ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՀԱՅԵՐԵՆԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Նախքան հայերենի առցանց գործիքներին անցնելը, տանք մի քանի սահմանում, որոնք անհրաժեշտ են հայերեն հաղորդակցվելու ու հայերեն կայքերը նայելու, աշխատանքը պատկերացնելու համար:

Ստեղնաշարային դասավորությունները սահմանում են, թե ստեղնաշարի որ ստեղնին տվյալ լեզվի այբուբենի որ տառն է համապատասխանում: Ֆոնետիկ (Phonetic) դասավորությունները հիմնվում են ստեղնաշարի ամերիկյան դասավորության վրա և տվյալ ստեղնին համապատասխանեցնում լատինական տվյալ տառին հնչյունով մոտ հայերեն տառը, օրինակ՝ «A»-ին «Ա» տառը, «T»-ին «Տ» տառը և այլն (նկ.43): Գրամեքենային (Typewriter) դասավորությունները որպես կանոն լավ մշակված դասավորություններ են, հաշվի են առնում տվյալ լեզվի առանձնահատկությունները, դասավորված են այնպես, որ «տաս մատով» մեքենագրելիս հաճախ հանդիպող տառերն, օրինակ, լինեն ուժեղ ցուցամատի և միջնամատի հարվածի տակ, այլ ոչ թե թույլ ճկույթի (նկ. 44):

Նկ.43. Ստեղնաշարի ֆոնետիկ դասավորություն


Նկ.44. Ստեղնաշարի գրամեքենային դասավորություն

Տառատեսակների կոդավորումը հասկանալու համար, տառատեսակները պատկերացնենք աղյուսակի տեսքով, որն ունի երկու սյունակ, սյունակներից մեկում կոդեր են, մյուսում՝ տառեր: Ամեն կոդին մեկ տառ է համապատասխանում: Այդ համապատասխանության կանոնը հենց կոդավորումն է:

Հին տառատեսակներում այդ աղյուսակը կազմված էր 256 տողից (8 բիտանոց էին, 28=256 տող): Օրինակ՝ 65-ից 90 տողերը նախատեսված էին լատիներեն A-ից Z մեծատառերի համար, 97-ից 122 տողերը՝ a-ից z փոքրատառերի համար, և այլն: Այս կոդավորումը կոչվում է ASCII կոդավորում և ունի իր մասնավոր դեպքերը: Այդպիսիքից է ArmSCII-8 կոդավորումը (նկ. 45), որում 161-ից 256 տողերը նախատեսված են հայերեն տառերի ու այլ գրանշանների, այդ թվում կետադրական նշանների համար: Բնական է, որ այսպիսի կոդավորումը չի թույլատրում մեկ տառատեսակում պահել բոլոր լեզուների տառերը, և, օրինակ, ռուսական Windows-1251 կոդավորմամբ տառատեսակներում ռուսերեն տառերի համար կիրառվում են ճիշտ նույն տողերը, որոնք ArmSCII-8-ում կիրառվում են հայերենի համար: Սա նշանակում է, որ եթե մեքենագրած տեքստը բազմալեզու էր, նրանում առկա էր թե հայերեն, թե ռուսերեն հատված, ապա ամբողջ տեքստը գրել մեկ տառատեսակով անհնար էր: Ռուսերեն հատվածը պետք էր գրել ռուսերեն տառատեսակով, հայերենը՝ հայերեն:

Նկ.45. ArmSCII կոդավորմամբ տառատեսակում հայերեն տառերի դիրքը

Այս խնդիրը լուծելու համար ներմուծվեց նոր կոդավորում՝ յունիկոդը (Unicode, նկ. 46): Կան 16 բիտանոց ու 32 բիտանոց Unicode տառատեսակներ՝ համապատասխանաբար 216=65536 և 232=4294967296 տողերով: Տողերի քանակը հնարավորություն է տալիս ամեն լեզվի համար առանձնացնել որոշակի տիրույթ և մի ֆոնտի մեջ պահել բոլոր լեզուների, այբուբենների տառերը: Մասնավորապես՝ հայերեն տառերի համար առանձնացված են 1329-ից 1417 և որոշ այլ տողերը, ռուսերենի համար՝ 1025-ից 1119 և որոշ այլ տողեր:

Նկ.46. Unicode կոդավորմամբ տառատեսակում հայերեն տառերի դիրքը (համարները 16-ական համակարգում են)

ArmSCII-8 կոդավորմամբ տառատեսակների հայտնի օրինակներ են Arial Armenian-ը և Arial AM-ը:

Unicode կոդավորմամբ տառատեսակների հայտնի օրինակներ են Arial Unicode-ը և Sylfaen-ը:

Եթե հայերեն տեքստը գրված է ArmSCII-8 կոդավորմամբ, ապա այն նայել Unicode կոդավորմամբ տառատեսակով, օրինակ՝ Sylfaen-ով, չի ստացվի, որովհետև համապատասխան տողերում լրիվ այլ սիմվոլներ, գրանշաններ են:

Մշտապես կիրառեք յունիկոդ կոդավորումը, քանի որ ArmSCII-ը անհամեմատ ավելի անհարմար է և աստիճանաբար անցնում է պատմության գիրկը: Տարբեր կայքերում մեկնաբանություններ թողնելիս, գրառումներ անելիս և այլն օգտագործեք յունիկոդը: Յունիկոդ կոդավորմամբ գրելու համար կարող եք օգտվել Windows օպերացիոն համակարգին ներկցված ստեղնաշարային դասավորություններից, կամ որոշ այլ ծրագրերից, օրինակ՝ KDWin: Ստորև ներկայացված գործիքները ցույց կտան, թե ինչպես կարելի է յունիկոդով տեքստեր մեքենագրել և/կամ ստանալ առցանց:

Այս հավելվածում ներկայացվող գործիքները կհեշտացնեն համացանցում հայերենի գործածումը: Հայկական կայքերում հաղորդակցվելիս, ցանկալի է դա անել հենց հայերենով՝ օգտագործելով հայոց այբուբենի տառերը: Շատերը բողոքում են, որ չեն կարող հայերեն մեքենագրել, չունեն անհրաժեշտ ծրագրային ապահովում: Այս հավելվածում ներկայացվում են նաև այդ խնդիրը լուծող գործիքներ:

Տրանսլիտ

Համացանցային հաղորդակցման ժամանակ բավական տարածված են տրանսլիտային գրառումները: Տրանսլիտ է կոչվում մի լեզվի այբուբենի տառերով այլ լեզվով կատարված գրությունը: Հայկական համացանցում ամենատարածվածը լատինական այբուբենի տառերով հայերեն գրառումներն են, հանդիպում են նաև կիրիլիկ տառերով հայերեն գրառումներ: Որքան էլ որ առաջին հայացքից այսպես գրելը կարող է առավել հեշտ ու մատչելի թվալ (թվում է, թե պետք է ընդամենը մեկ ստեղնաշարային դասավորության վարժվել՝ ամերիկյանին), տրանսլիտով գրված տեքստերը համարվում են վատը: Այսպիսի գրառումներն ավելի դժվար է ընթերցել, քան հայերեն տառերով գրառումները: Որոնման համակարգերի միջոցով տվյալ նյութը գտնելը դառնում է անհամեմատ ավելի բարդ, այդպիսի տեքստերը տգեղ են և տհաճ: Էլ չասած, որ վայել չէ սեփական այբուբենն ունեցող և այդ այբուբենի հնությամբ ու պատմությամբ հպարտացող ժողովրդին հաղորդակցվել այս մեթոդով:

Այս խնդիրը լուծելու լավագույն տարբերակը տեքստերը հայերեն մեքենագրելն է, բայց եթե, այնուամենայնիվ, ունեք տրանսլիտով տեքստեր, ապա ձեզ կօգնեն հետևյալ միջոցները:

http://hayeren.am կայքում մտեք «Փոխարկիչ» բաժինը: Ձեր ունեցած տրանսլիտով տեքստը պատճենեք բացված էջի առաջին դաշտում, փոխարկման ցանկից ընտրեք «Translit-Տրանսլիտ» տարբերակը և սեղմեք «Փոխարկել» ստեղնը: Երկրորդ դաշտում կստանաք հայերեն տառերով տեքստը, որը կարող եք պատճենել ու օգտագործել այնտեղ, որտեղ պետք է (նկ. 47-ում պատկերված է ծրագրի աշխատանքի արդյունքը): Hayeren.am նախագիծն այս փոխարկիչի ծրագրային կոդն անվճար տրամադրում է բոլոր ցանկացողներին՝ կայքերում տեղադրելու համար, պահանջելով միայն հեղինակային իրավունքի մասին հիշատակում:

Նկ.47. hayeren.am կայքում տրանսլիտի փոխարկումը

Փոխարկված տեքստն անպայման ստուգեք: Քանի որ տրանսլիտի տարբերակները բազում են, տարբեր մարդիկ տարբեր կերպ են նույն բառերը գրում այլ լեզվի այբուբենով, ապա հավանական է, որ փոխարկված տեքստում վրիպակներ լինեն, որոնք շտկելու կարիք կա: Սրա պատճառն այն է, որ փոխարկող ծրագիրը գործում է որոշակի կանոններով, որոշակի լատիներեն տառերին ու տառերի համախմբերին հայերեն տառերի որոշակի համապատասխանություն դնելով:

Մեկ այլ տրանսլիտից հայերեն փոխարկիչ կարող եք գտնել http://am.translit.cc կայքում: Այս կայքում կան տարբեր լեզուների տրանսլիտների փոխարկիչներ, այդ թվում՝ հայերենի: Հայերեն տրանսլիտի փոխարկիչ կա նաև http://www.genocide.ru/translit/convert.html կայքում, ինչպես նաև http://translit.am կայքում, որն օգտագործում է hayeren.am նախագծի ծրագրային կոդերը: Այլ փոխարկիչներ կարող եք գտնել որոնման համակարգերի օգնությամբ:

Վիրտուալ ստեղնաշար

Եթե ձեր համակարգչում առկա չեն հայերեն մուտքագրում ապահովող ծրագրեր, ապա ձեզ օգնության կհասնեն այսպես կոչված առցանց վիրտուալ ստեղնաշարերը:

Նման վիրտուալ ստեղնաշար կարող եք գտնել http://hayeren.am կայքում: Մտեք կայքի ստեղնաշար բաժինը: Բացված էջում կա տեքստի ներմուծման դաշտ: Եթե «Միացնել հայերենը» վանդակը նշված է, ապա, ներմուծման դաշտում ստեղնաշարով տեքստ հավաքելիս, կմեքենագրվի հայերեն: Համակարգն առաջարկում է 4 ստեղնաշարային դասավորություններ, երկու ֆոնետիկ դասավորության տարատեսակ և 2 գրամեքենային դասավորության տարատեսակ: Ընտրեք ձեզ հարմարը և մեքենագրեք դրանով: Եթե անհրաժեշտ է ներմուծել անգլերեն տառեր, ապա «Միացնել հայերեն» վանդակը հանեք նշումից կամ մկնիկի օգնությամբ, կամ էլ՝ սեղմելով ստեղնաշարի ստեղնը:

Ինչպես տրանսլիտի փոխարկիչն, այնպես էլ այս վիրտուալ ստեղնաշարի ծրագիրը hayeren.am նախագիծը թույլատրում է ազատ գործածել այլ կայքերում՝ նշելով հեղինակային իրավունքի տողը: Սա հնարավորություն է տալիս հայերեն հաղորդակցման հարթակներում և հայերեն այլ բովանդակությամբ կայքերում ներառել այդ ծրագիրը, ինչը կհեշտացնի օգտագործողի հայերեն մուտքագրումը: Մասնավորապես, ծրագիրն արդեն իսկ կիրառվում է http://akumb.am, http://banber.am, http://louysworld.com, http://translit.am, http://translator.am և այլ կայքերում:

Փոխարկիչներ

Ժամանակակից կայքերն ու ծրագրերն աշխատում են Unicode կոդավորմամբ: Այս կոդավորումը շատ ավելի ճկուն է, քան նախկինում եղած ASCII և դրա տարատեսակ ArmSCII կոդավորումները, թույլատրում է մեկ տառատեսակում ունենալ բոլոր հնարավոր լեզուների տառերը, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլն: Սրանում ավելի լավ են կազմակերպված մի շարք խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, մեծատառից փոքրատառի անցումը և այլն: Բայց երբեմն կարող է ձեր ձեռքին լինի ArmSCII կոդավորմամբ տեքստ, որը պետք է տեղադրեք Unicode կոդավորումն օգտագործող կայքերում:

Նման դեպքերում ձեզ օգնության կհասնեն ArmSCII-Unicode փոխարկիչները: Կան դրանց առցանց տարբերակներ, մասնավորապես՝ http://hayeren.am կայքում կարող եք մտնել փոխարկիչներ բաժինը, բացված էջի առաջին դաշտում պատճենել ArmSCIIով տեքստը, փոխարկման ցուցակից ընտրել «ArmSCIIUnicode> տարբերակը, ապա, սեղմելով «Փոխարկել» ստեղնը, հաջորդ դաշտում կստանաք Unicode կոդավորմամբ տեքստը, որը կարող եք պատճենել և օգտագործել որտեղ կամենաք:

Ցանկում կան նաև փոխարկման այլ տարբերակներ, ինչպիսիք են՝ Unicodeից ArmSCII փոխարկումը, մեծատառերով տեսքտը փոքրատառերով սարքելը և հակառակը, նախադասության բոլոր բառերի միայն առաջին տառերը մեծատառ սարքելը, տառերի փոխարեն դրանց կոդային տարբերակներն ստանալը:

Շատ հարմար երկկողմանի փոխարկիչ է ներկայացված նաև հետևյալ հասցեում՝ http://egern.net/auc.htm: Աշխատանքի սկզբունքը նույնն է: Կայքի աջ մասում ներկայացված են փոխարկվող գրանշանները:

ArmSCIIից Unicode մեկ այլ առցանց փոխարկիչ կարող եք գտնել http://www.genocide.ru/translit/convert.html կայքում:

Իսկ Network.am կայքի հայերեն սպասառու ծրագրերի բաժնում (http://network.am/Categories/Utilit/Armenian) կարող եք գտնել անվճար հիմունքներով տարածվող ու հայերենի հետ աշխատող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ կոդավորման փոխարկիչներ:

Տեքստի թարգմանություն

Հաճախ կարևոր խնդիր է այլ լեզուներով տեքստը հայերեն թարգմանելը: Հայկական համացանցում և, ընդհանրապես, ՏՏ ոլորտում այս խնդիրը դեռևս լիովին լուծված չէ, և առանձնանում է http://translator.am կայքը (նկ. 48): Բացելով կայքը և ընտրելով «Տեքստի թարգմանում» բաժինը, բացված էջի առաջին դաշտում պատճենեք անգլերեն տեքստն ու սեղմեք <Թարգմանել» կոճակը: Կարճ ժամանակ անց երկրորդ դաշտում կստանաք հայերեն թարգմանված տեքստը:

Նկ.48. Translator.am կայքը՝ թարգմանության նմուշով

Այլ լեզուներից հայերեն թարգմանելու համար կարող եք համացանցում գտնել այդ լեզվից անգլերեն առցանց թարգմանող կայքեր (օրինակ՝ կատարելով «russian to english translation» որոնումը), ձեր տեքստը թարգմանել անգլերեն, ապա այդ թարգմանությունը բերել http://translator.am և թարգմանել հայերեն: Բայց հաշվի առեք, որ այս դեպքում թարգմանության որակը բավական ցածր է լինելու: Խնդիրն այն է, որ թարգմանության կատարյալ համակարգ չկա, և բոլոր նման համակարգերը թարգմանում են մոտարկումներով: Լրացուցիչ միջնորդ կիրառելը լրացուցիչ վատացնում է թարգմանության որակը:

Բառարաններ

Եթե ձեզ պետք են ոչ թե տեքստերի թարգմանություններ, այլ՝ կոնկրետ բառերի, ապա ձեզ կբավարարեն առցանց բառարանները: Ստորև կներկայացնենք հայերեն մի քանի առցանց բառարաններ:

Այսպես, http://hayeren.am կայքի «Բառարան» բաժնում կգտնեք «հայերեն-ֆրանսերեն» առցանց, բավական հարուստ բառապաշարով բառարանը, իսկ կայքի հեղինակները նախատեսել են մոտակա ժամանակում ավելացնել նաև այլ լեզուներով բառարաններ:

http://dictionary.hayastan.com կայքում կգտնեք հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն բառարաններ:

http://translator.am կայքի «Բառարան» բաժնում (http://translator.am/am/dictionary.html) կա «հայերեն-անգլերեն» և «անգլերեն-հայերեն» բառարան:

Հայտնի առցանց http://www.websters-online-dictionary.org բառարանի կայքում կա նաև հայերենի հատված (հայերենից անգլերեն բառարան), որը հասանելի է http://www.websters-online-dictionary.org/translation/Armenian/ հասցեով:

Մեկ այլ առցանց բառարան է http://hy.wiktionary.org կայքը: Սրա առանձնահատկությունն այն է, որ այն կարող է խմբագրել կամ լրացնել ցանկացած ոք: Այստեղ կա հայերենի բացատրական բառարան, ինչպես նաև ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, իսպաներենից, գերմաներենից, վրացերենից, ճապոներեն և բազում այլ լեզուներից՝ հայերեն բառարաններ: Այս բառարանում բառերի քանակն աստիճանաբար ավելանում է:

Բազմալեզու (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն և այլն) բառարան կարող եք գտնել http://www.menq.am/dictfl/flash.html կայքում:

Ռուսերենից հայերեն բառարաններ կարող եք գտնել հետևյալ հասցեներում. http://o-db.ru/en/dictionaries/russian_armenian/, http://brrn.armenia.ru/, http://czudovo.info/lan.php?ln=hy:

Տեքստի ստուգում

Մեկ այլ կարևոր խնդիր է մեքենագրված տեքստերը համակարգչային ծրագրերի օգնությամբ ստուգելը: Այլ լեզուներով տեքստերը ստուգելու համար կան ոչ միայն բազում, այդ թվում՝ անվճար ծրագրեր, այլև՝ առցանց ծրագրեր: Հայկական համացանցում դեռևս նման առցանց ծրագիր չկա, բայց արդեն իսկ ստեղծվել է հայերեն տեքստեր ստուգող ծրագիր, որը կարելի է ձեռք բերել http://www.powerspell.am/ կայքից: Հարկ է նշել, որ ծրագիրը վճարովի է:

Այս ծրագիրը գտնում է տառասխալները, առաջարկելով դրանց համապատասխան ուղղումները, որոնցով կարելի է տեղում փոխարինել սխալ գրված բառը: Ծրագիրը նաև ուշադրություն է դարձնում իրար հաջորդող բառերի կապակցություններին՝ առաջարկելով համապատասխան կետադրություն: