ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ

Ակնթարթային հաղորդակցումը (instant messaging) (հաճախ օգտագործվում է chat բառը, բառացի թարգմանությամբ՝ զրույց) տեքստային հաղորդագրությունների արագ փոխանակման համակարգ է նույն համակարգչային ցանցին կամ համացանցին միացված համակարգիչների միջև: Հաղորդակցման այս միջոցի առանձնահատկությունն այն է, որ հաղորդագրությունները զրուցակցին հասնում են գրեթե նույն պահին և ինտերակտիվ երկխոսության հնարավորություն են տալիս: Դրանից օգտվողները կարող են խոսել միաժամանակ բազմաթիվ մարդկանց հետ (ակնթարթային հաղորդակցման սենյակներ-Chat rooms) կամ շփվել մեկ առ մեկ, կամ փոքր խմբերով՝ օգտագործելով ակնթարթային հաղորդակցման ծրագրեր (Skype, ICQ, Yahoo Messenger և այլն):

Ակնթարթային հաղորդակցման սենյակներում դուք կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող սենյակը: Ցանկալի է, որ սենյակը գործող մոդերատոր ունենա: Կան բազմաթիվ թեմատիկ սենյակներ, որտեղ դուք կարող եք մտնել և շփվել այլ այցելուների հետ: Սենյակ մտնելուն պես դուք կտեսնեք մյուս մասնակիցների զրույցը, կկարողանաք ծանոթանալ քննարկման ընթացքին և ցանկացած պահից մասնակցել խոսակցությանը՝ մուտքագրելով ձեր հաղորդագրությունը և սեղմելով «Ուղարկել» կոճակը: Եթե ցանկանաք հաղորդագրությունն ուղարկել սենյակի մասնակիցներից կոնկրետ մեկին, այլ ոչ թե բոլորին, ցուցակից կարող եք ընտրել այդ օգտագործողի անունը և ձեր հաղորդագրությունն ուղարկել այդ մարդուն:

Ակնթարթային հաղորդակցման ծրագրերը թույլ են տալիս ստեղծել սեփական կոնտակտների ցանկ, ուր կարող եք ներառել միայն այն մարդկանց, ում հետ ցանկանում եք շփվել: Նման ծրագրերն ունենում են հրավիրման համակարգ, որով կարող եք ձեր ծանոթներին կոնտակտների ցանկին միանալու առաջարկ անել: Ծրագիրն աշխատեցնելիս առանձին պատուհանով բացվում է կոնտակտների ցանկը, որտեղ նաև նշվում է, թե ովքեր են այդ պահին առցանց: Սեղմեք սլաքը այն անձի անվան վրա, ում հետ ցանկանում եք խոսել, և երկխոսության պատուհան կբացվի: Գրեք ձեր հաղորդագրությունը, սեղմեք «Ուղարկել» կոճակը, և այն տեսանելի կդառնա ձեր զրուցակցին:

Ակնթարթային հաղորդակցումը պատկանում է ոչ-ֆորմալ շփվելաձևերի շարքին և երկու կամ մի քանի մարդկանց դեմառդեմ խոսակցության է նման: Սովորաբար հաղորդակցումն ընթանում է տեքստային ռեժիմում, սակայն երբեմն դրան կարող են ավելանալ նաև տեսա- կամ ձայնային տեղեկատվության փոխանակման տարրեր՝ ականջակալներ, միկրոֆոններ և վեբ տեսախցիկներ (web camera):

Ակնթարթային հաղորդակցման առաջին ծրագրերում հաղորդագրությունները, մուտքագրվելու ընթացքում, հայտնվում էին հասցեատիրոջ էկրանին, և տեսանելի էին գրելու ընթացքը, ջնջումները, ուղղումները: Դա ավելի շատ նմանվում էր հեռախոսային հաղորդակցման, քան հաղորդագրությունների փոխանակման: Սակայն ակնթարթային հաղորդակցման ժամանակակից ծրագրերում հասցեատերը տեսնում է ուղարկողի հաղորդագրությունը միայն այն պահին, երբ վերջինս դա հաստատում է:

Ակնթարթային հաղորդակցման ծրագրերի մեծ մասը թույլ են տալիս նշել անհասանելիության պատճառը կամ ձեր տրամադրվածությունը խոսակցությանը (զբաղված եմ, չխանգարեք, գնացել եմ ճաշելու, պատրաստ եմ զրուցելու և այլն): Այս ծրագրերից շատերը զրուցակիցներին միմյանց հետ ֆայլեր փոխանակելու հնարավորություն են տալիս:

Ակնթարթային հաղորդակցումն ունի իր սեփական լեզուն: Քանի քննարկումներ ընթանում են իրական ժամանակում, կարճ գրելաձևերի անհրաժեշտություն է ծագում, մասնավորապես՝ բառերի կարճացում, բառերի կոդավորում, հեղինակի հոգեվիճակն արտահայտելու համար հատուկ նշանների կիրառում (այսպես կոչված, էմոտիկոններ - emoticones) և այլն: Օրինակ «շնորհակալություն» երկար բառը գրելու փոխարեն կարող է գրվել «10x» (անգլերենում 10 թիվը կարդացվում է «թեն», «x> տառի հետ՝ «թենքս», ինչը արտասանությամբ նման է անգլերեն բառի արտասանությանը, որը թարգմանաբար նշանակում է շնորհակալություն), կամ ուրախ տրամադրությունը ցույց տալու համար կարող է գրվել «:-)» (այս տեքստի պատկերը եթե 90 աստիճանով շուռ տանք, կնմանվի ժպտացող մարդու, որտեղ «:» նշանն աչքերն են, «-» նշանը՝ քիթը, «)» նշանը՝ բերանը):

Կիրառվող կրճատումներն այժմ գրեթե բոլոր հիմնական ծրագրերի կողմից հաճախ ավտոմատ կերպով վերածվում են դիմային պատկերների, որոնք այլ կերպ կոչվում են սմայլեր կամ սմայլիկներ (smiley, անգլերեն smile - ժպիտ բառից):

Համացանցում կան ակնթարթային հաղորդակցման բազմաթիվ անվճար ծրագրեր: Որևէ որոնման համակարգում որոնելով «chat» բառը, կգտնեք բազմաթիվ համապատասխան ծրագրեր տրամադրող կայքերի հղումներ: Կան բազմաթիվ առցանց արագ նամակագրության համակարգեր, այնպիսիք, ինչպիսիք են Yahoo! Messanger-ը (http://messenger.yahoo.com/features/chatrooms), ICQ-ն (http://www.icq.com, նկ.29), AOL Chat-ը (http://peopleconnection.aol.com/main) և այլն, որոնք տրամադրում են արագ նամակագրության տարբեր թեմատիկ սենյակներ: Օգտվողները հաճախ պետք է բեռնեն փոքր ծրագիր և գրանցվեն այս համակարգում, որպեսզի ստանան մուտքի անուն և գաղտնաբառ:

Նկ.29. Icq.com կայքը

Սակայն այսօր ակնթարթային հաղորդակցման ծրագրերը (Skype - http://skype.com, ICQ - http://icq.com, Google Talk - http://google.com/talk/ (նկ. 30), Yahoo! Messenger - http://messenger.yahoo.com և այլն) այժմ ավելի մեծ տարածում ունեն, քան ակնթարթային հաղորդակցման սենյակները:

Նկ.30. Google Talk ծրագիրը

Հաշվի առնելով, որ նման համակարգերում դուք եք ստեղծում ձեր կոնտակտային ցանկերը և ընտրում այն մարդկանց, ում հետ ուզում եք շփվել, այս տիպի հաղորդակցությունը համարվում է առավել անվտանգ, քան ակնթարթային հաղորդակցման վիրտուալ սենյակներում:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Քանի որ ակնթարթային հաղորդակցման համակարգով խոսակցությունների ժամանակ միշտ չէ, որ կարելի է ցույց տալ տրամադրությունն ու խոսքի տոնայնությունը, որն առօրյա խոսակցությունների ժամանակ արտահայտվում է առոգանությամբ, ձայնի բարձրությամբ, շեշտադրությամբ, դեմքի արտահայտությամբ և այլ նշաններով, հաճախ ասվածը կարող է այլ կերպ ընկալվել: Օրինակ կատակով ասված խոսքը կարող է ընկալվել որպես ագրեսիվ դիմելաձև: Այս երևույթի դեմն առնելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել վարվելակերպի կանոններին, ինչպես նաև հնարավորինս ճիշտ կիրառել կոչականներն, ինչպես նաև էմոտիկոններն ու սմայլերը:

Հաղորդակցման ընթացքում եղեք նույնքան քաղաքավարի, ինչքան կլինեիք դեմառդեմ շփման ժամանակ: Հիշեք, որ նույնիսկ պատահականորեն գրված սխալ հաղորդագրությունը կարող է ինչ-որ մեկին վիրավորել:

Երբ ակնթարթային հաղորդակցման համակարգերի միջոցով շփվում եք անծանոթների հետ, պետք է հիշել, որ ձեր զրուցակիցը, միգուցե, իրականում այնպիսին չէ, ինչպիսին իրեն ներկայացնում է առցանց:

Ակնթարթային հաղորդակցման սենյակներից օգտվելու դեպքում ընտրեք այնպիսի սենյակներ, որոնք համապատասխանում են ձեր տարիքին և ունեն գործող մոդերատոր (վերահսկող): Տվյալ սենյակի կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի ի հայտ գալու պարագայում տեղեկացրեք մոդերատորին և կասեցրեք նման դեպքերը:

Աշխատեք հաղորդագրություններ գրել, եթե հստակ կերպով համոզված եք, որ ասելիք ունեք և մի գրեք պարզապես գրելու համար: Աշխատեք գրել ինչքան հնարավոր է հակիրճ, քանի-որ տեքստային հաղորդակցության ժամանակ դա խիստ կարևոր է:

Ակնթարթային հաղորդակցման համակարգերի մուտքի անունն ու գաղտնաբառը ոչ մեկին մի տվեք:

Ակնթարթային հաղորդակցման սենյակում օգտագործեք ձեր սեռը չբացահայտող անուն, երբեք մի տրամադրեք անձնական տեղեկատվություն և մի տեղադրեք ձեր լուսանկարները:

Մի մոռացեք նաև ֆայլերի փոխանակման անվտանգության կանոնների մասին, քանի որ դուք կարող եք վտանգել ձեր և ձեր զրուցակցի համակարգչի անվտանգությունը: Ձեր հակավիրուսային ծրագրով միշտ ստուգեք ուղարկվող և ստացվող ֆայլերը: