ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԷՋ» ՊՈՐՏԱԼ

Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցը (ՀԴԻՑ) Հայաստանի բոլոր մարզերում տեղաբաշխված 644 դպրոցներ ընդգրկող համակարգչային-ինտերնետային ցանց է (նկ.36): Այն Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից է, որն օգտագործվում է ուսումնական գործընթացի կազմակերպման համար:

ՀԴԻՑ-ի առաջին մասը, որն ընդգրկում է 324 դպրոց, ստեղծվել է 2003-2007թթ. Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած ֆինանսական միջոցներով (2005-2007թթ. աշխատանքները համաֆինանսավորել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը):

Ցանցի երկրորդ մասը, որը ներառում է 320 դպրոց, ստեղծվել է 2008թ. ընթացքում` Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պատվերով: Առաջիկա տարիներին նախատեսվում է դպրոցական ցանցի ընդլայնումը՝ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների ընդգրկումը ՀԴԻՑ-ում:

ՀԴԻՑ-ի կառավարումն ու սպասարկումն իրականացնում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) (http://www.ktak.am, նկ.37)՝ պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով: ՀԴԻՑ-ում իրականացվում է.

  • դպրոցներին շուրջօրյա ինտերնետային կապի մատակարարում,
  • կրթական կայքերի սպասարկում,
  • էլ-փոստի տրամադրում,
  • վիճակագրական տվյալների հավաքում և վերլուծություն,
  • հակավիրուսային պաշտպանություն,
  • բռնություն և սեռական սանձարձակություն պարունակող տեղեկատվության արգելափակում,
  • արտաքին միջամտությունից պաշտպանություն:

Նկ.36. ՀԴԻՑ-ի կառուցվածքը

ՀԴԻՑ-ի միջավայրում տեղեկատվությունը փոխանակվում է ինչպես դպրոցների և կենտրոնական հանգույցի, այնպես էլ առանձին դպրոցների միջև՝ ուղղաձիգ և հորիզոնական ուղղություններով:

Նկ.37. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքը

ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում (այն տեղակայված է ԿՏԱԿ-ում ) գործում է «Կրթական համալիր էջ» պորտալը (http://www.armedu.am, նկ.38), ինչպես նաև՝ Հանրակրթության կառավարման տեղեկատվական շտեմարանը:

Նկ.38. «Կրթական համալիր էջ» պորտալը

«Կրթական համալիր էջ» պորտալը ուսումնական նյութերի մեծ պաշարով կրթական միասնական տեղեկատվական միջավայր է: Այն ստեղծվել է Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերով:

«Կրթական համալիր էջ» պորտալի շահագործումը նույնպես իրականցնում է ԿՏԱԿ-ը:

Էլեկտրոնային բովանդակության 3-րդ համահայկական մրցույթում (2008թ. դեկտեմբեր) «Կրթական համալիր էջ» պորտալը

  • ճանաչվել է 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի,
  • «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձել է հաղթող,
  • ներկայացվել և մասնակցել է միջազգային մրցույթի:

Հայաստանի դպրոցների կրթական պորտալն իր մեջ ներառում է՝

  • տեղեկատվություն Հայաստանի կրթական համակարգի, իրականացվող ծրագրերի, հայտարարվող մրցույթների, նորությունների, քննարկվող նախագծերի մասին,
  • ուսումնամեթոդական նյութեր, իրավական և կրթական փաստաթղթեր, մեթոդական նյութեր, կրթական պաշարներ, օգտակար հղումներ,
  • համագործակցության վիրտուալ միջավայրեր և բաժանորդագրման ու էլեկտրոնային փոստի տրամադրման ծառայություններ:

Պորտալի մշտապես թարմացվող «նորություններ» բաժինը այցելուին տրամադրում է տեղեկատվություն կրթական ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին (այդ թվում՝ միջոցառումների,ստուգումների ու քննությունների, մրցույթների ու օլիմպիադաների, Կրթության և գիտության նախարարության որոշումների և այլնի մասին):

«Հայտարարություններ» բաժնում տեղադրվում են ուսումնական, կրթական գործընթացին վերաբերվող հայտարարություններ (այդ թվում` մրցույթների և խորհրդաժողովների հրավերներ, ուսման ու կրթաթոշակների հայտարարություններ և այլն):

«Իրավական փաստաթղթեր» բաժինը շտեմարան է, որտեղ կարելի է գտնել ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները, այնպես էլ միջազգային փաստաթղթեր, Հայաստանի կառավարության, այդ թվում Կրթության և գիտության նախարարության որոշումներն ու հրամանները:

«Կրթական կազմակերպություններ» բաժնում Հայաստանի և Սփյուռքի կրթական հաստատությունները, նախադպրոցական հիմնակները, Կրթության և գիտության նախարարության ստորաբաժանումները, կրթական հասարակական կազմակերպություններն ունեն տեղեկատվական էջեր, որտեղ, մասնավորապես, կարելի է գտնել տվյալ ուսումնական հաստատության ընդունելության կարգը, հասցեն, կապի միջոցները և այլն:

«Կրթությունը մարզերում» բաժնում կարող եք գտնել Հայաստանի բոլոր մարզերին վերաբերվող կրթական լուրերը, դրանցում գործող դպրոցների ու դպրոցների վեբ կայքերի հղումները՝ դասակարգված ըստ մարզերի:

«Սփյուռք» բաժինը տեղեկացնում է Սփյուռքի հայկական կրթօջախների և ուսումնական գործընթացին վերաբերվող նորությունների, համահայկական կրթական միջոցառումների մասին:

«Պաշարների կատալոգ» բաժինը դասակարգված հարուստ շտեմարան է, որտեղ կան տարբեր թեստերի հավաքածուներ, օլիմպիադաների կազմակերպման ու անցկացման մասին նյութեր, դիմորդներին անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, նշանավոր մարդկանց մասին նյութեր, թանգարանների, պատկերասրահների և այլ կրթական–մշակութային հաստատությունների հասցեներ և այլն:

«Կրթական փաստաթղթեր» բաժնում ամփոփված են կրթությանն ու գիտությանը վերաբերվող մի շարք փաստաթղթեր:

«Առարկայական ծրագրեր» բաժնում ներկայացվում են բոլոր առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը:

«Մեթոդական նյութեր», «Այլընտրանքային ուսուցման նյութեր» և «Օգտակար հղումներ» բաժիններում կարող եք գտնել մեծաքանակ հետաքրքիր նյութեր, այդ թվում՝ տարբեր մասնագետների անձնական փորձի օրինակներ, ուսուցման բազում նյութեր, բազմապիսի հղումներ, մեթոդական ուղեցույցներ, ներկայացումներ:

«Վիրտուալ հանդիպումներ» բաժինը հնարավորություն է ընձեռում առցանց եղանակով մասնակցել խորհրդաժողովների, ֆորում բաժնում մասնակցել տարբեր թեմաներով քննարկումների: Այս քննարկումները նախատեսված են միաժամանակ թե՛ ուսուցիչների և աշակերտների, թե՛ ծնողների և կրթական գործընթացի տարբեր մասնակիցների համար: Այն հետաքրքիր հանգրվան է մասնագետ–ուսուցիչ-աշակերտ–ծնող կապի ստեղծման և անկաշկանդ հաղորդակցման համար:

Պորտալում կազմակերպվում են առցանց միջոցառումներ՝ խորհրդատվություններ, խորհրդաժողովներ, մրցույթներ և հեռաուսուցում, առաջադրվում են հարցումներ, անցկացվում քվեարկություններ:

Պորտալի նորություններին կարելի է բաժանորդագրվել և ստանալ էլ-փոստով (http://armedu.am/arm/other.php?sec=subscribe):

«Ավելացնել պաշար» էջից կարելի է հարստացնել պորտալի պաշարները՝ ուղարկել սեփական նյութերը, մշակումները, ուղեցույցները, տեղեկատվությունը, որոնք կավելացվեն պորտալում: Ուղարկված պաշարը կարող է ունենալ առավելագույնը 3MB ծավալ և լինել doc, docx, xls, xlsx, pdf, ppt, pptx, pps, txt, rtf, gif, jpg, bmp, png, ico, swf, flv, html, htm, php, asp, aspx, rar, zip ընդլայնումներով:

«Կրթական համալիր էջ» պորտալը առաջարկվում է նաև անգլերենով: