ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ

Էլեկտրոնային փոստը, համառոտ՝ էլ-փոստը, համակարգիչների միջև հաղորդագրություններ փոխանակելու համակարգ է: Համակարգիչները պետք է միմյանց միացված լինեն տեղային կամ տարածաշրջանային ցանցի, օրինակ՝ համացանցի միջոցով: Հաճախ էլ-փոստ ասելով նկատի ունեն հենց ինքը՝ հաղորդագրությունը: Էլ-փոստը հասցեատիրոջը սովորաբար վայրկյանների ընթացքում է հասնում, իսկ վերջինս որոշում է, թե երբ կարդա ու պատասխանի: Ճկուն և արդյունավետ համակարգ հանդիսանալով՝ էլ-փոստն էապես փոխել է մեր աշխատելու և հաղորդակցվելու եղանակը: Էլ-փոստով օրական միլիարդավոր նամակներ են ուղարկվում:

Էլ-փոստի հասցեն բաղկացած է երկու մասից՝ լոկալ և դոմենային, որոնք անջատվում են @ (կարդացվում է՝ ըթ) նշանով: Լոկալ անունը հաճախ, բայց ոչ միշտ, նշում է տիրոջ անունը, իսկ դոմենը՝ կազմակերպության, ընկերության կամ համացանց մատուցողի անունը: Դոմենի անունը կարող է նաև նշել կազմակերպության տիպը կամ երկիրը: Օրինակ՝ petros@ysu.am հասցեն կարող է պատկանել ոմն Պետրոսի, որն աշխատում կամ ուսանում է Երևանի պետական համալսարանում (ysu – Yerevan State University, am – Armenia):

Էլ-փոստային հաղորդագրությունը բաժանվում է վերնագրի և բովանդակային մասի: Վերնագիրն ընդգրկում է տեղեկություններ նամակն ուղարկողի («From» – «Ումից» դաշտը) և ստացող(ներ)ի («To» - «Ում», «Cc (Carbon Copy)» - «Տպածո պատճեն» և - «անտեսանելի տպածո պատճեն» դաշտերը) մասին, նամակն ուղարկելու ամսաթիվն ու ժամանակը, ինչպես նաև բովանդակության համառոտ նկարագիրը («Subject» - «Թեմա» դաշտը): Բովանդակային մասը նամակի հիմնական տեքստն է պարունակում: Այդ մասում հնարավոր է ավելացնել նաև «ստորագրություն», որը կարող է ընդգրկել ուղարկողի անունն ու ազգանունը, պաշտոնը, հիմնարկի լրիվ անվանումն ու փոստային հասցեն, հեռախոսահամարները և այլ նման տեղեկություններ:

Cc դաշտում նշվում են նամակի երկրորդային հասցեատերերի հասցեները: Bcc դաշտում նշվում են այն հասցեատերերի հասցեները, ում հասցեները մյուս ստացողները չպետք է տեսնեն:

Էլ-փոստը թույլ է տալիս նամակին կցել հավելվածներ (attachment-կցորդ)՝ ֆայլերի տեսքով: Դրանք կարող են լինել նկարներ, տարբեր ծրագրերի օգնությամբ ստեղծված փաստաթղթեր, էլեկտրոնային աղյուսակներ և այլ բազմաթիվ տիպերի ֆայլեր:

Էլ-փոստը կարելի է ուղարկել և ստանալ հատուկ միջնորդ ծրագրի օգնությամբ, որն անգլերեն կոչվում է mail user agent (MUA): Միջնորդ ծրագիր օգտագործող էլ-փոստը պահանջում է, որ այն տեղադրված լինի ձեր համակարգչում: Համակարգիչների մեծ մասը վաճառվում է նախապես տեղադրված միջնորդ ծրագրով հանդերձ: Օրինակ՝ դա կարող է լինել Microsoft Outlook-ը (նկ.16): Հայտնի ու հարմարավետ միջնորդ ծրագիր է Mozilla Thunderbird ծրագիրը (http://mozillamessaging.com):

Նկ.16. Outlook Express միջնորդ ծրագիրը

Մի այլ եղանակ է էլ-փոստի հաղորդումը համացանցով, ինչը հնարավորություն է տալիս էլ-փոստը ստանալ և ուղարկել համացանցին միացված ցանկացած համակարգչից: Նամակներն այս դեպքում պահվում են հեռակայված համակարգչում, հետևաբար՝ մատչելի են, անկախ ձեր գտնվելու վայրից:

Էլ-փոստի անվճար հասցե ձեռք բերելը հեշտ է: Կան բազում անվճար էլ-փոստ տրամադրող կայքեր, որոնցից շատ հայտնի են http://gmail.com-ը (նկ.17) և http://mail.yahoo.com-ը: Մի շարք անվճար էլ-փոստ տրամադրող կայքերի հասցեներ բերված են «Հղումներ» բաժնում: «Հոլովակներ» բաժնում ներկայացված են Yahoo! և Gmail համակարգերում գրանցման ընթացքն ու կիրառման սկզբունքները, ինչպես նաև միջնորդ ծրագրի կիրառման օրինակ:

Նկ.17. Gmail համակարգի վեբ միջավայրը

Այսօր ողջ աշխարհում ուսուցչի և աշակերտի հաղորդակցության մեջ գնալով մեծանում է էլ-փոստի դերը: Օրինակ՝ ուսուցիչները կարող են հայտարարություններ և նորություններ հաղորդել միանգամից մի ամբողջ խմբի, կամ կարող են հեռավար ուսուցման նյութեր բաժանել ուսանողներին և նրանցից ստանալ կատարված աշխատանքները (տե՛ս «Հեռավար ուսուցում» բաժինը):

Էլ-փոստը անգնահատելի գործիք է միջմշակութային համատեղ նախագծերում ընդգրկված, տարբեր երկրներում գտնվող աշակերտների աշխատանքը կազմակերպելիս: Աշակերտներն ստանում են լեզվական հմտությունների զարգացման և իրենց երկրների մշակույթի մասին տեղեկությունների փոխանակման հնարավորություն:

Դասարանային քննարկումներից խուսափող երկչոտ և ամաչկոտ աշակերտները հաճախ իրենց ավելի անկաշկանդ և վստահ են զգում էլ-փոստի միջոցով մտքերն արտահայտելիս:

Ի տարբերություն ավանդական նամակագրության, էլ-փոստում ընդունելի է պակաս ձևական գրելաոճը:

Էլ-փոստում զգացմունքներ արտահայտելը հեշտ չի: Խնդրի հնարավոր լուծումներից է այսպես կոչված «էմոտիկոնների» գործածումը: Այդ փոքրիկ ծաղրանկարներն օգտագործեք հաշվենկատորեն, որպեսզի ընթերցողի ուշադրությունը չշեղվի ձեր նամակի բովանդակությունից:

Խուսափեք նամակի տեքստն ամբողջությամբ մեծատառերով հավաքելուց: Դա կարող է ընկալվել ոչ ճիշտ, իբր դուք զայրացած եք և բարձր տոնով եք խոսում:

Ստացվող էլ-փոստի զգալի մասն է կազմում փոստաղբը՝ անսպասելի և հաճախ անցանկալի նամակները: (Մանրամասները տե՛ս «Փոստաղբ» բաժնում): Կոմերցիոն բնույթի փոստաղբից բացի կա ևս մի տեսակ, որ տարածվում է աշխատակիցների և ընկերների միջև: Որոշ մարդիկ նամակի պատճենն ուղարկում են շատ ավելի մարդկանց, քան դա բխում է նամակի բովանդակությունից, կամ էլ տարածում են կատակներ և այլ անլուրջ փոխանցիկ նամակներ, որոնք ոչ բոլորին են հաճելի:

Որոշ «փոխանցիկ» նամակներ կեղծ են կամ մոլորեցնող: Օրինակ՝ ձեզանից կարող են պահանջել նամակը փոխանցել ձեր ծանոթներին: Պատճառ բերելով ոմն ծանր հիվանդ երեխայի, որը թանկ ու շտապ վիրահատության կարիք ունի, նրանք անամոթաբար պահանջում են տարածել այդ նամակը՝ կեղծորեն պնդելով, իբր ինչ-որ ընկերություն կամ կազմակերպություն խոստացել է վճարել ամեն մի փոխանցված նամակի համար:

Էլ-փոստը չարորակ ծրագրերի տարածման սովորական եղանակ է: Հաճախ էլ-փոստի միջոցով են տարածվում վիրուսները և որդերը:

Հասցեատիրոջը հեշտ է մոլորության մեջ գցել՝ քողարկելով ուղարկողին: Դա կարելի է անել պարզապես փոխելով անունը կամ ստեղծելով մտացածին հասցե, օրինակ՝ tork.angegh@gmail.com. Նույնիսկ այն դեպքում, երբ դուք ճանաչում եք ստացված նամակն ուղարկողի հասցեն, բացառված չի, որ ուղարկողի համակարգիչը հակերների կամ վիրուսների ազդեցությամբ «զոմբի» է դարձել: Նման համակարգիչն ինքնաբերաբար անիմաստ կամ կոմերցիոն բնույթի նամակներ է ուղարկում հասցեատիրոջ անունից՝ անհարմարություն ստեղծելով թե՛ ստացողի, և թե՛ ուղարկողի համար:

Ստացվող անցանկալի նամակներում հաճախ կարող են հանդիպել վեբ կայքերի հղումներ, որոնք իրականում հղվում են այլ վեբ կայքերի: Մասնավորապես՝ դա բնորոշ է այսպես կոչված phishing scams (fishing-ձկնորսություն բառի աղավաղված ձևն է, scam-խաբեբայություն, այստեղ օգտագործվում է «պղտոր ջրում ձուկ որսալու» իմաստով) երևույթի համար:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Տարբեր նպատակների համար պահեք տարբեր փոստային հասցեներ: Հասցեներից մեկն օգտագործեք անձնական նամակագրության համար՝ այն չբացահայտելով անծանոթներին:

Նամակներ գրելիս եղեք հակիրճ, մի շեղվեք հիմնական մտքից: Մտածեք ընթերցողի մասին՝ մտքերը շարադրեք կարճ ու հստակ, խուսափեք երկար մեջբերումներից:

Չմոռանաք Subject տողում մի քանի բառով նկարագրել նամակի բովանդակությունը: Դա կօգնի հասցեատիրոջը համոզվել, որ նամակն իսկապես ձեզանից է, իսկ հետագայում կհեշտացնի դրա որոնումը:

Ուշադրություն դարձրեք ուղարկվելիք նամակների ծավալին: Օգտվեք Reply-to-all (պատասխանել բոլորին) տարբերակից միայն այն դեպքում, երբ To և Cc դաշտերում նշված բոլոր հասցեատերերն իսկապես պատասխանի են սպասում: Խուսափեք նամակներն ուղղել այն մարդկանց, ում դա չի ուրախացնի:

Կարիք չկա ամեն 10 րոպեն մեկ ստուգել, արդյոք նոր նամակներ չե±ն ստացվել: Շատերի համար փոստ ստուգելը ուսմանը և աշխատանքին խանգարող հանգամանք է դառնում:

Էլ-փոստով անձնական կամ գաղտնի բնույթի տեղեկություններ ուղարկելիս լուրջ մտածեք անվտանգության մասին: Օրինակ՝ ձեր կամ ձեր ծնողների բանկային հաշվի մանրամասները կարող են բացահայտվել կողմնակի մարդկանց, քանի որ էլ-փոստը դժվար չի հափշտակել և ուղղել այլ հասցեով:

Նամակ կազմելիս գերադասեք plain text only – պարզ տեքստ տարբերակը: Html տարբերակը թեև արտաքուստ ավելի հրապուրիչ է, սակայն խոցելի է չարորակ ծրագրերի տարածման առումով:

Վերապահորեն ընդունեք ստացվող նամակները: Մի բացեք այն նամակները, որոնց ծագմանը չեք վստահում: Աշխատեք անտեսել և չբացել այն նամակները, որոնց ուղարկողին չեք ճանաչում:

Հատկապես զգուշացեք հավելվածներից: Եթե դուք հավելված չեք սպասում ձեզ ուղղված նամակում կամ որևէ այլ պատճառով չեք վստահում դրան՝ հեռացրեք նամակն առանց բացելու: Նույնիսկ հայտնի և վստահելի ուղարկողներից ստացված նամակների հավելվածները բացելուց առաջ հակավիրուսային ծրագրի միջոցով հարկավոր է համոզվել, որ դրանք վիրուսներից զերծ են:

Լրացուցիչ խորհուրդներ կարող եք գտնել «Փոստաղբ» և «Անվտանգության խնդիրներ» բաժիններում: