ՀԻՊԵՐՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԻՊԵՐՏԵՔՍՏ

Հիպերհղումները (hyperlink) փաստաթղթերի այն հատվածներն են, որոնց որոշակի գործողություն է ամրակցված: Գործողությունը կարող է իրականացվել մկնիկի սլաքն այդ հատվածի վրա բերելիս, կամ մկնիկի կոճակը այդ հատվածի վրա մեկ կամ երկու անգամ սեղմելիս, կամ ստեղնաշարի ստեղների օգնությամբ և այլն: Հիպերհղումներ պարունակող տեքստային փաստաթղթերը կոչվում են հիպերտեքստային (hypertext) փաստաթղթեր: Եթե փաստաթուղթը բացի տեքստից ու հիպերհղումներից պարունակում է նաև ձայնային, տեսաձայնային, գրաֆիկական նյութեր, այն կոչվում է հիպերմեդիա (hypermedia), բայց այս տերմինը սակավ է օգտագործվում:

Հիպերհղումները կարող են լինել տարբեր պատկերներ, բայց առավել հաճախ հանդիպողը տեքստային հիպերհղումն է: Դրանց կատարած գործողությունը սովորաբար դեպի նույն փաստաթղթի այլ հատվածի կամ այլ փաստաթղթի հղումն է: Սակայն կան հիպերհղումներ, որոնք ակտիվացնում են տեսաձայնային հոլովակը, անջատում երաժշտությունը և կատարում բազում այլ գործողություններ:

Հիմնականում հիպերհղումները տարբերվում են ընդհանուր նյութից ու առաջին հայացքից նկատելի են: Օրինակ՝ առավել հաճախ հանդիպում են ամբողջովին սև գույնով տեքստում կապույտով առանձնացված հիպերհղումները, որոնք այլ փաստաթղթերի հղումներ են: Հաճախ հիպերհղումների վարքագիծը կախված է մկան սլաքի դիրքից: Օրինակ՝ սլաքը այդ հիպերհղման վրա պահելիս, վերջինս կարող է փոխել գույնը կամ չափսը (եթե տեքստ է), կամ էլ ուռուցիկությունը (եթե նկար է):

Համաշխարհային սարդոստայնում հանդիպող կայքերի էջերի գերակշիռ մեծամասնությունը հիպերտեքստային փաստաթղթեր են: Հիպերտեքստի հանրահայտ օրինակներ են Windows օպերացիոն համակարգի և դրա ղեկավարությամբ աշխատող բազմաթիվ ծրագրերի Help (օգնություն) ֆայլերը: Օգնության որևէ հոդված կարդալիս, դուք կարող եք անմիջապես ստանալ քննարկվող հասկացությունների սահմանումները, ինչպես նաև հղումների միջոցով տեղափոխվել դեպի այլ հոդվածներ, որտեղ քննարկվում են հարակից թեմաներ:

Հիպերտեքստ և հիպերհղում տերմինները 1965թ. առաջարկել է Թեդ Նելսոնը (Ted Nelson): Բայց այդ գաղափարը նոր չէ: Հիպերտեքստի առաջին օրինակը, թերևս, Աստվածաշունչն է, որի տեքստը լի է հղումներով: Բազմապիսի բառարաններն ու հանրագիտարանները նույնպես հիպերտեքստի օրինակներ են: Դրանցում լայնորեն օգտագործվում են խաչաձև հղումները, որոնք շեղագիր են:

Հիպերտեքստ պարունակող փաստաթղթերը կարող են լինել ստատիկ (նախապես պատրաստված և պահպանված) կամ դինամիկ (փոփոխվող՝ կախված օգտվողի գործողություններից): Ստատիկ հիպերտեքստերը կարող են օգտագործվել խաչաձև հղումներ պարունակող փաստաթղթերում, համակարգչային ծրագրերում, էլեկտրոնային գրքերում և այլն: Հիպերտեքստի միջոցով հնարավոր է մշակել խաչաձև հղումների շատ բարդ և դինամիկ համակարգեր:

Նկ.13. Հղումներ Wikipedia կայքի շուրջը