ՖՈՐՈՒՄՆԵՐ

Ֆորումները վեբ կայքերի տեսակ են, որոնք օգտագործողին հնարավորություն են տալիս հարմար տարբերակով կազմակերպել քննարկումներ:

Որպես կանոն, ֆորումներում լինում են թեմատիկ բաժիններ՝ բաղկացած որոշակի թեմաներից, որոնցում կազմակերպվում է քննարկումը՝ գրառումների տեսքով: Օրինակ, ֆորումը կարող է ունենալ «Համացանց» թեմատիկ բաժին, որի մեջ կմտնեն «Պորտալներ», «Բլոգներ» և այլ թեմաներ:

Երբեմն կայքերին կից ներկայացվում են ֆորումներ, կայքին համապատասխանող քննարկումները կազմակերպելու համար, որոնցում թեմատիկ բաժինների առանձնացման կարիք չկա, կան միայն թեմաներ, որոնցում կատարվում են գրառումներ: Նման ֆորումի օրինակ է http://armedu.am պորտալին կից գործող ֆորումը:

Հիմնականում՝ ֆորումներում գրառումներ անելու ու նոր թեմաներ ստեղծելու հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է գրանցվել: Բայց կան նաև ֆորումներ, որոնք բաց են բոլոր այցելուների համար:

Ֆորումում գրանցված մասնակիցները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ սովորական մասնակիցներ, մոդերատորներ և ադմինիստրատորներ: Մոդերատորներն ու ադմինիստրատորները սովորական մասնակիցներից տարբերվում են իրենց որոշ լիազորություններով ու պարտականություններով:

Որպես կանոն, ֆորումներն ունենում են կանոնների համակարգ, որոնց համապատասխան՝ կազմակերպվում են քննարկումները: Մասնավորապես, ֆորումների մեծ մասում արգելվում է թեմաներում կատարել այնպիսի գրառում, որը շեղված է թեմայի պահանջից: Քննարկումները պետք է ընթանան կազմակերպված, հստակ թեմայի շրջանականերում:

Մոդերատորները կցվում են ֆորումի բաժիններից մեկին, և նրանց պարտականությունն է՝ հետևել, որ այդ բաժնում ընթացող քննարկումների ժամանակ մասնակիցները չխախտեն ֆորումի կանոնները: Խախտումների դեպքում նրանք իրավունք ունեն ջնջել կամ խմբագրել գրառումը, զգուշացնել մասնակցին խախտումի մասին, ժամանակավոր կամ ընդմիշտ հեռացնել ֆորումից: Որոշ ֆորումներում նաև մտցված է տուգանային միավորների համակարգ, և կանոնները խախտող մասնակիցները տուգանվում են: Որոշակի քանակի տուգանքների առկայության դեպքում նրանք զրկվում են իրենց որոշ լիազորություններից կամ՝ հեռացվում ֆորումից: Բացի մոդերատորներից, կա նաև ավագ մոդերատոր հասկացությունը, ով ֆորումի բոլոր բաժինների մոդերատորն է:

Ադմինիստրատորներն օժտված են նույն հնարավորություններով ու պարտականություններով, ինչ՝ ավագ մոդերատորները: Դրան գումարվում է նաև ֆորումների տեխնիկական, ծրագրային սպասարկումը:

Ֆորումներից շատերում, քննարկումներից բացի, թեմաներին հնարավոր է լինում կցել նաև հարցումներ՝ ըստ թեմատիկայի: Այսպես, «Զննարկիչների տարբերությունները» վերնագրով թեմա բացողը կարող է թեմային կցել հարցում, թե մասնակիցը ո՞ր զննարկիչից է ավելի հաճախ օգտվում՝ նշելով «Internet Explorer», «Mozilla Firefox», «Opera», «Google Chrome», «Apple Safari» և «Այլ» տարբերակները: Հիմնականում, քվեարկելու իրավունք ունենում են միայն գրանցված մասնակիցները, ընդ որում՝ յուրաքանչյուրը միայն մեկ անգամ:

Ֆորումների մեծ մասի կառավարումը ճկուն է, և ֆորումի ղեկավարը կարող է ամենատարբեր սահմանափակումներ մտցնել: Այսպես, հնարավոր է, որ ֆորումում գրառում կարողանան անել բոլոր գրանցված մասնակիցները, բայց քվեարկության և նոր թեմա առաջարկելու իրավունք ունենան միայն որոշակի պայմաններին բավարարող անձինք, օրինակ՝ այն մասնակիցները, ովքեր ֆորումում կատարել են 100-ից ավելի գրառում, կամ ըստ վարկանիշային սանդղակի հասել են ինչ-որ սահմանային մակարդակի:

Այս բոլոր սահմանափակումները հնարավորություն են տալիս ֆորումներում կազմակերպել առավել լուրջ և խորը քննարկումներ, քան համացանցային այլ տիպի կայքերում:

Ֆորումները կարող են ունենալ նաև փակ բաժիններ, որոնք ադմինիստրատորի հայեցողությամբ տեսանելի են միայն որոշակի խմբի մարդկանց: Ֆորումներում կան նաև խմբակների հնարավորություններ, և կարող են լինել բաժիններ, որոնք տեսանելի են միայն այդ խմբակի մասնակիցներին, կամ էլ տեսանելի են բոլորին, բայց դրանցում գրառումներ անելու հնարավորություն տրվում է միայն խմբակի անդամներին: Նման խմբակները սովորաբար ունենում են ղեկավարներ: Ֆորումի մասնակիցները կարող են հայտ տալ խմբակին անդամակցելու համար, իսկ խմբակի ղեկավարը որոշի՝ հայտն ընդունե՞լ, թե՞ մերժել:

Ֆորումների մեծ մասն ունի նաև ներկցված փոստային համակարգ, որը հնարավորություն է տալիս ֆորումի մասնակիցներին այլոց աչքից հեռու հաղորդակցվել միմյանց հետ, առանց ֆորումից դուրս գալու:

Ֆորումի մասնակիցներն ունենում են իրենց սեփական անձնագիրը (profile), որտեղ կարող են լրացնել (որոշ ֆորումներում պահանջվում է) որոշակի տեղեկատվություն իրենց մասին, այդ թվում՝ անհապաղ հաղորդակցման համակարգերի հասցեներ, բնակավայր, սեռ, տարիք, ծննդյան ամսաթիվ, հետաքրքրություններ, նախասիրություններ և այլն:

Մասնակիցները կարող են ունենալ, այսպես կոչված, ավատարներ: Ավատարները փոքր չափի նկարներ են, որոնք պատկերվում են մասնակցի բոլոր գրառումների մոտ՝ մականվան կողքին: Սա հնարավորություն է տալիս ակնառու ճանաչել մասնակցին, առանց նրա մականունը կարդալու, ինչպես որ առօրյա կյանքում ինչ-որ ծանոթի տեսնելիս պարտադիր չէ, որ նա ասի՝ «Ես Պետրոսն եմ»: Բայց միշտ չէ, որ ավատարներին պետք է վստահել, որովհետև մասնակիցը այն կարող է փոխել, կամ էլ կարող է հանդես գալ ուրիշի նկարով:

Մասնակիցներն ունենում են նաև ստորագրություն ընտրելու հնարավորություն, որը պատկերվում է նրանց կատարած բոլոր գրառումների տակ: Ստորագրության համար տարբեր ֆորումներում տարբեր սահմանափակումներ են դրվում, սկսած դրա երկարությունից, վերջացրած դրանցում նկարներ տեղադրելու թույլտվությունից:

Ֆորումներից շատերում կա թեմաները գնահատելու համակարգ: Շատերում կան նաև մասնակիցների գրառումները գնահատելու, այսպես կոչված վարկանիշների համակարգ: Ընդ որում, գրառումը կարելի է գնահատել թե՛ դրական, թե՛ բացասական: Այդպիսի ֆորումներում, ըստ ստացված գնահատականների, որոշվում է տվյալ մասնակցի հեղինակության աստիճանը:

Կան նեղ ուղղվածությամբ, այսպես կոչված՝ «մասնագիտացված» ֆորումներ, նաև կան ընդհանուր, լայն կիրառման ֆորումներ, որոնք առաջարկում են բազում թեմատիկ բաժիններ:

Հայկական ամենատարածված ֆորումներից է http://www.akumb.am-ը, որը առաջին հայատառ ֆորումն է (նկ.25): Այս ֆորումի հատկանիշներից մեկն այն է, որ, ի թիվս այլ կանոնների, դրանում արգելվում են ոչ հայերեն և ոչ հայատառ քննարկումները:

Նկ.25. Akumb.am ֆորումը

Ֆորումների ցանկ է ներկայացված http://armenianforums.com կայքում:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Ֆորումներում գրանցվելիս՝ նշեք գործող էլ-փոստի հասցեներ: Ֆորումներից շատերում գրանցվելուց անմիջապես հետո ձեզ նամակ է ուղարկվում, որտեղ նշված է հղում, որով պետք է հաստատեք, որ ձեր նշած հասցեն ճիշտ է: Ֆորումներից շատերը մասնակիցների գրանցումը երկու աստիճանով են անցկացնում: Էլ-փոստի հասցեն հաստատելուց հետո ադմինիստրատորը ստուգում է ձեր գրանցման տվյալները, որոշելու համար հաստատե±լ գրանցումը, թե± ոչ: Սա արվում է բազում նպատակներով, այդ թվում՝ խոչընդոտելու համար երկակի գրանցումները, ռոբոտ համակարգերի գրանցումները, ֆորումից հեռացված անդամների նորից գրանցումը և այլն:

Գրառումներ անելուց ու թեմաներ ստեղծելուց առաջ ծանոթացեք ֆորումի կանոններին: Որպես կանոն, ֆորումների մոդերատորներն ու ադմինիստրատորներն ուշադիր հետևում են այդ պայմանների կատարմանը: Չկատարելու դեպքում, ձեր գրառումները կարող են ջնջվել, ձեր մասնակցությունը՝ դադարեցվել:

Անկախ տվյալ ֆորումի կանոններից, հայկական ֆորումներում հայերեն գրեք հայերեն տառերով: Այլ լեզվի տառերով հայերեն (այսպես կոչված՝ տրանսլիտով) գրառումները դժվարացնում են դրանց ընթերցումը, վանում այլ մասնակիցներին: Զերծ մնացեք տեքստի ավելորդ ու ճչացող ձևավորումներից: Հիշեք որ ֆորումներում ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրառումները նույնացվում են խոսակցականում բարձր տոնի հետ, և քննարկման մասնակիցներն այն կարող են համարել ագրեսիվ, հետևաբար, զերծ մնացեք նման գրառումներից: Գրառումը մի անլրջացրեք էմոտիկոնների չարաշահմամբ. դրանց մեծաքանակությունը մյուս մասնակիցներին կարող է վանել ամենալուրջ գրառումներից:

Քննարկումներում վեճերի մեջ չմտնելու համար միշտ հարգալից եղեք քննարկման մյուս մասնակիցների հետ, հիշեք, որ ֆորումներում բոլորն ունեն համահավասար իրավունքներ, «վերևից խոսելը» ձեր նկատմամբ վատ է տրամադրելու մյուս մասնակիցներին, հարգանքի փոխարեն արժանանալու եք քամահրանքի: Նախքան թեմա ստեղծելը կատարեք որոնում, հավանական է, որ ձեր առաջարկելիք թեման արդեն իսկ գոյություն ունի: Եթե կա այդպիսին, կարդացեք այն: Ձեր հարցի պատասխանը չգտնելու դեպքում ձեր հարցը գրեք հենց այդ թեմայում:

Ինչ-որ թեմայում գրառում անելուց առաջ ծանոթացեք քննարկմանը, հավանական է, որ ձեր տեսակետն արդեն արտահայտած լինեն մյուս մասնակիցները, իսկ նման դեպքերում կրկնվելը իմաստավորված չէ: Հայտնեք ձեր համաձայնությունը այդ մասնակցի գրառմանը:

Մշտապես հիշեք, որ ֆորումներում գերակա են տվյալ ֆորումի կանոնները. մի պնդեք ձերը, եթե ձեր վարքը հակասել է այդ ֆորումի կանոններին: Հիշեք, որ ֆորումներն ունեն սեփականատեր, ով որոշում է այդ ֆորումում հաղորդակցման կարգը: