ՀԱՄԱՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1957թ. Խորհրդային Միությունը տիեզերք արձակեց Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը, որից անմիջապես հետո ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը որոշեց, որ հնարավոր պատերազմի դեպքում իրենց պետք է գալու տեղեկատվության փոխանցման վստահելի համակարգ: Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալությունը (ARPA – Advanced Research Projects Agency) առաջարկեց ստեղծել համակարգչային ցանց, որի նպատակը ցանցի մեջ գտնվող համակարգիչների միջև տվյալների փոխանակության կազմակերպումն էր: Պաշտպանության նախարարությունը հանձն առավ այս նախագծի ֆինանսավորումն ու այն հանձնարարեց 4 գիտական հաստատությունների:

Սկսվեց ARPANET (Advanced Research Projects Agency Network – Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ցանց) անվանումը ստացած ցանցի ստեղծումը, որը ներկայիս համացանցի նախատիպն էր:

Տեխնոլոգիայի առաջին փորձարկումը կատարվեց 1969թ. հոկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը 21:00-ին: Ցանցը կազմված էր իրարից 600կմ հեռավորությամբ տեղակայված տեղեկատվական սարքերից: Դրված էր այսօրվա իրականության համար պարզագույն թվացող խնդիր. առաջին օպերատորը երկրորդին պետք է փոխանցեր «LOG» բառը, երկրորդը, այդ բառն էկրանին տեսնելով, պետք է հաստատեր, որ այն իրեն հասել է: Առաջին փորձը ձախողվեց. երկրորդ օպերատորը ստացավ միայն «L» և «O» տառերը: Փորձը կրկնվեց մեկ ժամ անց և այս անգամ պսակվեց հաջողությամբ: Այս փորձարկման օրն ընդունված է համարել համացանցի ծննդյան օր, իսկ սույն ձեռնարկը պատրաստելիս լրացավ համացանցի ծննդյան 40 ամյակը:

Սկզբնական շրջանում ցանցը միացնում էր այն ստեղծող 4 գիտական հաստատությունները: Բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել, և այն սկսեցին կիրառել տարբեր ոլորտների գիտնականներ:

1971թ. մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, որը շատ շուտով ճանաչում ձեռք բերեց:

1973թ. ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները՝ Մեծ Բրիտանիայից և Նորվեգիայից. ցանցը դարձավ միջազգային:

1970-ական թվականների սկբներին սկսեցին մշակվել ու զարգանալ տվյալների փոխանցման հաղորդակարգերը (protocol), որոնք ստանդարտի բերվեցին 1982-1983թթ.-ին: 1983թ. հունվարի 1-ին ARPANET-ն սկսեց օգտագործել TCP/IP հաղորդակարգը, որը կիրառվում է մինչ այսօր:

1983թ. ARPANET ցանցն սկսեցին անվանել համացանց (Internet), որը հիմա հայերենում ընդունված է անվանել համացանց:

1984թ. մշակվեց դոմենային անվանումների համակարգը (Domain Name System - DNS):

1984թ. ARPANET ցանցի լուրջ մրցակից հայտնվեց՝ ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի (National Science Foundation-NSF) ստեղծած NSFNet միջազգային ցանցը, որը կազմված էր ավելի փոքր ցանցերից, իսկ արագագործությամբ գերազանցում էր ARPANET-ին: Մեկ տարվա ընթացքում այս ցանցին միացան 10 հազարից ավելի համակարգիչներ, ու «համացանց» անվանումը սկսեց սահուն փոխանցվել NSFNet-ին:

1983թ. մշակվեց Internet Relay Chat (IRC) հաղորդակարգը, ինչը օգտվողներին հնարավորություն տվեց համացանցում շփվել իրական ժամանակում (real time), երբ հաղորդակցման ընթացքում մեկի գրածը մյուսին գործնականում հասնում է գրեթե նույն պահին:

1988թ. Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհրդում (Conseil Europռen pour la Recherche Nuclռaire-CERN) ստեղծվեց համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) հայեցակարգը: Այս գաղափարի առաջարկը ներկայացրել էր բրիտանացի հայտնի գիտնական Թիմ Բըրներս-Լին (Tim Berners-Lee), ով երկու տարվա ընթացքում մշակեց ներկայումս կիրառվող HTTP (HyperText Transfer Protocol-հիպերտեքստի փոխանցման հաղորդակարգ) հաղորդակարգը, HTML (HyperText Markup Language-հիպերտեքստի նշման լեզու) լեզուն, URI (Uniform Resource Indentifier - պաշարների միասնական նույնացուցիչ) հասցեավորման համակարգը:

1990թ. ARPANET ցանցը, պարտվելով իր NSFNet մրցակցին, դադարեցրեց գործունեությունը: Նույն տարում արձանագրվեց հեռախոսային գծով առաջին միացումը համացանցին (Dial-Up Access):

1991թ. համաշխարհային սարդոստայնը հասանելի դարձավ համացանցում, 1993թ. հայտնվեց հայտնի NCSA Mosaic զննարկիչը (browser):

1995 թ.-ին NSFNet-ը վերադարձավ ցանցի հետազոտման իր առաքելությանը, իսկ համացանցի սպասարկման գործով սկսեցին զբաղվել ցանցային մատակարարները (provider): Նույն տարում համաշխարհային սարդոստայնը դարձավ համացանցում տվյալների փոխանակման հիմնական գործիք, գերազանցելով մինչ այդ առավել կիրառվող FTP (File Transfer Protocol - ֆայլերի փոխանցման հաղորդակարգ) հաղորդակարգին: Ստեղծվեց համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումը (W3C-http://www.w3.org): 1996թ. սկսած, համացանց ասելով հիմնականում հասկանում են համաշխարհային սարդոստայնը:

1990-ականներին համացանցն արդեն ներառում էր գոյություն ունեցող գրեթե բոլոր ցանցերը: Միացումը գրավիչ էր, քանի որ գոյություն չուներ ընդհանուր ղեկավար, տեխնիկական ստանդարտները բաց էին, ինչը թույլ էր տալիս բիզնեսից և կոնկրետ կազմակերպություններից կախում չունենալ:

1997թ. համացանցում արդեն կար մոտավորապես 10 միլիոն համակարգիչ, գրանցվել էր ավելի քան մեկ միլիոն դոմենային անվանում:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Ըստ http://internetworldstats.com կայքի տվյալների, 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ աշխարհի բնակչության շուրջ 25.6%-ը (1,733,993,741 բնակիչ) օգտվել է համացանցից: 2000թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճը կազմել է 380.3% (այդ ժամանակ համացանցից օգտվել է 360,985,492 բնակիչ):

Հայաստանում համացանցից օգտվողներն, ըստ նույն աղբյուրի, 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են բնակչության 6.4%-ը (191,000 բնակիչ), իսկ աճը 2000թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ կազմել է 536.7% (այն ժամանակ Հայաստանում համացանցից օգտվել է 30,000 բնակիչ): Բնակչության մեջ համացանցից օգտվողների տարածվածությամբ առաջատար է Հյուսիսային Ամերիկան (74.2%), սանդղակի ստորին մասում գտնվում է Աֆրիկան (6.8%): Եվրոպայում տարածվածությունը կազմում է 52%, Ասիայում՝ 19.4%:

Համացանցի հայկական տիրույթն ընդունված է անվանել ամնետ: Նեղ սահմանմամբ՝ ամնետի մեջ են մտնում .am դոմենային տիրույթի կայքերը, առավել լայն սահմանմամբ՝ ամնետը կազմում են բոլոր հայերեն և Հայաստանին վերաբերվող կայքերը: