ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Համացանցի յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ծրագրային ապահովում: Քանի որ ամենատարածված համացանցային ծառայությունը համաշխարհային սարդոստայնն է, ապա առաջին հերթին կանդրադառնանք այս խնդրին:

Զննարկիչներ

Վեբ կայքերը դիտելու համար նախատեսված ծրագրերը կոչվում են զննարկիչներ (browser): Այս ծրագրերը թույլ են տալիս բացել վեբ էջերը, մշակել դրանք, ցուցադրել, հիպերտեքստային հղումներով անցնել մեկից մյուսին: Ամենաառաջին զննարկիչներն ունեին պարզագույն տեսք, ու դրանցով հնարավոր էր նայել միայն տեքստային փաստաթղթեր: Գրաֆիկական միջերեսով առաջին զննարկիչը NCSA Mosaic-ն էր, որն արագորեն ճանաչում ձեռք բերեց: Սրա ծրագրային կոդը բաց էր, և հետագայում այս զննարկիչի հիմքի վրա ստեղծվեցին այլ զննարկիչներ, որոնցից են Internet Explorer և Netscape Navigator զննարկիչները: Mosaic զննարկիչը շատ թերություններ ուներ, բայց հետագայում դրանց մեծ մասը վերացվեց Netscape Navigator զննարկիչում, որի ծրագրավորողներից շատերը մասնակցել էին նաև հենց Mosaic-ի ստեղծմանը: Netscape Navigator ծրագրի տարբերակներ նախատեսվեցին տարբեր օպերացիոն համակարգերի համար՝ UNIX, Windows, Mac OS:

Microsoft կազմակերպությունը, տեսնելով Netscape Navigator-ի հաջողությունը, մշակեց Internet Explorer զննարկիչը, որի երրորդ տարբերակն, ի տարբերություն Netscape Navigator-ի, ներկցված էր Windows 95 օպերացիոն համակարգին: Microsoft-ը շեղվեց HTML ստանդարտից, մտցրեց նորամուծություններ, դրանով իսկ հիմք դնելով զննարկիչների «պատերազմին», արդյունքում հասնելով շուկայի մոնոպոլիզացմանը (կիրառողները՝ ավելի քան 95%):

Netscape-ը, շուկան կորցնելով, սկսեց սնանկանալ, և այն ձեռք բերեց ամերիկյան հայտնի AOL (America OnLine) կազմակերպությունը, իսկ զննարկիչի ծրագրային կոդը դրվեց ազատ MPL (Mozilla Public License – Mozilla-ի հրապարակային արտոնագրում) արտոնագրմամբ օգտագործման: Mozilla անվանումը գալիս էր Mosaic+Killer համակցումից: Սակայն հետագայում որոշվեց հրաժարվել այս հիմքից և Netscape Navigator-ի հաջորդ տարբերակը ծրագրավորվեց զրոյից՝ Gecko անվանումը ստացած հենքի վրա, որն իր նախնական նշանակությամբ ստեղծված էր բոլոր ստանդարտների պահպանման համար: Հետագայում հենց այդ հենքի վրա ստեղծվեց ներկայումս մեծ ճանաչում ձեռք բերած Mozilla Firefox զննարկիչը:

1996թ. ստեղծվեց ներկայումս մեծ ճանաչում ձեռք բերած մեկ այլ զննարկիչ՝ Opera անվամբ: Երկար ժամանակ այս զննարկիչն ուներ ամենաարագ և ամենաթեթև աշխատող զննարկիչի համբավ:

2008թ.-ից մրցակցային դաշտ մտավ նաև Google կազմակերպության թողարկած, Chrome անվանումը ստացած զննարկիչը, որը կիրառողներին որոշ նորամուծություններ է առաջարկում:

Հայտնի զննարկիչների թվին է պատկանում նաև Apple Safari զննարկիչը, որը նախապես նախատեսված էր Mac OS օպերացիոն համակարգի համար, սակայն ներկայումս մշակված են նաև Windows օպերացիոն համակարգում աշխատող տարբերակները:

    Բոլոր զննարկիչներն ունեն հետևյալ ընդհանուր տարրերը (նկ.9).
  1. Մեկ քայլ առաջ և մեկ քայլ հետ կոճակներ (Back, Forward),
  2. Էջը թարմացնելու կոճակ (Refresh),
  3. Էջի բեռնումը կանգնեցնող կոճակ (Stop),
  4. Զննարկիչի մեկնարկային էջը բացող նկար (Home),
  5. Հասցեի տող, որտեղ լրացվում է տվյալ կայքի URL հասցեն (Address Bar),
  6. Փնտրող համակարգերի ներկցված դաշտ, որտեղ կարող եք գրել որոնող բառն, ու զննարկիչը համապատասխան որոնման համակարգում մեքենայորեն կկազմակերպի որոնում (Search Bar),
  7. Կարգավիճակի տող, որտեղ գրվում է, թե տվյալ պահին ինչ գործողություն է կատարվում, և էջի բեռնման քանի տոկոսն է իրականացված (Status Bar):

Նկ.9. Mozilla Firefox զննարկիչը

Ի թիվս այլ հնարավորությունների, զննարկիչները էջանշման հնարավորություն են տալիս: Սա նշանակում է, որ դուք զննարկիչում կարող եք ստեղծել ձեզ համար պիտանի կամ հավանած կայքերի ցանկ: Mozilla Firefox, Opera և Google Chrome զննակիչներում այդ հնարավորությունը կոչվում է BookMarks, իսկ Internet Explorer զննարկիչում՝ Favorits.

Թեև կան նշման լեզուների որոշակի ստանդարտներ, զննարկիչներից յուրաքանչյուրում կատարվում են նորամուծություններ, ինչի պատճառով նույն կայքը տարբեր զննարկիչներով տարբեր կերպ կարող է բացվել: Թե որքանով է տվյալ զննարկիչը համապատասխանում ստանդարտներին, կարելի է ստուգելACID կոչված թեստերով, որոնք հասանելի են http://acidtests.org/ հասցեում: Այս թեստերը մշակել են վեբ ստանդարտների (Web Standards Project-WaSP) հեղինակ մի խումբ մասնագետներ, նպատակ ունենալով տարածել ու գովազդել W3C կոնսորցիումի մշակած վեբ ստանդարտները:

Զննարկիչներից շատերը, բացի կայքերը բացելու հնարավորությունից, թույլատրում են օգտվել նաև համացանցի այլ ծառայություններից, այդ թվում՝ FTP ծառայությունից, ունեն ներկցված ֆայլերի բեռնման համակարգ, որոշներն էլ ունեն էլ-փոստի սպասառու ծրագրեր:

Սակայն հասկանալի է, որ յուրաքանչյուր ծառայության համար ցանկալի է ընտրել այդ ուղղությամբ մասնագիտացած ծրագրեր, որոնք աշխատանքի ավելի լայն հնարավորություններ կընձեռեն:

FTP սպասառու ծրագրեր

Ֆայլերի փոխանակման FTP հաղորդակարգով աշխատելու համար ստեղծվել են մասնագիտացած ծրագրեր, որոնք թույլատրում են ֆայլերի փոխանակությունը կազմակերպել առավել հարմար ու հեշտ ձևով, տրամադրում են գործողությունների համար անհրաժեշտ գործիքներ: Այդպիսի ծրագրեր են SmartFTP-ն (նկ.10), FileZilla-ն և այլն:

Նկ.10. SmartFTP ծրագիրը

Ներբեռնման ծրագրեր

Կայքերում հաճախ տեղակայվում են բեռնման համար նախատեսված ֆայլեր, այդ թվում՝ գրքեր, նկարներ, տեսահոլովակներ, երաժշտական ֆայլեր, ծրագրային փաթեթներ և այլն: Այս բոլոր ֆայլերը կարելի է բեռնել հենց զննարկիչի միջոցով: Սակայն կան հատուկ բեռնման ծրագրեր, որոնք բեռնումն ավելի հարմար են կազմակերպում, հնարավորություն տալով ֆայլի բեռնումը ընդհատել, շարունակել այն, օրինակ, հաջորդ օրը, հանձնարարել, որ ֆայլը բեռնվելուց հետո համակարգիչն ինքնուրույն անջատվի, ինչպես նաև թույլատրում են այսպես կոչված բազմահոսք բեռնումներ, որն էականորեն արագացնում է ֆայլի բեռնման արագությունը: Նման ծրագրեր են ReGetDeluxe (նկ.11), FlashGet, Download Master ծրագրերը և այլն:

Նկ.11. ReGet Deluxe ծրագիրը

Torrent ծրագրեր

Ներկայումս մեկ այլ տարածված համակարգ է torrent համակարգը: Այս ծառայության միջոցով, օգտագործելով համացանցը, հնարավոր է երկու համակարգիչների միջև կանոնակարգված կապ հաստատելով ֆայլեր փոխանակել: Համացանցում ձեր ուզած փաստաթղթերը կարելի է գտնել torrent-ների տեսքով: Համակարգը հնարավորություն է տալիս առանց ճանաչելու դիմացինին նրա հետ փոխանակել անհրաժեշտ տեղեկատվությունը: Երբ դուք ինչ-որ մեկի համակարգչից բեռնում եք ինչ-որ ֆայլ, մեկ այլ անձ կամ անձեր էլ կարող են ֆայլեր բեռնել ձեր համակարգչից: Ավելին, եթե ձեր որոնած ֆայլն առկա է ցանցի տարբեր համակարգիչներում, ապա ձեր համակարգիչն այն բեռնում է կտոր առ կտոր, տարբեր համակարգիչներից, իսկ համապատասխան ծրագիրը այդ կտորները միացնում է իրար՝ վերջնական տարբերակում ձեզ ներկայացնելով ամբողջական ֆայլ: Torrent համակարգից օգտվել թույլատրում են համապատասխան սպասառու ծրագրերը, որոնցից են µTorrent և BitTorrent (նկ.12) ծրագրերը: Նշենք որ այս համակարգը նման առ նման (peer to peer) հաղորդակարգերից միայն մեկն է, թերևս՝ ներկայումս ամենատարածվածը:

Նկ.12. µTorrent ծրագիրը

Հատուկ մշակված ծրագրեր կան նաև էլեկտրոնային փոստի և արագ հաղորդակցման համար, որոնց մասին կխոսվի գրքի համապատասխան գլուխներում:

Վերևում թվարկված և ազատ տարածվող ծրագրերից մի քանիսը ինչպես նաև համացանցում աշխատելու համար պիտանի և ազատ օգտագործման թույլտվությամբ այլ ծրագրեր կարող եք գտնել «Ծրագրեր» բաժնում: