ԻՆՉՊԵՍ ՄԻԱՆԱՆՔ ՀԱՄԱՑԱՆՑԻՆ

Համացանցին կարելի է միանալ մալուխային կամ անլար եղանակով: Մալուխային տարբերակով համացանցին միացումը հիմնականում լինում է երեք տեսակի. հեռախոսային ցանցով (Dial-Up), հեռուստատեսային կամ համարժեք այլ մալուխով, առանձնացված համացանցի գծով (DSL, Digital Subscriber Line - թվային բաժանորդագրության գիծ):

Անլար միացումները իրականացվում են հետևյալ տեխնոլոգիաներով. GPRS (General Packet Radio Service – ընդհանուր կիրառման փաթեթային ռադիոկապ), EDGE (թվային տեխոնլոգիա, որը կիրառվում է բջջային կապում), 3G (անգլերեն՝ Third Generation – երրորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիա), Wi-Fi (Wireless Fidelity – անլար համապատասխանություն) ստանդարտ:

Ի՞նչ է պետք այս տարբերակներից որևէ մեկով համացանցին միանալու համար:

Եթե դուք համացանցին միանալու եք որևէ հաստատությունում (դպրոց, համալսարան, վարչական բաժանմունք և այլն), ապա, ամենայն հավանականությամբ, ձեր համակարգիչն արդեն իսկ միացած կլինի տեղի սպասարկուին: Իսկ տնից համացանցին միանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է մուտք դեպի համացանց, որը տրամադրում են ISP (Internet Service Provider – համացանցային ծառայության մատակարարներ, այսուհետև կրճատ կանվանենք մատակարար) կազմակերպությունները: Հայաստանյան մի շարք մատակարարների վեբ կայքերի հասցեներ կարող եք գտնել ձեռնարկին կից սկավառակում: Մատակարարները սովորաբար տրամադրում են տարբեր տիպի համացանցային կապեր, որոնք իրարից տարբերվում են գնով, տվյալների փոխանցման արագությամբ, փոխանցվող տվյալների չափաքանակով, ժամկետով: Փորձեք գտնել ձեր տարածքում համացանցային կապ տրամադրող մատակարարին ու նրանից իմանալ միացման տարբերակները:

Ստորև ներկայացվում են այն չափանիշները, որոնք ձեզ կօգնեն կողմնորոշվել մատակարար ընտրելու հարցում.

Գին: Հայաստանի մատակարարները, որպես կանոն, համացանցին միանալու համար սահմանում են կա՛մ ամսավճար, կա՛մ վճար՝ կախված փոխանակած տվյալների քանակից, կա՛մ էլ համացանցին միանալու ժամաքանակից (սա սովորաբար կիրառվում է Dial-Up միացման դեպքում): Մատակարարները կարող են լրացուցիչ գումար վերցնել միացումը կազմակերպելու համար, կարող են նաև միացման ծախսերը (լար և անհրաժեշտ սարքավորումներ) թողնել բաժանորդին, կամ էլ կարող են միացումներն անել կազմակերպության հաշվին, բայց պայմանագիրը կնքելով, օրինակ, նվազագույնը մեկ տարի ժամկետով:

Կապի արագություն: Եթե դուք սկսնակ եք, կարող եք ընտրել առավել ցածր արագությամբ տարբերակը, որն, ամենայն հավանականությամբ, ավելի մատչելի կլինի, փորձարկել, տեսնել՝ ձեզ բավարարում է, թե ոչ, ու, չբավարարելու դեպքում, նոր անցնել ավելի արագ տարբերակի:

Թույլատրված թողունակություն: Սա հաճախ է նորեկներին շփոթության մեջ գցում: Սահմանափակումների դեպքում եթե դուք գերազանցեք տվյալների փոխանակման թույլատրված սահմանը, ձեր համացանցը կամ կանջատվի, կամ լրացուցիչ գումարներ կգանձվեն: Ամսավճարով համացանցային կապ ընտրելիս նախընտրելի են անսահմանափակ թողունակությամբ տարբերակները:

Ընտրելիս հաշվի առեք, թե համացանցն ինչ նպատակով եք օգտագործելու, որից կախված է, թե ձեզ որ արագությունն ու տվյալների փոխանցման քանակն է բավարարում: Նաև հաշվի առեք ձեր համակարգչում համապատասխան սարքի առկայությունը, որովհետև, եթե ընտրել եք, օրինակ, անլար համացանց, բայց ձեր համակարգչում այն սպասարկող սարքավորում չկա, ապա համացանցին միանալն անհնար կլինի:

Համացանցի մատակարարի աշխատակիցները, որպես կանոն, իրենք են գալիս ու կատարում առաջին միացումը: Ուշադիր հետևեք նրանց աշխատանքին, տեսեք, թե ինչպես են կազմակերպում ծրագրային կարգավորումները՝ անհրաժեշտության դեպքում դա ինքնուրույն անելու համար:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Համացանցից օգտվելիս հետևեք անվտանգության կանոններին, հակավիրուսային պաշտպանությանը: Ձեր համակարգիչ կարող են ներթափանցել վիրուսներ, որոնք, բացի մյուս վնասարարություններից, ձեզ կարող են նաև գումարային վնաս պատճառել: Մասնավորապես՝ կան վիրուսներ, որոնք Dial-Up միացման դեպքում, առանց ձեր գիտության կատարում են միջազգային հեռախոսազանգեր՝ համապատասխան բաժանորդավարձով, և կան վիրուսներ, որոնք ֆոնային ռեժիմում, նորից առանց ձեր գիտության, կազմակերպում են տվյալների մեծածավալ փոխանակություն, և եթե դուք ընտրել եք ոչ թե անսահմանափակ ծավալով համացանց, այլ՝ սահմանափակ, ապա ստիպված կլինեք վճարել այդ փոխանցված տվյալների քանակի համար: Սովորություն դարձրեք համացանցն օգտագործելուց հետո այն անջատել, անկախ ձեր ընտրած տարբերակից: Միացված թողնելը նվազեցնում է ձեր համակարգչի տվյալների անվտանգության աստիճանը: