալ քոլեջը (http://www.avc-agbu.org, նկ.40): Առաջարկվող դասընթացներից են հայոց լեզվի արևելա- և արևմտահայերեն տարբերակները, հայոց պատմությունն ու արվեստը: Դասավանդման լեզուները վեցն են՝ արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, անգլերերն, ֆրանսերեն և իսպաներեն:

Նկ.40. Հայկական վիրտուալ քոլեջի կայքը


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Դուք պետք է գիտակցեք, որ, ընտրելով հեռաուսուցման որևէ ծրագիր, պարտավոր եք որոշ զգուշություն ցուցաբերել: Միշտ հիշեք, որ համացանցը կառավարվող միջավայր չի: Օրինական հաստատությունների կողքին գոյություն ունեն հեռավար ուսուցում առաջարկող կասկածելի կազմակերպություններ: Ստուգեք, արդյո՞ք բավականաչափ խորն եք ուսումնասիրել այս կամ այն ծրագիրը կամ կազմակերպությունը, որի առաջարկվող հեռավար ուսուցումն եք ընտրել:

Հեռավար ուսուցման հետ կապված անվտանգության հարցերը միշտ կարևոր են, ճիշտ այնպես, երբ որևէ այլ տիպի տեղեկատվություն եք փոխանակում համացանցի միջոցով: Վիրուսներն ու հակերները կարող են լիովին կործանել հեռավար ուսուցման համակարգը:

Հեղինակային իրավունքը սովորաբար պաշտպանված է լինում այն երկրի օրենսդրությամբ, որտեղ բնակվում է ուսանողը, սակայն, ընդգրկվելով այլ երկրների կողմից առաջարկվող հեռավար ուսուցման ծրագրերում՝ համոզվեք, որ ուսումնական նյութերը պաշտպանված են միջազգային հեղինակային իրավունքով:

Համացանցը էապես փոխում է կրթություն ստանալու եղանակները և հնարավորությունները: Աշխատեք հնարավորինս հասու լինել տեղեկատվական բոլոր պաշարներին ու դրանց ուսումնասիրությանը նպաստող միջոցներին:

Հեռավար ուսուցման ցանցը տրամադրում է հեռավար ուսուցմանը վերաբերող տեղեկատվություն, ինչպես նաև հաշվետվություններ վերջինիս արդյունավետության մասին՝ առավելություններ, թերություններ, մեթոդական խորհուրդներ՝ http://www.distancelearningnet.com:

Հեռավար կրթության և ուսուցման խորհուրդը իր կայքում պահվող, հեռավար ուսուցմանն առնչվող բազմաթիվ հաշվետվությունները թույլ է տալիս ներբեռնել՝ http://www.detc.org/otherdownld.html:

Yahoo!-ի http://dir.yahoo.com/Education/Distance_Learning էջը նվիրված է հեռավար ուսուցման ծրագրերին և հաստատություններին:

Հեռավար ուսուցումը կարող է շոշափելիորեն ավելացնել ուսանողների գիտելիքները: Դրա միջոցով աշակերտները, նրանց ընտանիքներն ու ուսուցիչները գործնական փորձ ու գիտելիք են ստանում համացանցից: Հեռավար ուսուցումը ուսանողներին նոր հմտություններ և որակավորում ստանալու, նոր ուղղություններով զարգանալու հնարավորություն է տալիս: