ՀԱՄԱՑԱՆՑ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ

Համացանցը հսկայական համակարգչային ցանց է, որը ներառում է բազում մեծ ու փոքր, մասնավոր ու հասարակական, գիտական ու վարչական, ինչպես նաև բազմաթիվ այլ ցանցեր: Համացանցի կազմակերպումը կատարվում է նախորդ գլխում նկարագրված TCP/IP հաղորդակարգով, իսկ առանձին սարքերն ու ցանցերը միմյանց հետ կապված են ամենատարբեր տեխնոլոգիաներով, այդ թվում՝ պղնձալարերով, օպտիկական մալուխներով, անլար և այլն:

Համացանցում գործում են բազում ծառայություններ, որոնք ճիշտ կիրառելիս այն դարձնում են անփոխարինելի գործիք: Արագագործ համացանցը հասանելի է դարձնում հեռուստատեսային ծառայություններ, ֆիլմերի, տեսահոլովակների, այլ տեսանյութերի դիտումներ, ռադիոհաղորդումներ, հանրագիտարաններ, գեղարվեստական, գիտական, ուսուցողական և այլ բնույթի գրքեր, հոդվածներ: Համացանցը օգտագործողներին իրական ժամանակում հաղորդակցվելու հնարավորություն է տալիս, ինչպես գրավոր տեսքով, այնպես էլ ձայնային ու տեսաձայնային տարբերակով՝ նույն պահին լսելով և տեսնելով զրուցակցին: Սրա շնորհիվ այսօր արդեն իրողություն են գիտական, ռազմական, ուսուցողական և այլ տիպի տեսակոնֆերանսները: Էլեկտրոնային փոստն արդեն գրեթե ամբողջովին փոխարինել է սովորական փոստային ծառայությանը: Համացանցային ծառայությունները հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող համակարգիչների միջև ֆայլերի փոխանակություն իրականացնել: Համացանցը նաև ժամանցի մի հսկայական տարածք է, որտեղ կարելի է գտնել առցանց (online) խաղեր, մրցույթներ, վիկտորինաներ: Սրանց ավելանում են առցանց առևտրի, աճուրդների, գործարքներ և պայմանագրեր կնքելու հնարավորությունները: Սոցիալական ցանցերը, ֆորումները, բլոգները հնարավորություն են տալիս վերագտնել հին ծանոթներին, ձեռք բերել նույն հետաքրքրություններն ունեցող նոր ծանոթներ, ստանալ հուզող հարցերի պատասխանները, խորհրդատվություն անցկացնել մասնագետների հետ և այլն: Այս թվարկածն համացանցի ընձեռած հնարավորությունների միայն մի մասն է:

Ներկայումս շատերը համացանց ասելով հասկանում են այսպես կոչված համաշխարհային սարդոստայնը (World Wide Web), որն իրականում համացանցի միայն մի մասն է: Համաշխարհային սարդոստայնը համակարգ է, որը հնարավորություն է տալիս հասնել համացանցին միացված տարբեր համակարգիչներում տեղակայված ու միմյանց հետ կապված փաստաթղթերին: Այս համակարգը կազմված է միլիոնավոր սպասարկուներից, որոնք ընդունված է անվանել վեբ-սպասարկուներ (web server): Փաստաթղթերից շատերն իրար հետ կապվում են հիպերտեքստային հղումներով (տե՝ս «Հիպերհղումներ և հիպերտեքստ» բաժինը): Համաշխարհային սարդոստայնում տեղակայված հիպերտեքստային փաստաթղթերը կոչվում են վեբ էջեր (web page), իսկ որոշակի թեմատիկայով, ձևավորմամբ, միմյանց միջև հղումներով կապված վեբ էջերի հավաքածուն (որոնք, որպես կանոն, տեղակայվում են միևնույն վեբ-սպասարկուում) կոչվում է վեբ կայք (web site) (մանրամասն տե՛ս «Կայքեր» բաժնում): Այլ կերպ ասած, վեբ կայքերը կազմված են վեբ էջերից: Վեբ էջերը դիտելու, տեսնելու, զննելու համար կիրառվում են հատուկ ծրագրեր, որոնք կոչվում են զննարկիչներ (browser) (մանրամասն տե՛ս «Անհրաժեշտ ծրագրային ապահովում» բաժնում): Համաշխարհային սարդոստայնը հաճախ պարզապես անվանում են վեբ (web) կամ WWW:

Վեբ էջերը, որպես կանոն, պահվում են կանոնակարգված լեզուներով գրված փաստաթղթերի տեսքով: Ամենատարածվածը HTML (HyperText MarkUp Language - հիպերտեքստային նշման լեզու) լեզուն է, որն աստիճանաբար իր տեղը զիջում է ավելի ճկուն ու հարմարավետ XHTML (Extensible HTML - ընդլայնված HTML) լեզվին: Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսվի «Կայքեր» բաժնում: Վեբ էջերը հասանելի են իրենց URL (Uniform Resource Locator) հասցեներով: Այսպիսի հասցեի օրինակ է. http://www.anun.com/page/index.html:

Բայց թեև համաշխարհային սարդոստայնը համացանցի ներկայիս ամենաօգտագործվող մասն է, համացանցի մեջ մտնում են նաև այլ ծառայություններ: Համացանցի մաս են կազմում նաև ֆայլերի փոխանակման համակարգը, որն իրականացվում է ֆայլերի փոխանցման հաղորդակարգի (File Transfer Protocol - FTP) միջոցով, էլեկտրոնային փոստի համակարգը, որն իրականացվում է POP3 (Post Office Protocol Version 3 - 3-րդ տարբերակի փոստային բաժանմունքի հաղորդակարգ) և SMTP (Simple Mail Transfer Protocol - Նամակի փոխանցման պարզ հաղորդակարգ) հաղորդակարգերի միջոցով և այլն:

Այս ձեռնարկի համատեքստում հետաքրքիր է դիտարկել համացանցի կիրառման արդյունավետությունը կրթական պրոցեսում: Համացանցն ուսուցիչներին նոր մտահղացումներ և ուսումնական նյութեր գտնելու լայն հնարավորություն է տրամադրում: Կարելի է գտնել ուսումնական պլաններ, աշակերտների համար առցանց վարժություններ և կրթական խաղեր:

Համացանցային գործիքները հեշտացնում են աշխարհագրական տարբեր վայրերում գտնվող ուսուցիչների փորձի փոխանակումը, ինչպես նաև հաղորդակցումը ուսուցիչների և աշակերտների միջև:

Համացանցային տարբեր ծրագրերի մասնակցելով, աշակերտները ծանոթանում են, մշակութային փոխանակում կատարում, բարելավում իրենց լեզվական իմացությունը: Ավանդական նամակագրության համեմատ, առցանց հաղորդակցումն ավելի արագ և արդյունավետ է, իսկ դպրոցական փոխանակման համեմատ, պակաս ծախսատար է:

Հետազոտություն կատարելու համար համացանցը անհրաժեշտ միջոցներ է տրամադրում այն մարդկանց, ովքեր գրադարաններից օգտվելու հնարավորություն չունեն:

Սակայն պետք է նշել, որ այս ամենը հայկական համացանցում դեռևս սաղմնավորման փուլում է, և այս բացը լրացնելու փորձ է անում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

Համացանցի համար հատուկ ընդունված իրավական դրույթներ չկան: Կան որոշ ընդհանուր կանոններ, որոնք բոլոր կայքերի համար պահպանելը պարտադիր է: Դրանցից են հեղինակային իրավունքի պահպանումը, ռասիստական ատելություն սերմանող, հանցագործության դրդող նյութերի արգելումը և այլն: Մասնավորապես՝ հայկական համացանցային տիրույթի (.am) կայքերի համար պարտադիր է, որպեսզի դրանցում տեղակայված տեղեկատվությունը չհակասի Հայաստանի Հանրապետության օրենքներին:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Ինչպես իրական աշխարհում, այնպես էլ համացանցում առկա են կեղծ, ոչ հավաստի տեղեկատվության խնդիրները: Բազմապիսի ու հարուստ տեղեկատվությանը զուգահեռ շատ է վատորակ տեղեկատվությունը: Դուք հանգիստ կարող եք ընկնել կայք, որը ձեր որոնած տվյալների փոխարեն առանց երկմտելու ձեզ կփոխանցի վիրուսային ծրագրեր, գայթակղիչ առաջարկներով խորհուրդ կտա գրանցվել, փոխարենը ձեր հաշվից գումար հանելով, կամ ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կսկսի օգտագործել աղբ նամակների, գովազդների ու այլ նյութերի փոխանցման համար: Համացանցից օգտվելիս զսպեք գայթակղությունը ու այսուայնտեղ չնետվեք: Անպայման ուշադրություն դարձրեք ձեր հակավիրուսային ծրագրերի առկայությանն ու դրանց թարմացմանը, ձեր համակարգիչ անցանկալի մուտքերից խուսափելու համար տեղադրեք պաշտպանիչ ծրագրեր (firewall), երբեք մի այցելեք կասկածելի կայքեր: Եթե որոնող համակարգը զգուշացնում է, որ տվյալ կայքը կարող է վարակված լինել, մի մտեք այնտեղ, օգտվեք միայն փորձած կայքերից: