ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՈՐՈՆՈՒՄ GOOGLE-Ի ՄԻՋՈՑՈՎ

Google որոնման համակարգը հնարավորինս արդյունավետ կիրառելու համար պետք է իմանալ դրա հնարքները: Այդ հնարքները հնարավորություն կտան առավել զտված արդյունքներ ստանալ, գտնել պետքական կայքերը: Այս հավելվածում ներկայացված են այդ հնարքներն ու համակարգի առանձնահատկությունները: Որոնման օրինակները գրվելու են հայերենին հատուկ չակերտների միջև (<>): Դա նշանակում է, որ որոնման համակարգում օրինակը փորձելու համար պետք է ներմուծել չակերտների մեջ պարունակված տեքստն՝ առանց չակերտների: Օրինակներում հանդիպող (“) չակերտները կիրառվում են հենց որոնումների մեջ, դրանք անհրաժեշտ են Google-ի որոնումը ճիշտ կազմակերպելու համար: Օրինակները փորձարկելիս, դրանք պետք է ներմուծել որոնման համակարգի համապատասխան դաշտում:

Արտահայտությունների որոնում

Google-ում որևէ արտահայտություն որոնելիս, համակարգը, սովորաբար, վեբ էջում նշված բառերը որոնում է առանց ուշադրություն դարձնելու դրանց դասավորությանը. բառերը կարող են հանդիպել կողք-կողքի կամ ցրված լինել էջով մեկ:

Օրինակ, եթե «հանրակրթական դպրոցներում համացանցային կապի ներդնումը» արտահայտությամբ որոնում կատարենք, ապա կբերվեն բոլոր այն էջերը, որոնցում այդ բառերը հանդիպում են ցանկացած հերթականությամբ: Օրինակ.

  • Ինտերնետ կապ ունի 530 դպրոց: ... տարրերը հանրակրթական համակարգում ներդնելու գործում ... (http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20061103_12&flag=am)
  • իններորդ, կապի բնագավառում հետամուտ լինել ... ինտերնետային կապի հասանելիությանն ու ... մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ` հաշվի առնելով ... է հանրակրթական դպրոցների (http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=8602)

Եթե ուզում ենք գտնել միայն այն էջերը, որոնցում ներմուծած բառերը հանդիպում են ճիշտ այնպիսի հերթականությամբ, ինչպես ներմուծվել են, ապա դրանք անհրաժեշտ է առնել չակերտների մեջ. “հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդնումը”:

Բոլո՞րը, թե՞ առնվազն մեկը

Երբ որոնում եք մի քանի բառ միաժամանակ (օրինակ՝ արտահայտություն փնտրելիս), Google-ը փորձում է գտնել այնպիսի էջեր, որոնք պարունակում են բոլոր նշված բառերը: Օրինակ, «արև լուսին մոլորակ» փնտրելիս գտնվում են այդ բառերը պարունակող այսպիսի արտահայտություններ պարունակող էջեր.

Եթե ցանկանում եք, որ բերվեն այն էջերը, որոնք պարունակում են փնտրվող բառերից առնվազն մեկը, ապա դրանց արանքում տպեք OR. «sun OR moon OR planets»:

Պետք է հիշել, որ Google-ը զգայուն չէ մեծատառերի նկատմամբ. եթե ներմուծեք «լուսին» կամ «Լուսին» կամ «լուսիՆ» կամ «ԼՈՒՍԻՆ», բոլոր դեպքերում կվերադարձվի միևնույն արդյունքը: Բայց «առնվազն մեկ բառի» փնտրման ռեժիմի անցնելու համար OR բառը պետք է հավաքել մեծատառերով:

OR-ի փոխարեն կարելի է օգտագործել «|» սիմվոլը՝ «արև | լուսին | մոլորակ»:

Google-ի սովորական և «առնվազն մեկ բառի» ռեժիմները կարելի է խմբավորել: Ենթադրենք՝ տեղեկատվություն եք որոնում Սոչի կամ Փարիզ չվերթների վերաբերյալ: Կարող եք որոնումը կատարել հետևյալ տողով՝ «չվերթ (Սոչի|Փարիզ)»: Google-ը նախ գտնում է բոլոր այն էջերը, որոնք պարունակում են «չվերթ» արտահայտությունը, ապա դրանցից ընտրում է նրանք, որոնք պարունակում են նաև «Սոչի» կամ «Փարիզ» բառերը:

Բացի այս բառից

Փնտրելիս կարող եք Google-ին հայտնել, որ ընտրի այն էջերը, որոնք չեն պարունակում տվյալ բառը: Դրա համար փնտրվող բառի առջև դրվում է – (մինուս) նշանը:

Օրինակ, եթե ուզում եք Հովհաննես անունն ունեցող ինչ-որ մեկի մասին տվյալներ գտնել, որոնելիս շատ կբերվեն Հովհաննես Թումանյանին նվիրված էջեր: Որոնումը կատարելով այսպես՝ «Հովհաննես –Թումանյան», բերված էջերում կբացառվեն Թումանյանին վերաբերվող էջերը: Կարելի է բացառել մեկից ավելի տարբերակներ, օրինակ՝ «Հովհաննես –Թումանյան –Շիրազ>: Այս դեպքում որոնման միջից կբացառվեն բոլոր այն էջերը, որոնցում հանդիպում են «Թումանյան» և «Շիրազ» ազգանունները:

Գիտցեք, որ մինուսի նշանը պետք է կպած լինի իրեն հաջորդող բառին, այլապես ցանկալի արդյունքը չի ստացվի: Օրինակ, եթե կատարվի «Հովհաննես – Թումանյան», որտեղ մինուսի նշանը կպած չէ Թումանյանին, կբերվեն բոլոր այն էջերը, որոնցում հանդիպում են թե՛ «Հովհաննես», թե՛ «Թումանյան» բառերը:

Ոչինչ դեն չնետե՛ս

Երբ որևէ արտահայտություն ենք որոնում, Google-ը, սովորաբար, հաշվի չի առնում մի շարք բառեր, որոնք, սովորաբար, շատ հաճախ են հանդիպում տեքստերում, օրինակ՝ «I», «a», «the», «of» և այլն:

Դուք կարող եք Google-ին ստիպել հաշվի առնել նաև այդ բառերը որոնում կատարելիս՝ դրանցից առաջ + (պլյուս) տեղադրելով: Օրինակ՝ «+A Beautiful Mind»:

Նկատեք, որ արտահայտություններ փնտրելիս արտահայտությունը չակերտների մեջ ներառելը ևս բերում է նրան, որ հաճախ հանդիպող բառերը չեն անտեսվում (օրինակ՝ «“to the Mars”», «to»-ն և «the»-ն չեն անտեսվում):

Սա պետք է հաշվի առնել անգլերենով որոնման ժամանակ, մինչդեռ հայերենով որոնման ժամանակ հաճախ հանդիպող բառերը, ինչպիսիք են «և», «ու», «կամ», «ում» և այլն, հաշվի առնվում են:

Հոմանիշներն է՛լ եմ ուզում

Այս հնարքը նույնպես կիրառվում է անգլերենով որոնման համար և դեռևս լիարժեք չի գործում հայերենով որոնում կատարելիս:

Եթե չեք հիշում ճշգրիտ բառը, որը կա ձեր ուզած էջի մեջ, բայց գիտեք դրա որևէ հոմանիշ, ապա Google-ը կփորձի ձեզ օգնել: Դրա համար որոնվող բառից առաջ դրվում է «~» (տիլդա) նշանը: Օրինակ՝ «~mouse» (մուկ) փնտրելիս կբերվեն էջեր, որոնցում հանդիպում են «pointer» և «cursor» բառերը (երկու բառերն էլ իրենց իմաստներից մեկով նկարագրում են մկնիկի սլաքը):

Շատ մի զարմացեք, եթե հանդիպեք իրար հետ կապ չունեցող բառերի, որոնք, ըստ Google-ի, հոմանիշներ են. բառերի որոնումը կատարվում է ոչ թե բառարաններով, այլ որոշակի ալգորիթմով, որը կարող է զգալիորեն շեղվել հոմանիշների բառարանից:

Նշված սահմաններում

Եթե, օրինակ, ուզում եք համակարգիչ գնել 50000-150000 դրամի սահմանում, ապա, ներմուծելով «համակարգիչ 50000-150000 դրամ» բառերը և կատարելով որոնում, պահանջվող այդյունքը չեք ստանա, որովհետև «-» (գծիկ) նշանը Google-ի կողմից միջակայքեր նշելու համար չի օգտագործվում: Փոխարենը օգտագործեք «..» (երկու կետ) օպերատորը՝ «համակարգիչ 50000..150000 դրամ»: Արդյունքում կնշվեն նաև այդ տիրույթում գին ունեցող համակարգիչները:

Կարելի է բաց թողնել միջակայքերի վերին կամ ստորին սահմանները: Օրինակ՝ «Համակարգիչ 50000.. դրամ» հարցման արդյունքում կբերվեն էջեր, որոնք վերաբերում են առնվազն 50000 դրամ արժեցող համակարգիչներին: Իսկ «Համակարգիչ ..150000 դրամ» հարցման շնորհիվ կբերվեն 150000 դրամը չգերազանցող արժողությամբ համակարգիչները:

Ես երջանիկ եմ (I’m Feeling Lucky)

Google-ի փնտրման էջն ունի երկու կոճակ. մեկի վրա գրված է Google Search (Google-ի որոնում)՝ այն նախատեսված է սովորական որոնման համար, մյուսի վրա՝ I’m Feeling Lucky (բառացի թարգմանվում է «Ես ինձ երջանիկ եմ զգում», բայց Google-ի հայերեն տարբերակում կոճակի վրա գրված է «հաջողակ»): Այս կոճակը սեղմելիս, Google-ը ոչ թե կառաջարկի ձեր հարցմանը բավարարող էջերի հավաքածու, այլ միանգամից կբացի այն էջը, որն, իր կարծիքով, ամենից շատ է բավարարում փնտրման պարամետրերին: Օրինակ, եթե հավաքեք «կտակ» և սեղմեք «I’m Feeling Lucky» («Հաջողակ») կոճակը, ապա կհայտնվեք կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում (http://www.ktak.am):

32 բառի սահմանափակումը

Եթե դուք երկար հարցումների սիրահար չեք, հավանաբար, չեք հանդիպել այս սահմանափակմանը: Google-ը թույլ է տալիս հարցման մեջ ընդգրկել 32 բառ (նախկինում՝ 10). առաջին 32-ից հետո հանդիպող բոլոր բառերն անտեսվում են:

Օրինակ՝ «ա բ գ դ ե զ է ը թ ժ ի լ խ ծ կ հ ձ ղ ճ մ յ ն շ ո չ պ ջ ռ ս վ տ ր աշխարհ» որոնման արդյունքում ստանում ենք այսպիսի հաղորդագրություն. «”Աշխարհ” (and any subsequent words) was ignored because we limit queries to 32 words» («“Աշխարհ“-ն անտեսվել է, քանի որ բառաքանակը սահմանափակված է 32-ով»՝ հայերեն տարբերակում):

Սահմանափակումը, թերևս, կարևոր է նրանց համար, ովքեր սիրում են երգի տեքստի մեծ կտորներ կամ ծրագրային սխալների երկարաշունչ տեքստեր պատճենահանել/հավաքել որոնման տողում:

Բնորոշիչ արտահայտություն

Ենթադրենք՝ պետք է որոնեք ինչ-որ բանաստեղծություն, որն այնքան էլ լավ չեք հիշում: Որոնումը կազմակերպելուց առաջ փորձեք հիշել նրա այնպիսի բառ, որը տվյալ լեզվում քիչ հանդիպող է: Օրինակ, եթե որոնում կատարեք «մարդոցից» բառով, որոնման հենց առաջին արդյունքը կլինի Վահան Տերյանի «Չարտասանված տխուր խոսքեր» բանաստեղծությունը, որի երկրորդ պարբերության մեջ բանաստեղծը գրում է «Պաղ մարդոցից խորը պահված»: Եթե որոնումը կազմակերպվեր նույն բանաստեղծության մեջ հանդիպող «մորմոք» բառով, ապա կբերվեին բազում այլ էջեր: Ընդհանրապես, որոնում կատարելիս ցանկալի է գտնել այդ որոնումը բնութագրող և հազվադեպ հանդիպող բառեր:

Ինքնուրույն լրացում

Եթե հիշում եք արտահայտության առաջին և երրորդ բառերը, իսկ երկրորդը՝ ոչ, ապա կարելի է երկրորդը փոխարինել աստղանիշով. Google-ը կգտնի բոլոր այն էջերը, որոնցում հանդիպում են ձեր նշած արտահայտության առաջին և երրորդ բառերը, իսկ արանքում՝ ցանկացած այլ բառ կամ արտահայտություն: Օրինակ՝ «իմ * Հայաստանի» որոնումը, ի թիվս այլ արդյունքների, կբերի հետևյալ արտահայտությունները պարունակող էջեր.

  • իմ անուշ Հայաստանի,
  • իմ համոզմամբ, Հայաստանի,
  • իմ ծրագրի մենեջերը գիտեր Հայաստանի:

Google-ը չի թույլատրում տառերը բացահայտ փոխող որոնումներ: Դուք չեք կարող որոնում կատարել «տու?» կամ «տու*> արտահայտություններով, ակնկալելով, որ կստանաք բոլոր այն էջերը, որոնցում կան «տու»-ով սկսվող և վերջում ևս մեկ տառ պարունակող բառեր (օրինակ՝ տուն), փոխարենը Google-ը կբերի «Տու» մակնիշի տարբեր ինքնաթիռներին վերաբերվող կայքեր:

Բայց նաև նկատենք, որ Google-ը ունակ է բառերի որոշակի ձևափոխություններ էլ անել, այդ թվում՝ հայերեն: Օրինակ, «տուն» տողով որոնում կատարելիս կգտնվեն «տունը», «տան» բառերը պարունակող էջեր:

Իսկ անգլերենով որոնելիս, Google-ը կփորձի բառի բաց թողնված մասերը «գուշակել». եթե, օրինակ, որոնում կատարեք «midght» բառով, ապա կգտնվեն «midnight» բառը պարունակող էջերը: Նկատեք, որ եթե որոնում կատարեիք «mid*ght» բառով (իբր, Google-ին օգնելու համար), միայն կշփոթեցնեիք նրան:

Աստղանիշը որպես բառ չի հաշվվում, այսինքն, եթե ներմուծեք 40 բառ, որոնցից 10-ը աստղանիշներ են, Google-ը 32-բառանի սահմանափակումը չի կիրառի (սա էական օգնություն էր 10 բառի սահմանափակման օրերում):

Պետք է հիշել, որ աստղանիշը կողքի բառերից պետք է անջատել բացատով, այլապես այն կընկալվի որպես բառի մաս:

Այսպիսով, որոնման ժամանակ առանձին բառերը կարելի է փոխարինել *-ով, բայց բառերի մասերը կամ տառերը՝ ոչ:

Որոնում՝ վեբ-էջերի վերնագրերում

«intitle:» (վերնագրում) հատուկ բառը Google-ին հուշում է, որ որոնումը կատարելիս ներմուծված բառերը պետք է համեմատել վեբ էջերի վերնագրերի, այլ ոչ թե պարունակության հետ:

Օրինակ, եթե որոնում կատարենք «Ռուբեն Հախվերդյան» արտահայտությամբ, ապա կգտնվեն բոլոր այն էջերը, որոնցում հանդիպում է Ռուբեն Հախվերդյանի անունը և ազգանունը, մինչդեռ, եթե որոնումը կատարենք այսպես, «intitle:Ռուբեն intitle:Հախվերդյան», ապա կգտնվեն միայն այն էջերը, որոնց վերնագրում կա այդ անունը և ազգանունը: Սա թույլատրում է ավելի նեղացնել որոնման տիրույթը և գտնել, մասնավորապես այս դեպքում, միայն Հախվերդյանին նվիրված էջերը, այլ ոչ թե նաև նրանք, որոնցում կարող է այդ անունը և ազգանունը հպանցիկ շոշափված լինել:

Նկատենք, որ «intitle:» բառը պետք է գրվի բոլոր այն բառերից առաջ, որոնք պետք է հանդիպեն վերնագրում: Եթե ունենք մի քանի բառից կազմված արտահայտություն կամ նախադասություն, ապա կարող ենք կիրառել «allintitle:» (բոլորը վերնագրում) հատուկ բառը, օրինակ՝ «allintitle:Ռուբեն Հախվերդյան»:

Ուշադրություն դարձրեք, որ «intitle:» հատուկ բառն օգտագործելիս վերջակետի նշանը (:) պարտադիր է, իսկ հաջորդ որոնման բառը պետք է կպած լինի «intitle:»-ին: Եթե արանքում բացատ է լինում (Օրինակ՝ «intitle: Ռուբեն Հախվերդյան») ապա «intitle» բառը դառնում է որոնվող բառ:

Որոնում՝ վեբ-էջերի տեքստում

(տեքստում) հատուկ բառը Google-ին հուշում է, որ ներմուծված բառերը պետք է որոնել միայն վեբ-էջի պարունակության տեքստում, իսկ վերնագիրն էական չէ: Օրինակ. «intext:տարա» որոնումը ցույց կտա նաև «Ստանդարտների ազգային ինստիտուտ» վերնագրով կայքը, որի էջում հանդիպում է «տարա» բառը:

«allintext:» (բոլորը տեքստում) հատուկ բառով կարելի է վեբ-էջի պարունակությունում որոնել ամբողջ արտահայտություն: Օրինակ, «allintext:Հայաստանի Հանրապետության նախագահ» որոնումը կգտնի այն էջերը, որոնց տեքստը պարունակում է նշված արտահայտությունը:

Որոնում՝ հասցեներում

«inurl:» (URL-ում) հատուկ բառը Google-ին հուշում է, որ ներմուծած բառերը պետք է որոնել ոչ թե վեբ-էջերի վերնագրերում կամ պարունակության տեքստում, այլ՝ հասցեներում:

Օրինակ, «inurl:schools.am» արտահայտությամբ որոնումը կբերի այն էջերը, որոնց հասցեները պարունակում են «schools.am> բաղադրիչը: Այդ էջերի թվում կլինեն schools.am դոմենի մասին տվյալներ հաղորդող կայքեր, ինչպես նաև schools.am ցանցի մեջ մտնող մի շարք դպրոցների հասցեներ, այդ թվում http://vanadzor11.schools.am, http://norhajen1.schools.am/, http://school154.schools.am և այլն:

Նախորդ դեպքերի նման, (բոլորը URL-ում) հատուկ բառի օգնությամբ կարելի է հասցեներում միաժամանակ մի քանի բառ փնտրել:

Որոնում՝ տրված կայքում

«site:» հատուկ բառով դուք կարող եք սահմանափակել Google-ի փնտրման տիրույթը կայքերի հասցեներով:

Օրինակ, «site:armedu.am» որոնումը կցուցադրի armedu.am կայքի էջերը (բայց ոչ այն էջերը, որոնցից կա հղում նշված կայքին): Պետք է հաշվի առնել, որ «site:»-ը նախատեսված է միայն վերին մակարդակի դոմեններում որոնում կազմակերպելու համար: Այսպես, եթե պետք է գտնել armedu.am կայքում գտնվող «ուսուցիչ» բառը պարունակող էջերը, ապա որոնումը կարող ենք կազմակերպել այսպես՝ «ուսուցիչ site:armedu.am»: Նկատենք, որ «allsite:» տարբերակ գոյություն չունի:

Հղվող էջեր

«link:» հատուկ բառի օգնությամբ կարող ենք Google-ին հրահանգել, որ որոնումը կատարի այն էջերում, որոնք պարունակում են հղում որոնվող կայքի վրա: Օրինակ, «link:www.ktak.am» արտահայտությամբ որոնում կատարելով, կգտնվեն ktak.am կայքին հղվող կայքերը: Բերվող ցուցակը պարունակում է նաև ինքնահղումներ: Դրանք բացառելու համար կարելի է կիրառել ժխտման օպերատորը՝ «–», օրինակ՝ «link:www.ktak.am–site:www.ktak.am»:

Միայն նշված տիպի ֆայլերը

«filetype:» հատուկ բառի օգնությամբ կարող եք Google-ին հրահանգել, որ որոնումը սահմանափակի միայն տվյալ տիպի ֆայլերով:

Օրինակ, «filetype:pdf սահմանադրություն» արտահայտությամբ որոնումը կբերի բոլոր այն ինդեքսավորված pdf փաստաթղթերը, որոնց մեջ հանդիպում է «սահմանադրություն» բառը, այդ թվում՝ կգտնվի ՀՀ սահմանադրության pdf տիպի ֆայլով տարբերակը:

Նկատենք, որ պարտադիր չէ հատուկ բառը տեղադրել ամենասկզբում. նույն որոնումը կարելի է կազմակերպել այսպես՝ «սահմանադրություն filetype:pdf»:

Լրացուցիչ տեղեկություններ

«info:» հատուկ բառը ցուցադրում է հղումների ցանկ, որոնք լրացուցիչ տեղեկություններ են պարունակում տվյալ հասցեի վերաբերյալ. հղում հասցեի հիշապահեստին, տվյալ էջի վրա հղվող կայքեր, «նման» էջեր, էջեր, նշված կայքի ներսում, և այլն: Օրինակ, կարող եք փորձել որոնում կատարել հետևյալ արտահայտությամբ՝ «info:www.ktak.am»:

Նույնանման կայքեր

«related:» հատուկ բառի օգնությամբ կարելի է գտնել տրված էջի հետ (իմաստով) կապված էջերը: Օրինակ, եթե կատարենք «related:www.tert.am» արտահայտությամբ որոնում, ապա կգտնենք մի շարք լրատվական կայքեր:

Հատուկ բառերի համադրումներ

Որոնումը կազմակերպելիս կարելի է միաժամանակ մի քանի համադրումներ կիրառել: Բայց կան արդյունավետ և կան անարդյունավետ համադրումներ, ինչի մասին կխոսվի ստորև:

Պետք չէ խառնել այն տարրերը, որոնք միմյանց բացառում են: Օրինակ, «site:www.armedu.am -inurl:armedu» արտահայտությամբ որոնում կատարելիս մենք Google-ին հրահանգում ենք, որ ցուցադրի http://www.armedu.am կայքի այն էջերը, որոնց հասցեներում armedu բառը բացակայում է. պարզ է, որ այդպիսի էջեր չկան:

Պետք չէ չափից ավելի կիրառել միևնույն տարրը, ինչպես, օրինակ, հետևյալ օրինակում՝ «նորություններ site:tert.am site:a1plus.am»: Կարելի է մտածել, որ այս օրինակում Google-ին խնդրում ենք ցուցադրել էջեր http://tert.am և http://a1plus.am կայքերից, սակայն իրականում տրվում է հրահանգ, որ գտնվեն այն էջերը, որոնք միաժամանակ պետք է պատկանեն երկու կայքերին, ուստիև՝ ստանում ենք էջերի դատարկ ցուցակ: Երկու կայքերից որևէ մեկին պատկանող էջերը ցուցադրելու համար հարցումը պետք է վերաձևակերպել այսպես՝ «նորություններ (site:tert.am | a1plus.am)» կամ այսպես. «նորություններ (site:tert.am OR a1plus.am)»:

Խուսափեք «allinurl:» և «allintitle:» հատուկ բառերը խառը տիպի հարցումներում կիրառելուց: Փոխարենը կարելի է օգտագործել «inurl:» և «intitle:» հատուկ բառերը: Օրինակ, «allinurl:-ի» սխալ տեղում կիրառումը կարող է տարօրինակ արդյունքներ ունենալ: Դիտարկենք հետևյալ հարցումը. «allinurl:ktak intitle:Կրթական»: Թվում է, թե որոնում ենք այն էջերը, որոնց հասցեները պարունակում են «ktak» բառը, իսկ վերնագիրը պարունակում է «Կրթական» բառը: Սակայն, ինչպես վկայում է պատասխանի դատարկ էջը, «allinurl:»-ը չի համադրվում այլ հատուկ բառերի հետ: Դիրքի փոփոխություն՝ «intitle:Կրթական allinurl:ktak» իրավիճակը չի փոխում: Բայց բավական է, որ «allinurl:»-ը փոխարինենք «inurl:»-ով և կստանանք ցանկալի արդյունքը:

Խուսափեք որոնման տիրույթը չափազանց նեղացնող հարցումներից: Օրինակ, «intitle:տեխնոլոգիաներ site:ktak.am inurl:համակարգիչ» արտահայտությամբ որոնում ենք այն էջերը, որոնք գտնվում են http://ktak.am կայքում, որոնց վերնագիրը պարունակում է «տեխնոլոգիաներ» բառը, իսկ հասցեն պարունակում է «համակարգիչ» բառը: Այս հատուկ բառերի համադրությունը գրագետ ու ճիշտ է, սակայն որոնման տիրույթն այնքան նեղ է, որ Google-ը վերադարձնում է դատարկ ցուցակ: Փոխարենը կարելի է մեղմել հարցման պայմանները: Օրինակ, վերացնելով հասցեում «համակարգիչ» բառը լինելու պահանջը՝«intitle:տեխնոլոգիաներ site:ktak.am»

Որոնման տիրույթը սահմանափակելու ամենահաջող եղանակը, թերևս, «intitle:» և «site:» հատուկ բառերի կիրառումն է:

Օրինակ, եթե մեզ հետաքրքրում է, թե կառավարությունն ինչ որոշումներ ունի, ապա կարող ենք կազմակերպել հետևյալ արտահայտությամբ որոնում՝ «intitle:որոշում intitle:gov.am»: Արդյունքում կբերվեն մի քանի հարյուր էջեր կառավարության կայքից: Կարելի է էլ ավելի նեղացնել որոնումը: օրինակ, եթե մեզ հետաքրքրում են կրթությանը առնչվող որոշումները, ապա կարող ենք հարցմանն ավելացնել, որ որոնի այն էջերը, որոնց պարունակության տեքստում հանդիպում է «կրթական» բառը՝ «intitle:որոշում intext:կրթական intitle:gov.am»:

Ընդլայնված որոնում

Google որոնման համակարգի որոնման դաշտի աջ մասում կա հղում՝ «Advanced search» (ընդլայնված որոնում), որի հետևում թաքնված է որոնման այլընտրանքային միջերեսը (նկ. 42): Այստեղ կարող եք լրացնել դաշտերը և, սեղմելով «Որոնել» կոճակը, կատարել որոնում: Ստորև ներկայացված են այդ միջերեսում եղած դրույթներն իրենց բացատրություններով (փակագծերում բերված են Google որոնման համակարգի հայերեն թարգմանության մեջ կիրառված թարգմանությունները):

Նկ.42. Google որոնման համակարգի հայերեն տարբերակի «ընդլայնված որոնում» էջը

All these words (բոլոր բառերով). կարող եք հավաքել մի քանի բառ՝ միմյանցից բացատով անջատված, և կբերվեն այն էջերը, որոնք պարունակում են բոլոր այդ բառերը (Google-ի ստանդարտ վարքն է):

The exact wording or phrase (ճիշտ նույն արտահայտությամբ). համարժեք է որոնման բառերի՝ ուղիղ չակերտների մեջ ներառմանը: Վերադարձնում է այն էջերը, որտեղ բառերը հանդիպում են կողք-կողքի:

One or more of these words (առնվազն մեկ բառով). համարժեք է որոնման բանալիների՝ միմյանցից «OR»-ով կամ «|»-ով անջատելուն, վերադարձնում է էջեր, որոնցում հանդիպում է բանալիներից առնվազն մեկը:

But don't show pages that have any of these unwanted words (Առանց հետևյալ բառերի). համարժեք է որոնվող բառերի առջև «-» նշանը դնելուն, բացառում է այն էջերը, որոնցում հանդիպում են նշված բառերը (եթե նշում եք մի քանի բառ, ապա դրանք պետք է իրարից անջատել բացատով):

Results per page (արդյունքների քանակն էջում). կարող եք ընտրել, թե որոնման արդյունքում գտնված հղումներից քանիսը պետք է ցուցադրվեն մեկ էջում: Սկզբնական արժեքը 10-ն է:

Language (լեզու). կարող եք ընտրել որոնման լեզուն, սկզբնական արժեքն է «any language» (ցանկացած լեզվով):

File type (ֆայլի ֆորմատ). կարող եք որոնումը սահմանափակել ֆայլերի հետևյալ տիպերից մեկով՝ .pdf (Adobe Acrobat PDF), .ps (PostScript), .dwf(Autodesk DWF), .kml (Google Earth KML), .kmz (Google Earth KMZ), .xls (MS Excel), .ppt (MS PowerPoint), .doc (MS Word), .rtf (Rich Text Format), .swf (Shockwave Flash): Սկզբնական արժեքը «any format» (ցանկացած ֆորմատ) է:

Search within a site or domain (դոմեն). հատուկ բառի համարժեքն է, որը սահմանափակում է որոնումը տվյալ կայքով (կարելի է ընտրել ժխտականը, այսինքն՝ որոնել բոլոր կայքերում, բացի այդ մեկից): Թույլատրվում է ներմուծել միայն մեկ բառ՝ առանց բացատների:

Date (ամսաթիվ). կարող եք ընտրել այն էջերը, որոնք ինդեքսավորվել (հաշվառվել) են Google-ի կողմից վերջին օրվա, շաբաթվա, ամսվա կամ տարվա ընթացքում: Հաշվի առեք, որ սա ոչ թե էջի ստեղծման ժամանակն է, այլ Google-ի կողմից այդ էջը «նկատելու» և հաշվառելու: Սկզբնական արժեքը «any time» (ցանկացած ժամանակ) է: Հաշվառման ժամանակահատվածը կարելի է նշել ավելի ճշգրիտ «daterange:» հատուկ բառի օգնությամբ:

Usage rights (օգտագործման իրավունքը). կարող եք ընտրել հեղինակային իրավունքների և լիցենզավորման հետ կապված տարբերակներ: Սկզբնական արժեքը «not filtered by license» (իրավունքազտված չեն) է:

Where your keywords show up (հանդիպում է). կարող եք ընտրել, թե որտեղ պետք է գտնվեն որոնվող բառերը՝ «in the title of the page» (էջի վերնագրում), «in the text of the page» (էջի տեքստում), «in the URL of the page» (էջի հասցեում), «in links to the page» (էջի վրա հղումներում): Սկզբնական արժեքը «anywhere in the page» (էջում ամեն տեղ) է:

Region (շրջան). կարող եք սահմանափակել որոնումն ըստ տարածաշրջանի: Սկզբնական արժեքը «any region» (ցանկացած տարածաշրջան) է:

Find pages similar to the page (գտնել նմանատիպ էջեր). սովորական որոնման փոխարեն որոնվում են տվյալ էջին «նման» էջերը:

Find pages that link to the page (գտնել այն էջերը, որոնք հղվում են հետևյալ էջին). գտնում է այն էջերը, որոնք հղվում են նշված կայքին: