ԱՌՑԱՆՑ ԽԱՂԵՐ

Համացանցային առցանց խաղերը մեծ ճանաչում ունեն: Կան բազմատեսակ խաղեր, ինչպիսիք են, օրինակ՝ անցումները (arcades), դերային խաղերը (role plays), ռազմավարական խաղերը (strategies), մարզական խաղերը (sport games) և այլն: Կարելի է խաղալ մենակ, փոքր, նեղ խմբերով, իսկ մեծ սպասարկուներում տեղադրված խաղերը՝ հազարավոր անծանոթ մարդկանց հետ:

Վերջին տարիներին խիստ մեծացել են ներդրումները խաղերի մշակման ոլորտում: 2005թ. մեկ խաղ մշակելու արժեքը կազմում էր մոտ 5-7 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ որոշ հատուկ դեպքերում այն կարող էր հասնել մինչև 20 միլիոն դոլարի: Ըստ տնտեսական ոլորտի վերլուծությունների, 2010թ. տեսախաղերի համաշխարհային շուկայի ծավալները հասնելու են 26 միլիարդ դոլարի: Այս թվերը ցույց են տալիս, որ առցանց խաղերը խոշոր բիզնեսի զարգացող ճյուղերից են:

Առցանց խաղերը լոկ ժամանցի ձև չեն. սա համագործակցության վրա հիմնված մի գործունեության ձև է, որին հավասարապես հաճույքով են մասնակցում թե՛ երեխաները, և թե՛ մեծահասակները: Այս գործունեությունը խթանում է ստեղծարարությունն ու շփումը և որոշակի դեր է կատարում մարդկանց մտավոր և սոցիալական զարգացման գործում: Ի դեպ, խաղերն այն հազվադեպ դաշտերից են, որտեղ մեծահասակները և երեխաները կարող են մտքեր փոխանակել և շփվել հավասարը հավասարի պես, ինչը խիստ էական է միջսերնդային երկխոսության զարգացման համար:

Երեխաներն առավել լավ են սկսում հասկանալ սոցիալական գործընթացները, որոշումների ընդունման ձևերը, երբ խաղում են զանազան սոցիալական գործընթացներ մոդելավորող խաղեր, որոնցում խաղային միջավայրը սահմանափակված է որոշակի կանոններով և պարամետրերով: Երեխաները փորձարկում և զարգացնում են իրենց սոցիալական ունակություններն առանց սխալվելու դեպքում պատժվելու վախի և վերահսկողության:

Խաղերը շատ հաճախ պարունակում են սեփականության ընդհանուր օգտագործման և ուրիշի սեփականությունը հարգելու տարրեր: Երբեմն խաղացողները շփվում են նաև այլ մշակույթի կրողների հետ և ավելի լավ ընկալում մշակութային տարբերությունները և նմանությունները:

Քանի որ խաղերում երեխաները ստիպված են հաշվի նստել հստակ սահմանված կանոնների և պայմանների հետ, նրանք զարգացնում են իրենց ինքնակառավարման ունակությունները և ինքնուրույնությունը:

Գլուխկոտրուկները, արկածային խաղերը և տարբեր հանձնարարությունների կատարումը զարգացնում են ռազմավարական պլանավորման և խնդիրների լուծման ունակությունները: Որոշ խաղեր զարգացնում են հենաշարժիչ համակարգի նուրբ կառավարման ունակությունները և տարածական կողմնորոշումը, որի շնորհիվ դրանք կարող են կիրառվել տարբեր առողջական խնդիրներ ունեցող երեխաների թերապևտիկ բուժման համար:

Առցանց խաղալու հնարավորությունը նորեկներին ծանոթացնում է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների բազային ունակությունների հետ:

Խաղային տեխնոլոգիաները կարող են ինտեգրվել ուսումնական ծրագրերի գրեթե բոլոր գործընթացներին, սկսած մաթեմատիկայից, վերջացրած հասարակական գիտություններով և լեզուներով:

Հաճախ համակարգչային որոշ խաղերի ագրեսիվ բնույթը կապվում է երիտասարդների ագրեսիվության աստիճանի աճի հետ: Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ համակարգչային խաղերի՝ բռնություն պարունակող տարրերի ազդեցությունն ավելի մեծ չէ, քան հեռուստատեսության և կինոարտադրության միջոցով խթանվող ագրեսիվության աճը:

Համակարգչային խաղերից երիտասարդների կախվածության աստիճանի որոշման ուսումնասիրությունները նույնպես միանշանակ արդյունքներ չեն տալիս, քանի որ շատ դժվար է տարբերակել իրական կախվածությունը համակարգչային խաղերին շատ ժամանակ տրամադրելու օրինակներից: Սակայն միաժամանակ պետք է նշել, որ խաղերով տարված անձանց մոտ գրանցվում են իրական կախվածության դեպքեր, ինչը բավականին շահարկվեց, երբ 2005թ. օգոստոսին կորեացի մի մարդ մահացավ 50 ժամ անընդհատ համակարգչային խաղեր խաղալու արդյունքում:

Որոշ խաղերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք խթանում են ռասայական և սեռային կարծրատիպերի ստեղծումը: Առցանց խաղերը հնարավորություն են ընձեռում կապվելու և շփվելու անծանոթ մարդկանց հետ, որը, չարաշահման դեպքում, նույնպես կարող է բերել որոշակի վտանգավոր իրավիճակների:

Վերջերս բավականին լավ զարգանում է համակարգչային խաղերի ռեյտինգավորման և որոշակի չափորոշիչների հիման վրա խաղերի պիտակավորման համակարգերի մշակումը: Սա օգնում է խաղերով հետաքրքրվողներին գնահատելու խաղերի բովանդակությունը, տարիքային համապատասխանությունը և, ընդհանուր առմամբ, ավելի ճիշտ կողմնորոշվելու խաղային շուկայում: Այսպես, օրինակ, գոյություն ունի համաեվրոպական PEGI դասակարգման համակարգը, որը սահմանել է հստակ գնահատման չափորոշիչներ խաղերի տարիքային սահմանափակումների և բովանդակության գնահատման համար (օրինակ՝ խաղում կիրառվող բռնության աստիճանը և այլն): Համակարգի կայքում (www.pegi.info) կարելի է գտնել մոտ 8000 խաղերի ռեյտինգավորման արդյունքներ:

Բազմաթիվ կազմակերպություններ այսօր մշակում են հստակ ուղղվածություն ունեցող առցանց խաղային հենքեր, որոնք զարգացնում են որոշակի ունակություններ, արժեքային համակարգեր: Այսպես, օրինակ, Եվրախորհուրդը մշակել և գործարկել է http://www.wildwebwoods.org/ առցանց ինտերակտիվ խաղը (նկ.31), որի նպատակն է հետ պահել երեխաներին բռնությունից և խթանել նրանց իրավունքների իմացությունը:

Նկ.31. Wild Web Woods առցանց խաղը


ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Հետևեք համակարգչային խաղերով զբաղվելու վրա երեխաների ծախսած ժամանակին: Հստակ քայլեր ձեռնարկեք, եթե դրանց պատճառով տուժում են դասերը, ակտիվ հանգիստը, այլ հետաքրքրությունները:

Խաղային համայնքները խթանում են երեխաների՝ սոցիալական որևէ խմբի պատկանելիության զգացումը, և նրանք կարող են չափից ավելի վստահել այն անձանց, ում իրենք ցանցից դուրս չեն ճանաչում: Սա կարող է զանազան չարաշահումների առիթ տալ: Հետևեք երեխաների առցանց ակտիվությանը և պարբերաբար նրանց հիշեցրեք, որ առցանց ընկերները միշտ չէ, որ ցանցից դուրս այն են, ինչպիսին ներկայանում են վիրտուալ իրականությունում: Երեխաներին բացատրեք անձնական տեղեկատվության պահպանման կարևորության մասին, այդ տիպի տեղեկատվությունը առցանց տարածելու վտանգների մասին: