ԲԼՈԳՆԵՐ

Բլոգները վեբ կայքեր են, որոնց բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են: Գրառումները կարող են պարունակել տեքստ, պատկերներ, մուլտիմեդիա: Բլոգ բառն առաջացել է անգլերեն web և log (վեբ և գրանցում) բառերի համադրությունից: Բլոգներն, ըստ էության, ցանցային օրագրեր են, բայց, ի տարբերություն օրագրերի, բլոգները նախատեսված են նաև «կողմնակի աչքի» համար: Բլոգներում գրառումները դասավորվում են ժամանակագրությանը հակառակ հերթականությամբ, ինչը նշանակում է, որ կայքի այցելուն սկզբից տեսնում է վերջին գրառումը:

Բլոգները նաև մեկնաբանությունների ու քննարկումների հնարավորություն են տալիս:

Ընդունված է բլոգների հեղինակներին կոչել բլոգերներ (հայերեն, գուցե, բլոգագիրներ):

Բլոգները կարող են ունենալ մեկ հեղինակ, կամ էլ դրանք կարող են վարվել հեղինակների խմբի կողմից: Կան թեմատիկ բլոգներ և ընդհանուր, լայն բովանդակության բլոգներ:

Հիմնականում բլոգները կրում են անձնական բնույթ, դրանցում բլոգի հեղինակի մտորումներն են, նախասիրությունները: Նեղ ուղղվածության բլոգներից հաճախ են հանդիպում.

Քաղաքական բլոգները, որոնք վարում են քաղաքական գործիչները կամ հրապարակախոսները, հանդիպում են նաև կուսակցությունների ու քաղաքական խմբավորումների կողմից համատեղ վարվող բլոգներ,

Ճանապարհորդական բլոգները, որտեղ մարդիկ պատմում են իրենց ճանապարհորդական տպավորությունների, տեղի սովորույթների, մարդկանց մասին, խորհուրդներ տալիս, թե որ երկրում ինչպես է պետք պահել, խոսում են երթուղիների մասին և այլն,

Կրթական բլոգները հաճախ վարում են կրթական հաստատությունները: Դրանցումլ քննարկվում են կրթական գործընթացները, առկա խնդիրները, մեթոդները,

Երաժշտական բլոգները, որոնցում հեղինակները ներկայացնում են իրենց երաժշտական նախասիրություններն ու իրենց սիրած երաժիշտներին, խմբերին, երգիչներին, երաժշտական աշխարհի նորությունները և այլն:

Բլոգները նաև շատ հարմար միջավայր են արվեստագետների, մասնավորապես՝ գրողների համար, որը նրանց հնարավորություն է տալիս իրենց ստեղծագործությունները ներկայացնել լայն հասարակությանը, կազմակերպել դրանց քննարկումը, լսել գնահատականներ:

Բլոգները հրաշալի միջոց են տեղեկատվություն տարածելու ու ստանալու համար: Եթե պատմությունը պետք է պատմել, օրինակ, երեսուն ընկերներին առանձին-առանձին, փոխարենը կարելի է գրել բլոգում, ու դա հասանելի կլինի բոլոր երեսունին: Ընդ որում, յուրաքանչյուր ընթերցող ինքը կընտրի՝ շարունակում է ընթերցումը, թե թեման իրեն չի հետաքրքրում: Բլոգները հաճախ են կիրառվում նաև հուշերը գրառելու ու այդպես պահպանելու համար:

Բլոգները կարող են լինել առանձին դոմենով, սեփական ծրագրային ապահովմամբ, բայց կարող են նաև ընդհանուր բլոգային համակարգի մաս կազմել: Բլոգային հայտնի համակարգեր են՝ http://www.wordpress.com, http://www.livejournal.com, http://www.blogger.com: Այսպիսի համակարգերում գրանցվելիս և սեփական բլոգը ստեղծելիս բոլորովին պետք չէ իմանալ վեբ ծրագրավորում: Գրանցվելուց հետո դուք ստանում եք երկրորդային դոմենային հասցե (օրինակ՝ anun.wordpress.com), որում պատրաստի գործիքների օգնությամբ կարող եք վարել ձեր բլոգը: Գրանցվելով համակարգերից մեկում, ձեր այդ գրանցումն օգտագործելով՝ դուք կարող եք մեկնաբանություն թողնել համակարգում գրանցված մյուս բլոգներում: Ավելին՝ վերը նշված բլոգային համակարգերը թեև տարբեր կազմակերպությունների նախագծեր են, բայց դրանց միջև ստեղծված է կամուրջ, ինչը հնարավորություն է տալիս մի համակարգում գրանցված լինելով՝ մասնակցել մյուս համակարգի բլոգներից որևէ մեկի քննարկմանը: Այսպիսով ստացվում է հսկայական բլոգային ցանց:

Ամեն բլոգային համակարգ տալիս է իր յուրօրինակ հնարավորությունները: Օրինակ, livejournal-ը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր գրառման համար ընտրելու ընթերցողների շրջանակ և գրառումներ կատարել միայն ձեր ընտրած մարդկանց համար, մասնավորապես՝ ընկերների: Wordpress-ն իր հերթին հնարավորություն է տալիս ցանկացած գրառում պաշտպանել գաղտնաբառով, ինչը նշանակում է, որ այն ընթերցել կկարողանան միայն այն անձինք, ում դուք գաղտնաբառն ասել եք:

Բլոգային համակարգերում գրանցումն ու դրանք կիրառելու նմուշներ կարող եք գտնել ձեռնարկին կից սկավառակում:

Wordpress համակարգը նաև անվճար տարածում է իր ծրագրային մասը (http://www.wordpress.org), որը տեղադրելով առանձին դոմենում՝ կարող ենք ունենալ սեփական բլոգը:

Նկ.24. WordPress բլոգային համակարգը

Հայկական բլոգային համակարգ է http://www.f5blog.com-ը, որը կառուցված է wordpress համակարգի հենքի վրա: Համակարգը հնարավորություն է տալիս գրանցվել ու սեփական բլոգային գրառումները անել, մասնակցել մյուս գրանցվածների գրառումների քննարկումներին, բայց ամեն բլոգի համար առանձին երկրորդային դոմեն չի տրամադրվում:

Հայ օգտագործողների մի շարք բլոգների հասցեներ են ներկայացված հետևյալ հասցեներում. http://armenianforums.com/armenian-blogs.htm և http://armenianforums.com/armenian-livejournal.htm: Ավելի մեծ քանակությամբ բլոգներ կարելի է գտնել որոնման համակարգերի միջոցով որոնում կազմակերպելով:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Գրանցվեք բլոգային համակարգերից որևէ մեկում, ընտրեք ձևավորում, թեմա և պարբերաբար թարմացրեք այն: Բլոգներում գրելը կօգնի ձեզ վարժվել մտքերն ավելի հստակ ու պարզ ձևակերպելու հարցում: Այցելուների առկայությունն ու արված մեկնաբանությունները ձեր մեջ կավելացնեն պատասխանատվության զգացումը՝ անընդհատ նոր ու հետաքրքիր գրառումներ անելու համար:

Բլոգային գրառումներ անելիս կամ այլոց բլոգներում մեկնաբանություններ գրելիս« խուսափեք գրառումները միայն մեծատառերով անելուց, ընթերցողը դրանք կարող է ընկալել որպես գոռոց: Աշխատեք նյութը գրել առանց ճոռոմաբանության, պարզ, մատչելի, հասկանալի, բայց գրական լեզվով: Հետևեք նաև ուղղագրությանն ու կետադրությանը. այդպիսով համացանցից օգտվելը կդառնա նաև լեզվական գիտելիքներն ամրապնդող գործիք:

Խուսափեք նաև տեքստերի անհարկի ձևավորումներից, նկարների չարաշահումից, գունավորումներից, հատկապեսª վառ ու աչք ցավեցնող գույներից: Մատուցվող նյութի արտաքին տեսքը որքան համեստ լինի, ընթերցողն այնքան ավելի շահագրգռված կլինի այն կարդալ:

Բլոգներում հաճախ են մեջբերումներ անում այլ աղբյուրներից, այդ թվում՝ գրքերից, լրատվական կայքերից, այլ բլոգներից և այլն: Մեջբերում անելուց առաջ համոզվեք, որ դուք այդ աղբյուրից օգտվելու իրավունք ունեք, իսկ մեջբերելու դեպքում անպայման նշեք աղբյուրը: Ձեր բլոգի վարկը կբարձրացնեն հեղինակավոր աղբյուրներից արված մեջբերումները: