ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Շուրջ 20 տարի առաջ, երբ ստեղծվում էր համաշխարհային սարդոստայնի հայեցակարգը, քչերն էին պատկերացնում, թե ընդամենը մի քանի տարի անց ինչ հեղափոխություն է կատարելու այն մարդկանց կյանքում: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդն օգտվում է համացանցից, և այդ թիվը շարունակում է աճել: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Տեղեկատվական անսպառ շտեմարաններ, զանգվածային լրատվամիջոցներ, եղանակի կանխատեսում, թվայնացված քարտեզներ և կողմնորոշման համակարգեր, կապի արագ և էժան միջոցներ, սոցիալական ցանցեր, բանկային ծառայություն, առցանց առևտուր և բիզնես, թվային գրադարաններ և թանգարաններ, երաժշտություն, նկարներ, տեսանյութեր, առցանց խաղեր և ժամանց, առողջապահություն, կառավարում. սրանք միայն մի փոքր մասն են այն ոլորտների, որտեղ համացանցի շնորհիվ արմատապես փոխվել են մարդկանց ապրելու, շփվելու, սովորելու, աշխատելու և հանգստանալու կերպն ու հնարավորությունները:

Համացանցի դերը առանձնահատուկ է կրթության և գիտության ոլորտներում: Այն ստեղծվել ու մշակվել է համալսարաններում՝ նպատակ ունենալով տարբեր երկրներում աշխատող հետազոտողների միջև ապահովել տեղեկատվության ազատ և արագ փոխանակումը: Ակնհայտ է, որ առանց կրթության գիտությունը չի կարող զարգանալ, այդ իսկ պատճառով համացանցում շատ արագ տեղադրվեցին մեծածավալ կրթական պաշարներ, որոնք անընդհատ թարմացվում են: Դրանց մեջ ներառվել են առցանց գրադարանները, հեռավար ուսուցման դասընթացները և բազմաբնույթ այլ ուսումնական նյութեր:

Համալսարաններից հետ չեն մնում նաև հանրակրթական դպրոցները: Շատ երկրների դպրոցական կայքերում հրապարակվում են ուսումնական նյութեր, դասերի պլաններ, ուսուցիչների փորձի փոխանակում այլ դպրոցների գործընկերների հետ, իսկ աշակերտները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, նամակագրություն են հաստատում հասակակիցների հետ, մասնակցում համատեղ միջազգային նախագծերի:

Հայաստանի դպրոցների գրեթե կեսն արդեն միացել է համացանցին և բավականաչափ հագեցած է համակարգչային սարքավորումներով: Մի շարք կառավարական, ոչ կառավարական և միջազգային կազմակերպություններ զբաղված են միջոցներ հայթայթելով, որպեսզի մեր դպրոցների տեխնիկական հագեցվածությունն ու համացանցի կապի որակը պատշաճ մակարդակի հասնի:

Ներկայումս համացանցին միացված 644 դպրոցները միավորված են Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ), որը կառավարում և սպասարկում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ): ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում է գտնվում «Կրթական համալիր էջ» պորտալը, որը, տրամադրելով բազմապիսի կրթական պաշարների հարուստ հավաքածու, օգտվողներին հնարավորություն է ընձեռում այդ պաշարները համալրել դպրոցներում իրենց ստեղծած սեփական նյութերով:

Սույն ձեռնարկի նպատակն է մեր դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին օգնել կողմնորոշվել համացանցի օվկիանոսում, ծանոթացնել վերջին տարիներին երևան եկած և այսօր զարգացող մի շարք միջոցների, քաջալերել համագործակցությունն ու ստեղծարարությունը հայկական համացանցի զարգացման համար:

Ձեռնարկին կից լազերային սկավառակում կգտնեք բազմաթիվ օրինակներ և լրացուցիչ նյութեր:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում ԿՏԱԿ-ի աշխատակիցներ Մանուշակ Ավետիսյանին, Արաբո Մարգարյանին և Վահե Երիցյանին՝ ձեռնարկի պատրաստման ընթացքում ցուցաբերած ուշադրության և դիտողությունների, Վազգեն Թորոսյանին՝ համակարգչային ցանցերի բաժնի պատրաստմանն օգնելու, Արսեն Հայրապետյանին՝ Google որոնման համակարգի հնարքների մասին հավելվածի պատրաստմանն օգնելու համար և բազմաթիվ այն մարդկանց, ում հետ քննարկվել են ձեռնարկի նյութերը: